Выбрать главу

Հողաթմբերի ու թփուտների ետևից, ցորենի արտերի միջից ու հենց խճուղու մոտից, գետնի վրայից դեռ անվստահ վեր կացան փախստական մարդիկ և քայլեցին դեպի խճուղին՝ փնտրելով իրենց սայլերն ու մեքենանրը, հարազատներին։ Շատ տեղերում, երևի սպանվածների ու վիրավորների մոտ, խմբվում էին մարդիկ, լսվոմ էին կանանց ողբ, տղամարդկանց զուսպ հեկեկոց։ Մայան, անկարող զսպելու ցասման արցունքները, մոր ետևից քայլեց դեպի կառքը ։

Օրն արդեն մայր էր մտնում։

Իսկ մարդկանց, մեքենաների ու սայլերի հոսանքը դեռ հորդում ու հորդում էր փոշեպատ ճանապարհներով։ Հեռվում, անտառների վրա, դեպի ուր գնում էր մարդկային վշտի այդ վիթխարի զանգվածը, պահ էր մտել իրիկնային պայծառ կարմրացոլքը՝ հեռավոր ու ցանկալի։ Գնալով հրացոլքը հալվեց, մնաց միայն երկնքի երկու մասերն իրար կապող մի նեղլիկ շերտ։ Հետո հալվեց այդ շերտն էլ, երկինքը միանգամից դժգունեց, մթնեց։

Նրանք շարժվում էին խճուղու եզրով՝ արդեն հոգնաբեկ, ուժասպառ։ Խճուղին ազատ էր․ այնտեղով, թանձր փոշու միջով, շարունակ գնում, հա գնում էին մեր զինվորները, անցնում էին տանկեր, բեռնատար մեքենաներ՝ թափքերում զինվորներ, որոնք տխրությամբ, երկար նայում էին փախստականների խմբերին։

Խճուղու եզրով գնում էր նաև Պերվոմայկայի հոսպիտալը՝ երկու բուժքրոջ ու բժիշկ Եվգենի Իսաևիչ Խեսինի ուղեկցությամբ։ Բժիշկը լուռ քայլում էր հոսպիտալի ունեցվածքով բարձված սայլերի հետևից։ Այդ սայլերի վրա հերթով նստում էին վիրավորները։ Իսկ բժիշկը չէր նստում՝ ինչքան էլ բուժքույրերը համոզում էին նրան։ «Պետք չէ,– առանց գլուխը բարձրացնելու, ասում էր նա։– Ես դեռ չեմ հոգնել»։

Մայան նրան հանկարծակի նկատեց։ Եվ հիշելով, թե նա ինչպես այն ժամանակ, կոլխոզային շուկայի մոտ խոնարհվեց մինչև գետին, վերցրեց սայլանիվի տակ ջարդված կարտոֆիլն ու դրեց գրպանը։ Եվ ինչ-որ թախծալի զգացում ունեցավ՝ բազմահազար ամբոխի մեջ տեսնելով ճերմակահեր բժշկին։ Նա գնում էր սայլի ետնամասից բռնած, մտքերի մեջ խորասույզ, հոգնած ու գլխիկոր։

Ձիակառքը հավասարվեց սայլերին, սակայն առաջ անցնել չկարողացավ․ առջևում խցանվել էր ճանապարհը։

–Բարև ձեզ, բժիշկ ,– ցած իջնելով կառքից, անհամարձակ ասաց Մայան։

Ծերունին բարձրացրեց աչքերը , գլխով ոդջունեց։

–Հիշո՞ւմ եք, մենք աղջիկներով գալիս էինք ձեզ մոտ՝ հոսպիտալ,– բժշկի կողքից քայլելով, խոսեց Մայան ։-Օգնում էինք ․․․ Նամակներ էինք գրում վիրավորների համար։

Ծերունի բժիշկը մի կարճ պահ նայեց ․ հիշե՞ց , թե՞ մտքերի հետ էր ,– Մայան չհասկացավ։

–Գերմանացիները ուր որ է վերցնելու են Պերվոմայկան ,– ասես ինքն իրեն, ասաց ծերունին, կկոցած աչքերով նայելով անտառների կողմը ։– Կամ արդեն վերցրել են։ Պետք է շուտ անցնել գետանցը։ Կանցնենք գետը, կգնանք Բելոկալիտվենսկայայի ուղղությամբ , թշնամին չի հասնի մեզ․․․ Միայն թե կարողանանք անցնել Դոնեցը․․․

Միառժամանակ լուռ քայլում էին նրանք։

–Իսկ Դոնեցը դծվար կլինի անցնել ,-կրկին խոսեց ծերունին։

–Ինչո՞ւ ,-հարցրեց Մայան ։– Չէ՞ որ կամուրջ կա։

–Այո, բայց առաջին հերթին կանցնեն կարմիր բանակի զորամասերը, որոնք ետ են քաշվում դեպի պաշտպանության նոր բնագծեր՝ Դոնեցի և Դոնի միջև։ Իսկ մենք կսպասենք՝ ով գիտի ինչքան , մինչև կանցնենք գետը։ Ես ծանր վիրավոր ունեմ,-հառաչեց ծերունին և նայելով Մայային, կամացուկ ասաց ․-Նա շարունակ խնդրում է թողնել իրեն։ Դուք գնացեք, ասում է, ես ավելորդ բեռ եմ։ Ես դա գիտեմ, ասում է, ես ավելորդ բեռ եմ, ձեզ խանգարում եմ։ Ես դա գիտեմ , ասում է, թողեք ինձ։

Բժիշկը հայացքով ցույց տվեց սայլը, որի ետնամասից բռնած քայլում էր ինքը։ Սակայն նոր միայն նկատեց, որ սայլում վիրավոր կա։ Բոլորովին պատանի էր , դեմքի թուխ աղվամազը ավելի էր ընդգծում չոր ու գեղեցիկ շուրթերը ։ Պառկել էր երեսը դեպի երկինք, աչքերը փակ, երևի ցավից՝ շուրթերը կծկվում էին երբեմն, դեմքը լարվում էր ։

–Ամբողջ երեք կիլոմետր թշնամու հրաձգության տակ սողալով գնացել է կրակի առաջին գիծը՝ ընկերոջ մոտ ,– մտախոհ ու դարձյալ կամացուկ ասաց ծերունին ։– Մոր նամակը տարել է որդուն, որովհետև ընկերոջ մայրն այնտեղ , թիկունքում ծանր հիվանդ էր , և նրան պետք է վիրահատեին։ Նրան թվացել էր , թե նամակում որևէ լուր կլինի ընկերոջ մոր մասին։ Սակայն նամակը ոչ թե ընկերոջ մայրն էր գրել, այլ գյուղի պիոներները․ նրանք մայիսմեկյան տոնի առթիվ իրենց համագյուղացի մարտիկին շնորհավորական բացիկ էին ուղարկել ․․․ Նա վաշտ էր վերադարձել համարյա արնաքամ, տասներկու տեղից վիրավոր ․․․

Մայան անթարթափ նայում էր վիրավոր տղային, նա նույնիսկ մի երկու քայլ արեց, և մոտիկից, սայլի ճաղերի արանքից, նորից նայեց նրան։

Պատանին ծանր բացեց աչքերը , նայեց մի պահ ։ Եվ նրա գեղեցիկ , անմեղ դեմքը պարուրվեց հիացման ու զմայլանքի վարդագույնով։

–Բարև ձեզ ,– երկչոտ ասաց Մայան , մի պահ դիտելով պատանուն։ Նրա ողջույնին տղան արձագանքեց աչքերի հանդարտ թարթումով։

–Ինչպե՞ս եք,– կարճ դադարից հետո մտերմորեն հարցրեց Մայան ․ասես վաղուց գիտեր նրան ։

Տղան ցույց տվեց ձեռքերով՝ «լավ»։

–Ձեր վերքերը ցավո՞ւմ են։

«Ոչ,-գլխի դանդաղ շարժումով պատասխանեց տղան։– Մի քիչ»,-կամացուկ ավելացրեց նա՝ ցավից կծելով շուրթերը։