Մայան ամբոխի վրայով նայեց ետ:
–Նրանք գալիս էին իմ ետևից, – ասաց նա, – կոմերիտշրջկոմ էինք ուզում գնալ: Հիմա երևի կգան: – Եվ այդ պահին Մայան տեսավ նրանց: – Ահա գալիս են: « Իսկ ու՞ր են մնացածները» , – անցավ նրա մտքով:
Շրջանցելով բեռնատարներն ու սայլերը, հևիհև գալիս էին Ուլյան, Շուրան և Ալեքսանդրա Եմելյանովան: Իսկ մնացածները չկային:
Վասյան ընդառաջ վազեց քրոջը:
–Մաման լաց է լինում, կառքը պատրաստ կանգնած է , – շուտասելուկի պես վրա տվեց նա: – Բոլոր հարևանները գնացին, իսկ մենք քեզ ենք սպասում: Ես հենց վազելով գալիս էի ձեզ մոտ, դաշտ:
–Իսկ կոմերիտշրջկո՞մ , – ընկճված ասաց Շուրան, նայելով աղջիկներին: – Չե՞նք գնում:
–Կոմերիտշրջկոմում մարդ չկա, – արագ ասաց Վասյան: – Մեր տղաներից երկու հոգի գնացել են՝ մարդ չկա, բոլորը գնացել են…
–Բոլորը գնացել են, – արտասանեց Ուլյան՝ շնչահեղձ լինելով, ապա խոնավ ու շողշողուն աչքերը բարձրացրեց Մայայի վրա: – Ի՞նչ անենք… Աղջիկները գնացին տուն, մենք ենք մնացել: Ես իհարկե, գնալ չեմ կարող, – հանկարծ թրթռացող ձայնով ավելացրեց նա. – Մայրս ծանր հիվանդ է, ես կմնամ այստեղ, Պերվոմայկայում, բայց դուք գնացեք: – Եվ միանգամայն անսպասելի նա սեղմվեց Մայային, փղձկաց: – Դու շուտ գնա գտիր մայրիկիդ, հարկավոր է շուտ հեռանալ: Իսկ ես չեմ կարող, ես ոչ մի տեղ գնալ չեմ կարող…
–Դե Ուլեչկա, իմ Ուլեչկա, – շրթունքները կծելով շշնջաց Մայան, ուժով պահելով իրեն, որ լաց չլինի: – Դե, երեխա չես, գուցե մենք նույնպես չենք գնում, ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ է մայրիկս, և դեռ ոչինչ չգիտեմ, Ուլեչկա, թանկագինս, – և հանկարծ նա սարսափով մտածեց, որ խաբում է Ուլյային, որ հիմա, կամ քիչ հետո, դա միևնույն է, կթողնեն Պերվոմայկան, և նա կման այստեղ, չորս պատերի արանքում, իսկ այսօր կամ վաղը գերմանիցերը կմտնեն ավան ու ամեն ինչ տակնուվրա կանեն: Մայան ինքն էլ չիմացավ, թե ինչպես լցվեցին աչքրը և արցունքները գլորվեցին այտերն ի վար: – Ուլեչկա, – նորից ասաց Մայան սիրո պոռթկումով ու խղճահարությամբ: – Մնաս բարով: – Եվ ամբոխի ու փոշու միջով վազեց ետ, դեպի տուն:
Նրա արցունքները հանդարտ հոսում էին, և նա չէր կարողանում դրանք պահել, նա վազեվազ անցավ ծանոթ տների մոտով, ամենուր իրարանցում էր, նրանք, ովքեր չէին էվակուցվում, կանգնել էին իրենց տների մոտ և տխրությամբ նայում էին գնացողներին, շատերը լաց էին լինում: Վազելու ուժ չկար այլևս, թվում էր, եթե կանգնի, ծնկները կծալվեն, և Մայան առաջ էր գնում՝ մի քիչ էլ, մի քիչ էլ: Նա նույնիսկ չգիտեր, չէր տեսնում, որ Ալեքսանդրա Եմելյանովնան վազելով գալիս էր իր ետևից:
–Մայեչկա, Մայեչկա, – կանչեց նա, – սպասիր:
Մայան արագությամբ ետ շրջվեց, տեսավ Ալեքսանդրա Եմելյանովնային՝ գունատ, արցունքն աչքերին, և սրտի խորքում սուր ծակոց զգաց ամոթից: Նա կանգնած էր Ուլյայի ու Շուրա Բոնդարևայի մոտ, նա իրեն էր նայում, իսկ ինքը, ինչպիսի հիմարություն, միայն Ուլյային հրաժեշտ տվեց ու փախավ, իսկ նա վազելով եկել է իր ետևից, նա՝ իր աննման Սաշենկան… Եվ Շուրա Բոնդարևան նույնպես երևի վիրավորվեց:
– Սաշենկա, ներիր ինձ, Սաշենկա, – ընդառաջ վազեց Մայան: – Ես այս ի՞նչ եմ արել … քեզ թողել եմ կանգնած, ներիր ինձ…
Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան նրան չէր էլ մեղադրում, նույնիսկ չէր նեղացել, նա հիմա ուրիշ բանի մասին էր մտածում, այն մասին որ իրենք բաժանվում են, և ինքը չի կարող ապրել առանց նրան:
– Մայեչկա,-սարսափելի դողացող, երկչոտ ձայնով ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, արտասվաթոր աչքերով նայելով նրան: – Դու ինձ տանը սպասիր, ես քիչ հետո կգամ: Գնամ տեսնեմ՝ մերոն ի՞նչ են անում: Նրանք չեն գնալու, ես դա գիտեմ, – ասաց նա հևասպառ: – Հայրիկը հիվանդ է, չի կարող գնալ, իսկ մայրիկը առանց նրա չի գնա, ես նույնպես: Ես վազելով կգնամ, կգամ։ Դու ինձ սպասիր։
–Այո, իհարկե, – շփոթված ասաց Մայան: – Ես կսպասեմ, ես տանը քեզ կսպասեմ…
Ալեքսանդրա Եմելյանովնան թափընթաց իջավ դեպի հեղեղատ, որից այն կողմ, հին եկեղեցու մոտ, ծառերի արանքում ծվարել էր նրանց կղմինդրածածկ, ցածրիկ տնակը։
Բակի դռնակը կրնկի վրա բաց էր, ալրափոշի կար թափված դռան մոտ ու մարգերի միջով վազող կածանի վրա, մարգերը կոխկրտված էին, ցանկապատը կիսաթեքված դեպի ներսը.– Մայան վազելով մտավ բակ, բարձրացավ պատշգամբ, որի դռնակը նույնպես բաց էր, ու մնաց կանգնած: Նա ուժով էր պահում իրեն, որ չճչա, շուրթերը դողում էին, ծնկներն ու ձեռքերը դողում էին, նա հազիվ էր ոտքի վրա կանգնում և լայն բացված աչքերով նայում էր դատարկված տանը, հատակին թափված շորերին, սեղանին ընկած գրքերին, որոնց վրա նստել էր փոշին: Նա ներս չմտավ բաց դռներից, զսպելով հեծկլտոցը, այդպես կանգնեց մի պահ՝ հուզված ու շվար, հետո արագ շրջվելով՝ դուրս եկավ բակ, արցունքն աչքերից գլորվում էր, արցունքների միջից շուրջն ամեն ինչ կիսամշուշվել, երևում էր, փողոցներով անընդհատ շարժվում էին մարդկային զանգվածները, ամեն կողմից ձայներ էին լսվում՝ ողբ, աղաղակ, քաղցած անասունները խռպոտ բառաչում էին, տանկերի թրթուռները գնդացիրների պես ճարճատում էին, հռնդում էին մեքենաները, անընդմեջ ազդանշաններ էին տալիս, հազարավոր ոտքերից ու անիվներց բարձրացած ծանր, կարմիր ու թանձր պատի նման բարձրացել, կանգնել էր արևի դեմ, արցունքի ու փոշու միջից, մարդկային անվերջ հոսանքի մեջ Մայան հանկարծ տեսավ մորը՝ գլխաբաց, մազերը թափած դեմքին ու ուսերին: Նա գալիս էր վազելով, թռչունի պես կրծքով խփվելով մարդկանց, գլուխը բարձր բռնած: Ամբոխի մեջ նա մեկ երևում , մեկ անհետանում էր: – Մամա, – ձայն տվեց նա: – Մամա, – անընդմեջ կանչում էր՝ աշխատելով աչքից չկորցնել նրան: Ամբոխը գետի պես հորդում, ալիքվում էր, կողքից անցնող մարդկանցից շատերը ծանոթ էին նրան, սակայն հիմա ուշադրություն չէին դարձնում Մայային, ինչպես և Մայան ուշադրություն չէր դարձնում նրանց, մարդկանց գլխների վրայով Մայան նայում էր մորը՝ ձգտելով առաջ անցնել: