– Ռումբ գցեցին, – չոր շուրթերը հազիվ շարժելով ասաց Ուլյան: Նա չէր ավարտել խոսքը, մի ուրիշ պայթյուն լսվեց՝ ավելի ուժեղ ու սարսափելի, թվաց, թե գետինը գնաց նրանց ոտքերի տակ:
– Դաշտ չենք գնում, տուն, ետ տուն ենք գնում,– ասաց Մայան և ասես նրա խոսքին էին սպասում, աղջիկները, միանգամից շրջվելով, իրենց եկած նեղ ճանապարհներով վազեին դեպի ետ, դեպի Պերվոմայկա:
Ասես խոր քնի մեջ էր Պերվոմայկան. փողոցները լուռ էին, տները լուռ էին, մարդ չկար ասես տներում, հուլիսյան այդ լռության մեջ, ուր տապից ծառերի վրա տերևներն անգամ չէին շարժվում, շներն անգամ ծուլանում էին հաչել, ճիճիներն էին միայն երգում անընդհատ ու ձանձրալի, այդ խոր ու քար լռության մեջ հանկարծ մի չարագուշակ ձայն լսվեց, – ո՞վ էր՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ, ասես հրամանով՝ մարդիկ թափվեցին փողոցները, աղմուկ, լաց, ճիչ ու աղաղակ, և այդ ճիչ ու աղաղակի, այդ ժխորի մեջ մի բառ էր միայն լսվում պարզ ու որոշակի՝ գերմանացիները: Գերմանացիներն ուր որ է՝ կմտնեն Պերվոմայկա, գերմանացիները, գերմանացիները, գերմանացիները… Իրարանցման, խուճապի մեջ էր Պերվոմայկան՝ բռնված նահանջի ու շտապ էվակուացիայի հուզումով, ծերունիները այս ու այն կողմ էին վազում, արագ լծում էին ձիակառքերը, տներից ինչ-որ բաներ էին հանում, լցնում էին ձիակառքերի ու սայլերի մեջ, հրահանգներ էին տալիս կանանց, կանայք խփում էին ծնկներին, չկարողանավով զսպել իրենց թափվող արցունքները, երեխաները լաց էին լինում՝ ոչինչ չհասկանալով այս ամենից, և նրանց ուշադրություն դարձնող չկար…
Աղջիկները դուրս եկան անտառապատ ձորակից՝ արդեն հոգնած, ուժասպառ, ինչպես ափի մեջ, երևում էր Պերվոմայկան՝ ցաք ու ցրիվ փռված ցածրավայրերում բլբակների վրա: Պերվոմայկան դատարկվում էր: Բոլոր ճանապարհները՝ թե Կրասնոդոնի Վորոշիլովգրադի կողմից եկող և թե Պերվոմայկայից դեպի արևելք, դեպի Լիխայա ու Մորոզովսկ գնացող այդ բոլոր ճանապարհները լիքն էին մարդկանցով, բեռնատար ու սանիտարական մեքենաներով, տանկերով, սայլերով ու ձիակառքերով, անասունների նախիրներով…
–Նահանջում են, – հանկարծ արտասովոր կամացուկ հառաչեց Մայան հոգու ամենախորքից բյուղների պես ջինջ արցունքները գլորվեցին նրա թուխ դեմքի վրայով:
–Իսկ մեզ ոչինչ չեն ասել, – նրա կողքին շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովան:
–Որ ասում էի Վորոշիլովգրադը հանձնել են, չէիք հավատում… – Զինա Վիրիկովան էր:
Ոչ ոք չարձագանքեց:
–Մեր հողը, մեր քաղաքներն ու գյուղերը թողած նահանջում են, – կամացուկ շշնջաց Ուլյան: – Իսկ ինչու՞ էին թաքցնում, ինչու՞ էին մեզ ասում: Գնանք կոմերիտշրջկոմ, – ավելացրեց Ուլյան, ամբողջ իրանով շրջվելով աղջիկների կողմը: – Չի կարող պատահել, որ նրանք մոռացած լինեն մեզ՝ Պերվոմայկայի կոմերիտականներին:
–Գնանք, – ցրված ասաց Մայան, դեռևս շարունակելով նայել ճանապարհով ու ճանապարհներից դուրս, բանջարանոցներով, պարտեզներով, ուղղակի տափաստանի միջով քայլող մարդկանց:
Նա աղջիկներից առաջինը կտրեց անցավ հեղեղատը՝ առանց ետ նայելու, առանց իմանալու՝ գալի՞ս են իր ետևից, թե՞ ոչ, նա տների առանքով, կարճ ճանապարհով վազելով գնաց փոշու մեջ կորած Լենինգրադյան փողոցով, թեքվեց ձախ, դեպի Կրասնոդոն, նրան ընդառաջ տանում էին ձիակառքեր ու սայլեր՝ մինչև ճաղերի ծայրերը բեռնված կապոցներով ու պարկերով, փախչում էին ընտանիքներ, մանկատներ ու մանկապարտեզներ, հոսպիտալներ՝ ծանր վիրավորներով, զինվորներով լի բեռնատարները ազդանշաններ էին տալիս, հետո շրջվում, գնում էին տափաստանի միջով, և նրանց անվադողերի տակից փոշու ամպեր էին ժայթքում, սայլերի ու ձեռնասալյակների մեջ, կապոցների վրա նստած երեխաները լաց էին լինում, ճանապարհների եզրով վազող նախիրը բառաչում էր…
Ամբոխի մեջ ինչ-որ մեկը ամուր բռնեց նրա թևը: « Իսկ ու՞ր է մեր Շուրան…», – հարցրեց նա: Մայան չէր լսում ասես, ասես չէր զգում, որ բռնել են թևը, ուզում էր ճեղքել հոսանքը, առաջ անցնել: «Չե՞ս լսում, Մայա, քեզ հետ եմ»: Եվ Մայան նոր միայն շրջվեց, տեսավ նրան՝ Շուրա Բոնդարևայի փոքր եղբորը՝ Վասյային: Միշտ անհոգ ու աշխույժ Վասյան հիմա կանգնել էր նրա առջև գունատ ու աներևակայելիորեն վախեցած դեմքով, քրտնքի մեջ կորած:
–Ու՞ր է մեր Շուրան, – կրկին հարցրեց նա, ձեռքի ափով սրբելով երեսն ի վար առատորեն հոսող քրտինքը: – Ես ուզում էի վազելով գալ դաշտ, ես գիտեի որտեղ եք աշխատում, բայց չհասցրի, որովհետև ինձ ուղարկեցին Պոպավկա՝ ձիու հետևից. մորաքույրս այնտեղ է ապրում, և ես մինչև գնացի այնտեղ, եկա՝ իրարանցումը սկսվեց: Ես ձիակառքը քշած գալիս էի, ինքնաթիռներն անցան իմ վրայից, ցածր էին թռչում, բայց չկրակեցին, թվում էր կկրակեն, բայց չկրակեցին, ես ձիու մասին էի մտածում, ասում էի ձիուն կխփեն, բայց չկրակեցին, ռումբ նույնպես չգցեցին, իրար ետևից անցան Կրասնոդոնի վրայով , Ռոստովի վրա էին գնում:
–Ինչպե՞ս թե՝ ռումբ նույնպես չգցեցին, – վերջապես հարցրեց Մայան: – Նրանք ռումբ գցեցին. Մենք դա լսեցինք:
–Ոչ, նրանք ռումբ չգցեցին: Այդ մերոնք էին պայթեցնում հանքահորերը: Ես ձին քշած գալիս էի, որ պայթեցումը սկսվեց: Ձին քիչ էի մնում խրտներ, գետնովը տար ինքն իրեն: Մերոնք էին պայթեցնում՝ հատուկ, – ցածր ավելացրեց Վասյան, – որպեսզի դրանք գերմանացիների ձեռքը չընկնեն: Իրանք շուտով այստեղ կլինեն… Մեր ձիակառքը պատրաստ է, Շուրային ենք սպասում, իսկ նա չկա, և մենք չգիտենք, թե ինչ անենք…