– Հե՞տո, – իբր վիրավորված, բայց ժպտադեմ ասաց Մայան:
– Իսկ Վիտյան կասի՝ ես մենակ չեմ, նրան շատերն են սիրում, որովհետև գեղեցիկ է, գեղեցիկ է, բայց անմեղ է, լոկ աչքերն են մեղավոր… Իսկ Բորյան, – ձայնը բարձրացնելով ասաց Ուլյան: – Իմ խանդոտ Բորյան, իմ Օթելլոն կասի.
Իմ այնքան սիրած թաշկինակը, որ ես քեզ տվի,
Դու պարգևել ես նույնը Կասսիոյին…
Շուրա Բոնդարյովան, շինծու զարմանքով սեղմելով շուրթերը, նայեց Ուլյային իր կլորացած աչքերով, երկարաձիգ սուլեց և խաղի մեջ մտնելով քնքշաձայն ասաց.
Ոչ, կյանքս վկա, ոչ, հոգիս վկա:
Կանչել տուր մարդուն և հարցում արա…
Ուլյան աչքով արեց աղջիկներին ու կեղծ վշտակցեց.
–Դե խեղճ Մայան ի՞նչ անի, քանի՞ կտոր դառնա:
– Հազար կտոր եմ դառնալու, քեզ ի՞նչ, – ժպտալով ասաց Մայան: – Բորյան ինձ ոչինչ չի ասել. -կարմրելով ասաց նա, Ուլյային փախցնելով հայացքը: – Մի հնարիր:
– Սովորում է, հետո կասի, – արագ վար բերեց Ուլյան: – Շուտով կուրսերդ կավարտի, իսկ մինչ այդ կվերջանա պատերազմը: Կգա և, սիրուց արբած սիրտը կբացի քո առջև: Գեղեցիկ տղա է , իրավունք ունի քեզ սիրելու… Մեր մեջ ասաց, դու էլ անտարբեր չես…
– Հնարիր ինչքան ուզում ես: Միևնույն է՝ չեմ լսում: – Եվ այդպես, ձեռքի ափերը ականջներին, նա նայեց Ուլյային՝ աչքերով, շուրթերով ու այտերի աննկատ փոսիկներով անընդհատ ժպտալով, և ավելացրեց.– Իսկ ինչ մնում է Վիտյա Պոկրովինին, ապա կասեմ քեզ, սիրելիդ իմ Ուլյաշա Գրումովա, որ այդպիսի բաների մասին ես չեմ մտածում: Ես նրան որպես լավ ընկերոջ եմ սիրում: Հասկացա՞ր:
– Դա հասկացա… իսկ Ռոստովի բժշկական ինստիտուտի այն ուսանող՞ը: Նա, որ մինչև ականջներ ծայրերը սիրահարվել էր քեզ և մի քանի անգամ մորն ուղարկեց ձեր տուն: Այդ մասին ի՞նչ կարող ես ասել, սքանչելիդ իմ գնչուհիկ։-Ուլյան աչքերը կկոցելով ժպտաց: – Ասում են գիշերները քնի մեջ երբեմն տալի ես նրա անունը: Ճի՞շտ է դա:
– Դու անամոթի մեկն ես, Ուլյա, – շուրթերը կծելով ասաց Մայան, շառագունելով. նրա գեղեցիկ ռունգերը թեթև դողացին,– Դու… Դու այդ ինչե՞ր ես հնարում… Աղջիկները ծիծաղեցին: Ուլյան կարկաչում էր գլուխը ետ գցած:
_ Ամոթ է, ամոթ է, – ծիծաղի միջից ասում էր նա Մայային,– Քեզ նման աղջիկը չի բարկանա, ազնիվ խոսք, կոմերիտշրջկոմի բյուրոյի անդամին վայել չէ դա: Այ, այ, այ…
–Դե լավ, Ուլյաշա,– չդիմացավ Ալեքսանդրա Եմելյանովնան։– Ի՞նչ ես ուզում նրանից։
– Խնդրեմ, սա էլ մեկ, – ասաց Ուլյան, և բոլորը նորից ծիծաղեցին: _ Միայն այն տարբերւթյամբ, իհարկե, որ Ալեքսանդրա Եմելյանովնան Մայային սիրում է որպես չքնաղ դիցուհու…
Մայան նույնպես ծիծաղում էր:
– Ես եմ գիժը, որ գլուխ եմ դնում քեզ հետ, -ասաց Մայան, ուզում էր ինչ-որ բան ավելացնել, բայց Ուլյան ըհդհատեց:
– Աղջիկներ, նայեցեք,– վախեցած ասաց նա: – Նայեցեք… ինքնաթիռները… այնքան ցածր, չե՞ք տեսնում… մեկ, երկու, երեք…
– Ու՞ր է ես չեմ տեսնում…
– Ես նույնպես րեմ տեսնում… Ահա… մեկ, երկու…
– Իսկ ինչու՞ ես չեմ տեսնում… Տեսա… Աստված իմ, քանի՞սն են…
– Դեպի մեզ են գալիս…
Հեռվում, սպիտակության աստիճան շիկացած օդի մեջ, տափաստանի վրա, երևացին գերմանակն կործանիչները: Հուլիսյան երկնքի վիթխարի մղեղը ճեղքելով, ալյումինե հարթ մասերի փայլատակումներով, տափաստանի վրայով սրընթաց գալիս էր մեսսերշմիդտների եռյակը:
Հետզհետե օդը ցնցվում էր նրանց հռնդյունից, աղջիկները՝ գունատ ու վախվորած, հայացքները երկնքին, պտտվեցին ինքնաթիռների հետ, իսկ ինքնաթիռները եկան, շարժիչների երկաթե դղրդոցը գետնին տալով՝ անցան նրանց վրայով, գնացին դեպի Պերվոմայկա ու Կրասնոդոն:
– Աստված իմ, ու՞ր գնացին,– սարսափահար ու դողացող ծայնով ասաց Լիլիա Իվանիխինան՝ լցվող աչքերը անօգնական պտտվելով աղջիկների վրա:
– Ռոստովի վրա են գնում, – ցածր ասաց Շուրա Բոնդարևան:
–Ռոստովը նրանց ձեռքին է, – ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, շարունակելով նայել հեռացող կործանիչների ետևից: – Ինչու՞ պետի Ռոստովի վրա գնան: Կրասնոդոնի վրա գնացին:
– Ի՞նչ է լինելու, աստված իմ, ի՞նչ է լինելու,– լացակումած ասաց Լիլիան: – Հիմա ի՞նչ ենք անելու:
Մայան շրջվեց նրա կողմը, ուզում էր պատասխանել, բայց չհասցրեց. Նրա շուրթերը մոտեցան իրար, սեղմվեցին. Նրա աչքերը, սարսափից ավելի խոշորացած, նայում էին հեռու, դեպի տափաստանի խորքը:
– Էլի են գալիս, – հազիվ լսելի շշնջաց նա, զգալով, որ ծնկները թուլացել, դողում են։
Թև-թևի, արևի տակ փայլփլելով, շարժիչների մոտեցող ու հեռացող միալար հռնդյունով, այնտեղ, տափաստանի վրա, ցածր, երևաց գերմանակն կործանիչների՝ նոր եռյակը: Իսկ այդ եռյակի ետևից, դարձյալ թև-թևի, մի ուրիշ եռյակ էր գալիս:
Մոտեցող հռնդյունից ցնցվում էր օդը, գետինը դողում էր, կանգնել էին աղջիկներն անշարժ, քարացած, նրանք չէին կարող նկատել, ծառերի արանքից նրանք նույնիսկ կործանիչների պեկսիգլասե թափանցիկ կափարիչների տակ տեսան օդաչուների գլուխները՝ ձվաձև սաղավարտներով:
Ինքնքթիռներն անցան նրանց վրայով, աղջիկները դեռ նայում էին հեռացող ինքնաթիռների ետևից, ոչ ոք չէր խոսում, և հանկարծ, այդ պահին մի խուլ պայթյուն լսվեց, որից ալիքվեց օդը, գետինը ցնցվեց, ծառերից աղջիկների վրա՝ ինչպես շաղաթղթիկներ, թափվեցին չորացած տերևները: