–Նստենք,– ասացի ես, նստեցի կանաչների վրա, գրկեցի ծնկներս և գլուխս ծնկներիս՝ նայում էի արևին, որ ընկել էր գետի մեջ, գետը հոսում էր, իսկ արևը կանգնած էր տեղում, չէր շարժվում։ Բորյան նույնպես նստեց կանաչների վրա, ես նրան չէի նայում, բայց շարունակ զգում էի, որ ինձ է նայում։
–Կամենկային նայիր և ոչ թե ինձ,– առանց շրջվելու նրա կողմը, ժպտալով ասացի ես։-Դու ինձ ամեն օր տեսնում ես, իսկ գետը ամեն օր չէ, որ կարող ես տեսնել։
–Գետը ես կարող եմ հարյուր տարի էլ չտեսնել՝ հոգ չէ,-հանգիստ ասաց Բորյան։-Իսկ քեզ,– նա քիչ լռեց։– Իսկ քեզ, եթե մի օր չտեսնեմ, կխելագարվեմ…
Բնությունն էր տրամադրում խոսել, թռչունների անուշ դայլայլն ու Կամենկայի անուշ վշշոցը։
Կամենկայի խաղաղ վշշոցի մեջ ես լսեցի դպրոցական զանգի ղողանջը։ «Դասամիջոցը վերջացավ»,– շրջվելով ետ, մտածեցի ես։ Դպրոցի բակն այնտեղ իսկույն դատարկվեց։
–Կուրլու, կուրլու, կուրլու,– անտառի վրայով կռունկների երամ էր անցնում։
–Ես ճիշտ եմ ասում,– խոսեց Բորյան։– Ես քեզ ասել եմ… Բայց հիմա առաջվա նման չէ։ Հիմա չկա այնպիսի մի րոպե, այնպիսի մի վայրկյան, որ չմտածեմ քո մասին։-Բորյան մի կարճ րոպե լռեց, հետո հանկարծ ասաց.-Ինձ դուր են գալիս անգամ այն աղջիկները, որոնց անունները նույնպես քո անունից է։ Ես երբեմն փակում եմ աչքերս, շշուկով տալիս եմ քո անունը, մեկ անգամ չէ՝ հազար անգամ արտասանում եմ՝ վանկ առ վանկ, հապաղումով, և սիրտս խփում է երջանկությունից։ Ինձ սիրելի են անգամ ձեր փողոցը, ցանկապատը, ձեր այգին, տունը։ Գիշերը դուրս եմ գալիս փողոց, խավարի միջից նայում եմ ձեր տան կողմը, և սիրտս լույսով ու թրթիռով լցվում է…
Ես ձեռքով ծածկել էի դեմքս, շնչում էի ափերիս մեջ, հաճելի էր, ու չէի հեռացնում ձեռքերս, թվում էր Բորյան կլսի, եթե հանկարծ նայեմ նրան, ու չէի նայում, սրտի քաղցր նվաղումով լսում էի նրան, իսկ նա խոսում էր ու խոսում… Տեր աստված, ինչեր ասես, որ չասաց նա..․
–Ես սիրում եմ քեզ,– շշնջում էր նա։-Եվ թող ինձ հետ մի վատ բան բան պատահի, թող չլինեմ, եթե երբևէ հանկարծ չսիրեմ քեզ…
Ու լռեց։ Ես չէի համարձակվում նայել նրան։
–Շնորհակալություն,– ակամայից ասացի ես ու էլ ոչինչ չգտա ասելու։
Եվ լռություն էր… Եվ այն ի՜նչ լռություն էր, ի՜նչ քաղցր պահ էր, և ծառերի կատարներն ինչպիսի՜ նազանքով էին գնում-գալիս անեզր կապույտի մեջ, թռչուններն ինչպե՜ս էին երգում, լռում, ականջ էին դնում ու նորից երգում էին, «Կու-կու, կու-կու, կու-կու»,– անդադար ու անուշ կանչում էր կկուն, դեղնակարմիր սկյուռները ծառից ծառ էին ցատկում, և արևն այն ինչպե՜ս էր պսպղում ջրերի միջից. ասես հրճվում, ծիծաղում էր ջրերի խորքից։
Հետո ծաղիկ քաղեցինք, հետո երկար քայլում էինք անտառում, և արևը նույնպես գալիս էր մեզ հետ անտառի վրայով, երբ կանգ էինք առնում, նա նույնպես կանգնում էր ու սպասում, նրա շողերը ծառերի արանքով ընկնում էին մեզ վրա։ Հետո, քայլելուց հոգնած, ես հենվեցի ծառերից մեկին, մեջքով զգում էի ծառաբնի սառնությունը, Բորյան նույնպես հոգնել էր, երևի, գուցե և վիրավոր ոտքը ցավում էր։ Նա կանգնել էր իմ դիմաց, և նրա կուրծքը բարձրանուն- իջնում էր…
–Նայիր, Բորյա, տգեղ ոչինչ չկա բնության մեջ։
Նա երկար նայում էր հանդարտ խշշոցով օրորվող ծառերին, հետո ասաց.
–Բնությունն ինձ համար տգեղ կլիներ, եթե այստեղ չլիներ բնության զարդ մի աղջիկ՝ անունով Մայա, որն ահա ինչքան ժամանակ պաշտամունք է ինձ համար… Եվ որին սիրում եմ ես խորունկ..․
–Իսկ եթե այդ աղջիկը չի՞ սիրում քեզ,– ժպտացի ես։
–Եթե չի սիրում, ես այս րոպեին նրան գցում եմ գետը։
Ես նայեցի գետին, Երկու քայլ այն կողմ՝ մուգ կապույտ, դանդաղասահ հոսում էր այն և ծառերի ստվերները գլխիվայր կախվել էին նրա ջրերում։
–Համաձայն է,– ասացի ես և, ինքս էլ, չգիտեմ ինչու, ավելացրի։– Եթե չես սիրում ինձ։
– Ուրեմն չեմ գցի,– ժպտաց Բորյան։– Որովհետև դու անչափ գեղեցիկ երեխա ես, և, որովհետև ես սիրում եմ քեզ։
– Երեխան դու ես,– ասացի ես։– Իսկ ես մեծ եմ։ Տասնյոթ տարեկան։ Այսօր իմ ծննդյան օրն է։
–Ինչպե՞ս։
–Այո։
–Ճշմարի՞տ։
–Ճշմարիտ,– գլխով արեցի ես։– Այսօր մայիսի քսանն է։
– Շնորհավորում եմ,– շփոթվեց Բորյան։– Ինչո՞ւ շուտ չես ասել։
–Մոռացել էի,– ժպտացի ես։– Չէի հիշում, թե երբ եմ ծնվել։ Այսուհետև կհիշեմ, որովհետև այսօր կմնա իմ հիշողության մեջ։ Չեմ մոռանա երբեք… Իսկ դու նույնիսկ չես հարցնում, թե ես ի՞նչ էի ուզում ասել քեզ,– ակամա լրջանալով ասացի ես։– Ես դասարանում քեզ ասեցի՝ բան ունեմ ասելու։ Գիտե՞ս ինչ էի ուզում ասելու։
Իմ դեմքը վառվում էր։ Բորյան դանդաղ մոտեցավ, և նրա սառը մատները դանդաղ սահեցին իմ դենքի վրայով։
–Ի՞նչ էիր ուզում ասել,– շշնջաց նա, շարունակ մատները քսելով դեմքիս։ Ես չէի դիմադրում։
–Ես ուզում էի ասել…– դողացող ձայնով մրմնջացի ես։– Ուզում էի խոստովանել, որ սիրում եմ քեզ… որ ես քեզ ավելի եմ սիրում, քան դու ինձ…