Աննան անձկությանբ հիշեց Մայայի հետ կատարած իրենց վերջին ճանապարհորդությունը դեպի Ռոստովի Նախիջևան։ Դա չորս տարի առաջ էր , բայց երեկ էր ասես․․․ Տասնչորս տարեկան էր Մայան, և ամեն ինչ շրջապատում գերում, հրապուրում էր նրան։ Գնացքում նա չէր հեռանում պատուհանից։ Երջանկությունից շողում էին նրա աչքերը , շարունակ լսվում էր նրա զրնգույն ձայնը․ «Մայրիկ, նայիր, ինչ գեղեցիկ թավուտներ են»։ «Տես ինչ սքանչելի է մայրամուտը ծովի վրա ․․․»
Ուրիշ ճանապարհորդություն էր հիմա, տխուր ճնապարհորդություն՝ դեպի անհայտություն։
Աննան մի ուրիշ ճանապարհորդություն ևս հիշեց ՝ կապված Մայայի հետ։ Ահա այս ճանապարհով, որն այժմ լցված էր փախստական մարդկանցով, ինքը հիշում է, տարիներ առաջ գնաց Հյուսիսային Դոնեց գետի ափին գտնվող պիոներական ճամբար․ Մայան հանգստանում էր այնտեղ։ Երջանիկ, խաղաղ օրեր էին։ Սքնչելի տեղ էր պիոներական ճամբարը, գետի լայնությունն արդեն հասնում էր մեկ կիլոմետրի, հոսանքը դանդաղ-դանդաղ էր, ջուրը պարզ ու կապույտ, ինչպես մաքուր երկինք։ Մինչև հիմա էլ հիշում է զով անտառները՝ փռված գետի ափերին։ Ինքն ու Մայան ամբողջ մի օր շրջում էին այդ անտառներում, ուր աճում էին երկնասլաց կեչիներ, թխկիներ, սոճիներ ու եղևնիներ, հովտաշուշանի բուրմունքը բռնել էր ողջ անտառը․․․ Իսկ ծառերի վրա գեղգեղում էին անտառային հավքերը․․․ Մայր ու աղջիկ ամբողջ օրը շրջեցին հովասուն անտառում, լողացան գետում, իսկ հետո ափամերձ մի բլրակի նստած երկար երգում էին աղջիկների հետ․․․ Ուժեղ չէր Մայայի ձայնը, բայց դուրեկան էր ։ Հետո Մայայի խնդրանքով ինքը գոպակ պարեց, իսկ Մայան ծիծաղելով ասում էր ընկերուհիներին․ «Տեսնում եք ինչ մայրիկ ունեմ․․․»
Այո, ուրիշ ճանապարհորդություն էր հիմա, ծանր, տխուր ճանապարհորդություն ․․․
–Նու-ո՜ւ․․․-ձիերին խփում էր Միխայիլը, շուրթերով ծպպացնում էր։– նու-ո՜ւ․․․ նու-ո՜ւ․․․
Ինչո՞ւ է այդպես, սրտի ցավով մտածում էր Աննա Փեհլիվանովան։ Ինչո՞ւ մարդ չի կարող ազատ շնչել, մարդիկ ի՞նչ են ուզում իրարից․․․ Ինչի՞ համար են այս կոտորածները, այս փախուստը՝ հարազատ օջախից, այս լաց ու կոծը։ Մի՞թե մեղք չեն մարդիկ․․․
Մայան նստել էր ձիակառքի ետնամասում․ նա չէր խոսում, աչքերը կկոցած նայում էր դեղնած արտերին, որ այնպես տրորվում, տոփանվում էին հազարավոր ոտքերի, անիվների ու ձիերի սմբակների տակ, և ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրան, չէր ափսոսում։ Տեսնես ո՞ւր մնաց Բորյան, տխրությամբ մտածում էր Մայան։ Որտե՞ղ մնացին տղաները, մյուս աղջիկները, Ալեքսանդրա Եմելյանովնան։ Ասաց տանը սպասիր՝ ես քիչ հետո կգամ․․․ Իսկ ինքը ճանապարհվեց։ Կգա, կտեսմի չկամ, կվշտանա․․․
Մտրակն իջնում է ձիերի վրա, կառքը առաջ է վազում։ Դեղնած արտերի մեջ կանգնած մենավոր ծառերը ետ են մնում։ Ծառերը կանգնել են անշարժ, համր։ Ձիակառքի անիվների տակից ժայթքում է թանձր փոշին։ Եվ հանկարծ (Մայան սկզբում լսեց շարժիչների սրնթաց մոտեցող ձայները) ետևից, երկնքի խորքից դուրս սլացավ գերմնական կործանիչների եռյակը։
–Դեպի տափաստան, պառկել,– սարսափելի ձայնով բղավեց Միխայիլը՝ առեղի վրայով ցատկելով գետնին։
Եվ ամբողջ մարդկային զանգվածը ցաքուցրիվ վազեց դեպի տափաստան։
–Պառկել , պառկել ,– այս ու այն կողմից գոռում էին մարդիկ։ Առջևի կործանիչը շտկվեց և հորիզոնական ուղղությամբ թռավ տափաստանի վայով։ Մյուս երկու կործանիչները հետևեցին նրան։ Գնդացրանային կրակահերթի կտկտոցը կարկտի պես իջավ փախստականների վրա։ Առջևում, բեռնատարների կողքին դղրդոցով պայթեց ռումբը։ Բեռնատարներից մեկը բռնկվեց, բոցը շատրվանեց երկինք։ Այս ու այնտեղից սկսեցին ողբալ կանայք։ Սակայն մի ձայն՝ զիլ ու ականջ ծակող, լսվեց բոլորից բարձր։
Մայան բարձրացրեց գլուխը և այն, ինչ տեսավ՝ զարհուրելի էր․ անտիրական սայլերի ու ձիակառքերի արանով, գետնին կպած մարդկանց միջով մի ջահել կին էր վազում երեք-չորս տարեկան տղան գրկին։ Նրա ետևից կանչում էին, իսկ նա չէր լսում, նա անօգնական այս ու այն կողմ էր վազում, ինչ-որ բան էր ասում, և նրան լսող չկար, փոքրիկ տղան՝ ճերմակ գլուխը ետ գցած, թփրտում էր նրա ձեռերի վրա, իկ արյունը հոսում էր կախ ընկած ձեռերն ի վար․․․
Առջևում, մերկ բլրակների վրա դիք բարձրություն վերցնելով, կործանիչները շուռ եկան՝ մի կարճ ակնթարթ ծածկելով արևը, նորից եկան փախստականների վրա՝ դողալով իրենց իսկ գնդացիրների սուր կրակից։ Կինը շարունակում էր վազել՝ խելագար հայացքը պտտեցնելով աջ ու ձախ։ Առջևի կործանիչի կրակահերթը հետևում էր նրան կրկնակոխ։ Բռնեց շեղակի, կինն ընկավ՝ առանց գրկից բաց թողնելով տղային։
Ինչ-որ մեկը, պոկվելով գետնից, ցատկումներով վազեց կնոջ կողմը։ Բայց կրակահերթը կանգնեցրեց նրան վազքի մեջ դեպի առաջ ձգված․ գլուխը շեղակի թեքեց, ապա ընկավ, սողաց և ձեռքը առաջ մեկնելով՝ մարեց։
«Գազաններ»,– շուրթերը կծելով, հեկեկաց Մայան՝ դեմքը սեղմելով տաք գետնին ․․․ Իսկ կործանիչները, խրվելով տապից երերող կապույտ երկնքի մեջ, բարակ սուլոցով հեռացան դեպի հյուսիս-արևմուտք։ Նրանց ետևում, խճուղու վրա ու խճուղուց դուրս տափաստանի վրա, ծխում էին մի քանի բեռնատար մեքենաներ։