Մայրը նույնպես առաջ էր գալիս դժվարությամբ: Նա արդեն չէր կարողանում լալ, չէր կարողանում խոսել, շուրթերը չորացել էին, չոր շուրթերը շարժվում էին, սակայն ոչինչ չեր լսվում, աչքը աղջկան՝ նա առաջ մղվեց. ևս մի երկու քայլ, ևս մի երկու քայլ, – Աննան ամուր բռնեց աղջկա ձեռքը, ասես հոսանքը պիտի տաներ նրան, նրանք թափորի հետ առաջ մղվեցին, փողոցի ծայրում, այնտեղ, ուր սկսվում էր լայնարձակ տափաստանը և որտեղից անցնում էր Լիխայա ու Մորոզովսկ գնացող խճուղին, մայր ու աղջիկ մի կերպ դուրս եկան ամբոխի միջից: Օդը չէր հերիքում: Նրանք մի պահ նայեցին իրար, ասես տարիներով չէին տեսել, և հանկարծ Աննան փղձկաց, գլուխը թեթև խփելով Մայայի կրծքին:
– Վայ, Մայեչկաս, այս ի՜նչ պատահեց մեզ, – լացի միջից ասաց նա: -Այս ի՜նչ կրակ էր, աղջիկս:
– Դե լավ, մամ, – ինքն էլ ուժով պահելով իրեն, արտաբերեց Մայան:– Ի՞նչ ես լաց լինում։
–Չգիտեմ, – գլուխն օրօրելով արտասանեց Աննա Փեհլիվանովան։ Ամեն ինչ վերջացավ, – արագ ու հուսահատ ավելացրեց նա, իր խոշոր, արտասվաթոր աչքերով նայելով աղջկան: – Խորտակվեց ամեն ինչ, կորավ: Իսկ հիմա գնում ենք, Կոլոբովների հետ գնում ենք:
–Ո՞ւր, – ակամա հարցրեց Մայան: – Ո՞ւր ենք գնում:
–Թիկունք: Դեպի Սարատով, Կույբիշև: Մեր հիմնարկությունը նույնպես գնաց: իսկ ես չկարողացա: Չգտա քեզ: Նոր էի տուն հասել, Միխայիլը եկավ, առանց ձեզ չեմ գնա ասաց: Հորդ հետ մոտ ընկերներ էին Նոր Նախիջևանում, չեմ գնա մենակ, ասաց, միասին կգնանք, ես Գասպարի ընտանիքը չեմ կարող թողնել, ասաց , ինչպես մենք, այնպես էլ դուք: Եկավ ձիակառքով, ինչ կար, չկար՝ ալյուր, հաց, հագուստ, ինչ հնարավոր էր՝ բեռնեցինք կառքը, հիմա նրանք մեզ են սպասում, հարևանները գնացել են, իսկ նրանք մեզ են սպսում: Շուտ…
Նրանք՝ մայր ու աղջիկ, քայլում էին արագ-արագ, երբեմն վազելով:
– Իսկ տո՞մսս, – հանկարծակի կանգ առնելով, ասաց Մայան: -Կոմերիտական տոմսս: Գրասեղանի արկղում է: Չե՞ս վերցրել: Օրագիրս նույնպես:
–Ոչ, – նույնպես կանգ առնելով, մեղավոր ասաց մայրը: – Չեմ վերցրել:
–Ես հիմա կգամ: – Մայան ետ վազեց: – Թաքցնեմ ու գամ: Դռները նույնպես կփակեմ, բաց ես թողել,– վազքի պահին շրջվելով, ասաց նա: – Դու գնա, մամա, մի սպասիր, ես հիմա կգամ…
Հայրը նստած էր բակում, Ալեքսանդրա Եմելյանովնան ներս մտավ: Նա նստել էր բակի խորքում, թթենու տակ, հոգնած նայում էր գետնին, մի կետի: Նա արդեն ծեր էր, շատ ծեր էր, հիվանդ ու սմքած: – Ալեքսանդրա Եմելյանովնան խղճաց նրան և կամաց, ձեռքի մեջ ճմթելով գլխաշորը, առաջ եկավ: Այդպես նստած քնել էր ասես հայրը, կամ վշտից քարացել էր. Նա չէր լսում ասես դրսի աղմուկ- աղաղակը, ասես նրան չէր հասնում կանանց ու երեխաների լացը, մեքենաների հռնդյունն ու փախչողների կանչերը. Շուրթերը դողում էին, թվում էր անձայն լալիս էր:
–Հայրիկ,– կամացուկ, դողացող ձայնով ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, կանգնելով հոր դիմաց:
Հայրը դանդաղ բարձրացրեց գլուխը:
–Աա՜ … Սաշենկա, – խռպոտ ասաց նա: – Այդ որտե՞ղ ես: Մենք շատ ենք անհանգստանում քեզ համար: Մայրդ արդեն վազվզելուց ուժասպառ է եղել:
–Իսկ ու՞ր է հիմա նա,– հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան, աչք ածելով շուրջը:
–Խարիտոնովների մոտ գնաց, – ուժով բարձրանալով տեղից խոսեց հայրը: – Նրանք արդեն պատրաստ գնում են, իսկ մենք, պարզ է, գնալ չենք կարող, իսկ դու պետք է գնաս, աղջիկս:
Ալեքսանդրա Եմելյանովնան տեսավ, թե ինչպես լցվեցին հոր աչքերը:
–Դու պետք է գնաս,– կրկնեց նա: – Գերմանացիները կգան և, պարզ է, առաջինը ձեզ՝ կոմերիտականներիդ կվերացնեն:
Նա քիչ լռեց ու ասաց.
–Աֆանասին համաձայնեց, քեզ նույնպես վերցնել: Նրանց ձիերն ուժեղ են, ընտանիքն էլ մեծ չի… Մայրդ էնտեղ է, կանչիր…
–Ես ձեզ չեմ թողնի, հայրիկ, ես կմնամ, – ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան վճռական: – Ես ոչ մի տեղ չեմ գնա: – Եվ նա չէր վերջացրել խոսքը՝ հարևան բակից դուրս եկավ մայրը՝ Աննա Եգորովնան՝ վշտահար ու խորշոմած դեմքով: Սպիտակ գլխաշորը սահել էր ուսերին, աճքերն ուռած էին, կարմիր, նա արդեն տեսել էր Ալեքսանդրային և ածուների մեջտեղով արագ գալիս էր:
–Աֆանասին համաձայն է, նա քեզ տեսնում իրենց հետ, – դեռ հեռվից սկսցեց նա: – Ես արդեն ամեն ինչ հավաքել եմ: Դու մեր մասին մի մտածիր, աղջիկս դու գնա: