– Իսկ ինչու՞ պիտի ամաչեմ, – շինծու զարմանքով բարձրացնելով ուսերը ասաց Վիրիկովա: – Ամաչել՝ ճշմարիտ խոսքերի համա՞ր՝ չեմ հասկանում: Ես, դժբախտաբար, ճշմարտությունը գերադասում եմ ստից, հիմա էլ դարձյալ ասում եմ ճշմարտությունը, ինչպես դեռ հնուց ի վեր հայտնի է, միշտ էլ սրերով է ընդունվում. ես դա գիտեմ: Եվ բոլորովին էլ չեմ նեղվում: Զարմանալի կլիներ, եթե ուրիշ կերպ խոսեիր դու, – դարձավ նա Մայային: – Բայց դու խոսեցիր ճիշտ այպես, ինչպես ես էի կռահում: Եվ չմոռացար իմ կոմերիտական տոմսը: Այստեղ զարմանալու ոչինչ չկա, որովհետև դեռ անցյալ տարի աշնանն էիր ուզում ինձ հեռացնել կոմերիտմիությունից, բայց ինձ ոչ թե հեռացրին, այլ նոր տոմս տվին՝ կարմիր կազմով:
– Եվ իզուր,– շպրտեց Մայան
– Ես կարող եմ հենց վաղը բերել և տալ քեզ, – հանգիստ ասաց Վիրիկովան: – Դրանից, ինչպես ասում են, իմ աշխատավարձը ոչ ավելանում է, ոչ պակասում: Ես առանց կոմերիտական տոմսի էլ կապրեմ, դու քո մասին մտածիր:
– Դե վերջ տվեք,-հանկարծ ասաց Ալեքսանդրա Եմելյանովան, որը մինչ այդ լուռ քայլում էր առջևից: – Խոսելու բան չունե՞ք, ինչ է , – և քնքշությամբ վերցնելով Մամայի թևը, ցածր ավելացրեց. – ի՞նչ ես գլուխ դրել…
Վիրիկովան բարձր ու հիստերիկ ծիծաղեց:
–Տեսնո՞ւմ եք ինչպիսին է ձեր Մայան, ԱլեքսանդրավԵմելյանովնս,– ասաց նա, շարունակելով ծիծաղել։– Ես կատակում եմ, իսկ նա լուրջ է ընդունում։
–Ախր դու ի՞նչպես կարող ես կատակել, Վերիկովա,– ասաց Ուլյան։-Նախ դու կատակ ասաց բանը չես հասկանում, հետո, էլ ախր, դու ոտից գլուխ կատակ ես։ Եվ հազիվ թե կարողանաս կատակել։
Ճանապարհը Պերվոմայկայից մինչև Կրասնյանկայի դաշտերը բավականին հեռու էր, սկզբի օրերին շատ էր դժվար, դաշտում հոգնում էին, ճանապարհին, տուն գնալիս, հոգնում էին, Կրասնյանկայի կոլտնտեսության նախագահն ասում էր՝ մնացեք գյուղում, շաբաթը մի անգամ կգնաք- կգաք, բայց չուզեցին, և հիմա ամեն առավոտ, արևը հազիվ ելած, ճանապարհվում էին դաշտ և վերադառնում մութ երեկոյան՝ աստղերի հետ։ Առաջվա հոգնությունը չկար այլևս. ընտելացել էին։
Նեղ ճանապարհը ոլոր- մոլոր գնում էր, մտնում էր անտառ, դուրս էր գալիս, գլխիվայր իջնում էր ձորակները և նորից բարձրանում էր, գնում էր բացատներով, բլրալանջերով, հնձած արտերի միջով, իսկ Կրասնյանկայի դաշտերը չկային դեռ։
Աղջիկներն արդեն մոռացել էին քիչ առաջվա խոսքակռիվը, էլի երգում են. «Օ, ո՞ւր է նա, այն սառը գիշերը՝ փայլուն, պայծառ աստղերով »,– էլի չորացած ծաղիկների բուրմունք կար օդում, հնձած արտերի վրա քարացել, կախվել էին տատրակները, էլի գետինը ցնցվում էր, երբ հեռվում խուլ դղրդյուն էր լսվում։
Առջևից Մայան էր գնում։ Արևի տակ պսպղում էին ուսերին թափված կարճ ու թուխ մազերը, իսկ նա քայլում էր գեղեցիկ գլուխը բարձր բռնած, խրոխտ՝ սիրահարված արևին, չոր ծաղիկների այդ բուրմունքին, թփերի մեջ գեղգեղող թռչուներին ու հնձած արտերի վրա քարացած տատրակներին։
–Աղջիկներ,– հանկարծ զրնգուն ձայնով ասաց Մայան։– Նայեցեք տատրակներին։– Մայայի շուրթերը կիսաբաց էին, երևում էին ձյունասպիտակ, կիսախոնավ ատամները. այդ պահին նա այնպես գեղեցիկ էր. և ճիշտ էին աղջիկները, երբ ասում էին, թե Ալեքսանդրա Եմելյանովնան աղջկավարի սիրահարված է Մայային։ Նա հիմա իրոք սիրահարվածի պես էր նայում նրան։– Չէ, չէ, մի նայեցեք, աղջիկներ, ոնց որ օդից կախված լինեն։ Ո՜ւխ, ինչ լավ է…
Աղջիկները կանգնել, նայում էին մաքուր երկնքում կախված տատրակներին, իսկ հեռվում նորից խուլ որոտումներ էին լսվում, և ինչպես երկրաշարժի ժամանակ՝ գետինը դողում էր: Ուլյան երկար նայում էր, հետո խորը հառաչելով, անսպասելի ասաց.
– Ավարտել ենք միջնակարգը ու չգիտենք ինչ անենք… Այդ հրեշները որտեղի՞ց եկան ամեն ինչ տակնուվրա արեցին:
Բոլորն էլ միանգամից տխրեցին:
– Ինչպես եկել են, այնպես էլ կգնան, – թախծոտ ասաց Մայան, առանց հայացքը կտրելու երկնքից: Նրա կկոցված աչքերը երազկոտ էին, հեռվում ինչ-որ տեղ, կապույտ երկնքի կապույտ երազների մեջ:
–Ամեն ինչ լավ կլինի,– շարունակեց Մայան: – Կգնանք ինստիտուտ, ուսանողական տոմսեր կստանանք… Ուլյաշկա Գրմովան կսիրահարվի իր պես գեղեցիկ մի տղայի, ժպտալով նայելով Ուլյային, ավելացրեց նա: – Անչափ գեղեցիկ մի տղայի, իհարկե, նույնպես ուսանող…
– Եվ այդ տղան կլինի օդաչու, անունը Բորյա,– ձայնը Մայայի ձայնին նմանեցնելով ասաց Ուլյան: – Եվ այդ օդաչուն երկնքից ցած կիջնի, կբռնի Վիտյա Պոկրովինի ձեռքից ու կասի՝ դու ո՞վ ես, ի՞նչ ես և ինչացու՞ ես, որ Մայա Փեհլիվանովային սեր ես խոստովանում, մի՞թե դու չգիտես, որ նրան ես միայն իրավունք ունեմ սիրելու, որովհետև ես օդաչու եմ, երկնքում, ամենաբարձյալի մոտ… Հիմա չտանե՞մ քեզ երկինք ու նետեմ այնտեղից ներքև, դեպի անդունդն անհատակ…
Աղջիկներն, իհարկե գիտեին, որ Բորիս Գլավանը սիրահարված է Մայային, թեպետ այդ մասին Մայայի մոտ չէին խոսում երբեք, գիտեին նաև, որ Բորյան օդաչու դառնալու մեծ երազանք ունի, և հիմա աչքերում զսպված ծիծաղ՝ մեկ Վիտյա Պոկրովինի քրոջը՝ Վերային էին նայում, մեկ՝ Ուլյային, Վերան նույնպես ժպտում էր: