–Իսկ նրա՞նք, որ գետնի վրա են կռվում,– սառը ասաց նա։– Նրանք ոչի՞նչ։
Անհարմար դրություն էր, և լավ էր, որ զանգը տվել էին, Ալեքսանդրա Եմելյանովնան ներս մտավ, և մենք բոլորս ոտքի կանգնեցինք։ Մի երկու րոպե չէր անցել դասից, դուռը ծեծեցին։ Ինձ էին կանչում։
–Ո՞վ է կանչում,– միջանցքում հարցրի իմ ետևից ընկած փոքրիկ տղային։
–Զինվորական է, մենք դրսում խաղում էինք, ասաց գնա կանչիր։ Ճամպրուկով է։
Ձեռքերս աստիճանների ողորկ բազրիքի վրայով սահեցնելով վազեցի առաջին հարկ՝ այնտեղից՝ բակ։ Բակի մի ձայրում, դարպասի մոտ, կանգնել էր Վլադիմիր Իգնատևիչը։
–Բարև, քույր իմ,– շփոթված ասաց նա, քիչ առաջ գալով։-Ես եմ կանչել։ Եկա հրաժեշտ տալու։
–Գնո՞ւմ եք։
–Այո։ Հուսով եմ, որ կհանդիպենք,– փորձ անելով ժպտալ, ասաց նա։– Եթե ոչ մեկ, կամ երկու տարի հետո, գոնե տասը տարի անց։ Դա արդեն հաստատ է։ Իսկ հիմա մնաք բարով։– Նա սեղմեց ձեռքս։
–Գնացեք բարով,– շշնջացի ես, պատրաստ արտասվելու։ Այդ պահին, չգիեմ ինչու, համոզված էի, որ մենք չենք հանդիպի այլևս։– Ձեզ պահպանեցեք․..
–Ինչպես երգում՝ մի խնայեք ձեզ, բայց տուն վերադարձեք շուտով…– ժպտաց նա։
–Այո,– ցածր ասացի ես։
Իմ ձեռքը, ինչպես փոքրիկ թռչնակ, նա ափի մեջ էր դեռ։
–Շնորհակալություն,– ժպտաց նա և ժպիտի միջից ասաց.– ձեր պատգամը, ինչպես սրբավանդ օրհնանք, կհիշեմ։ Իսկ ձեզ կհիշեմ միշտ։ Եվ, եթե չուզենամ էլ հիշել՝ չեմ կարող։ Դե,-հանկարծակի կարմրելով ասաց նա։– Մնացեք բարով։ Ու հիշեցեք երբեմն լեյտենանտ Վլադիմիր Բեսսոնովին։
Ես նրան բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթեցի։ Նա գնում էր արագ, առանց ետ նայելու, երբեմն կորչում էր կաթնամշուշի մեջ ու նորից երևում։ Ես կանգնեցի, մինչև նա գնաց, ձուլվեց մշուշին ու այլևս չէր երևում։ «Բարի ճանապարհ,– շշնջացի ես,– պահպանեցեք ձեզ…»։
Մինչև ուշ երեկո քաշաթուխպը նստած էր մեր Պերվոմայկայի վրա։
Մայա։
Հինգշաբթի, 20 մայիսի 42 թ.: Անցյալ տարի, երբ աղջիկների հետ որոշեցինք օրագիր պահել, երդվեցինք գրել ճշմարտությունը։ «Միայն ճշմարտություն և ուրիշ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»,– այն ժամանակ ասացինք մենք։ Եվ հիմա ես պետք է գրեմ ճշմարտությունը։ Ճշմարտությունը… Ոչ, չեմ կարող։ Չեմ գրի։ Ախր, ինքս առաջարկեցի Բորյային գնալ Կամենկա։ Ինչպիսի ամոթ… Գնա՞նք Կամենկայի ափը,– ասացի ես,– բան ունեմ ասելու»։ Իմ ձայնը դողաց, և ես հանկարծ հիշեցի, թե ինչպես անցյալ աշնանը, հոկտեմբերին, նա ինձ խնդրեց երեկոյան գնալ գրադարանի մոտ։ Այն ժամանակ, հիշում եմ, նրա ձայնը նույնպես դողաց։
–Ե՞րբ,– հարցրեց Բորյան։
–Այս դասից հետո,– ասացի ես։– Հենց որ զանգը տան։ Կգա՞ս։
–Իհարկե,– անվարան ասաց Բորյան։– Դեռ հարցնում է։ Ուր ասես՝ թեկուզ աշխարհի ծայրը՝ կգամ քեզ հետ։ Փախչո՞ւմ ենք դասերից։
–Այո,– ցածր ասացի ես։– Մի անգամ կարելի է։ Մանավանդ, որ գարուն է և Մայիսի Քսանը։
Երկնքում ամպի ծվեն անգամ չկար, երկինքը կապույտ- կապույտ էր՝ ոնց որ լեղակած, դպրոցի այգում անդադար երգում էին թռչունները, բայց լուսամուտներից դասարան էր հորդում փշատենու բույրը, արև էր, և այս բոլորը կանչում էին դուրս. «Շուտ, շուտ, շուտ»։
–Պայուսակս կտամ Տոլյային, կտանի տուն,– ասաց Բորյան։
–Կամաց, ի՞նչ ես գոռում,-կշտամբեցի ես ժպտալով։
–Ներողություն, ծիծաղեց Բորյան և կամացուկ, շշուկով ասաց.– Իսկ դու պայուսակդ ի՞նչ ես անում։ Տուր Ուլյաշային, թող տանի տուն։
–Կվերցնեմ հետս։
Աղջիկներին ասացի վատ եմ զգում ինձ, գնում եմ տուն։ Ուլյան եկավ մինչև վերջին հարկը, ուզում էր ուղեկցել մինչև տուն, չթողեցի։ Իհարկե, եթե իմանա, որ ճիշտ չեմ ասել, կնեղանա։
Ակումբի մոտ թեքվեցի ներքև, դեպի Կամենկա տանող ճանապարհը։ Ճանապարհի շուրջը պատված էր կանաչով ու ծաղիկներով, իսկ ճանապարհը գնալով նեղանում էր, քեթվում, մտնում էր անտառ, հետո, նորից ելնելով այնտեղից, գնում էր ցորենի կանաչ արտերի եզրով։
Ես Բորյային թողել էի դասարանում, որպեսզի ոչ ոք չկասկածի, և պայմանավորվել էինք հանդիպել այնտեղ, ուր Կամենկան ծունկ է տալիս, մտնում անտառ և որտեղից պարզ երևում է մեր Պերվոմայկան։ Եվ շատ զարմացա, երբ հանկարծ նա դուրս եկավ ծառերի արանքից և կանգնեց ճանապարհի մեջ։
–Այս ե՞րբ եկար,– իմ աչքերին չհավատացի ես։
Բորյան ծիծաղեց։
–Կարճ ճանապարհով։ Բանջարանոցների միջով կարճ ճանապարհ կա։ Ամառները այդ ճանապարհով տղաների հետ գալիս ենք Կամենկայում լողանալու։
Հետո Բորյան վերցրեց իմ պայուսակը, և մենք ձեռք- ձեռքի գնացինք նեղ ճանապարհով։ Թեթև հովից խշխշում էր անտառը, բարձրում օրորվում էին ծառերը և վայրի տանձենիների ու սալորենիների ծաղիկները՝ նուրբ ու սպիտակ, թափվում էին մեզ վրա։ Անտառը լուռ էր, մեր ծիծաղը արձագանքվում էր ինչ- որ տեղ, անտառի խորքում։
Զիլ ծկլթոցով կտրելով ճանապարհը, ցածր թռչում էին չարդերն ու մոշահավերը ու նորից լռություն էր տիրում։
Հետո անտառը վերջավավ. հասել էինք Կամենկային։ Արևի տակ փայլփլելով՝ հանգիստ սահում էր գետը, ծունկ տալով գնում, մտնում անտառ։
–Ահա և մեր Կամենկան,– ասացի ես, և մենք ավելի մոտեցանք գետին։ Գետը կամացուկ վշշում էր, այնտեղ, ուր ծունկ էր տալիս, ջուրը շարունակ փրփրում էր, ալիքների վրա նստած, հայացքները դեպի մեզ, ջրի վրա ճոճվելով ներքև էին սահում ջրածտերը, վարսաթափ ուռենիները գլուխներն անշարժ կախել էին ջրերի վրա, գետափին կանաչ էր բուսել, և կանաչը տաք էր։