Выбрать главу

Առջևում ինչ-որ կառք էր շրջվել՝ փակելով դեպի գետակ իջնող ճանապարհը։ Գոռում –գոչում էին տղամարդիկ։ Աղմուկ էր, իրարանցում։

–Դեն քաշվեք ճանապարհից։ Կառքը դեն քաշեք,– կանչում էին հետևից։

Այնտեղ, առջևում, շրջված կառքի տակ փնչում էր լծաձին։ Ձիու վիզը կոտրել էր և նրան չէին կարողանում հանել առեղի տակից։ Ձիատերը՝ սպիտակ գլխով մի ծերունի, անձայն լալիս էր ։ Կառքը մի կողմ քաշեցին։ Ճանապարհն ազատվեց։ Ձիու մոտ կանգնած լալիս էր ծերունին։ Նրա մոտ, հենց       գետնին, նստել էին մի կին ու երեք փոքրիկ տղաներ։ Կինը նույնպես լալիս էր։ Իսկ երեխաները չէին լալիս․ նրանք դեռ ոչինչ չէին հասկանում։

–Ջուր,-կամացուկ ասաց վիրավոր տղան, դանաղ փակելով աչքերը։

–Ես հիմա կբերեմ։-Մայան արագ գնաց դեպի իրենց ձիակառքը, քիչ անց եկավ՝ հողե կուլան ձեռքին։ Նա թաշկինակը թրջեց ջրի տակ, դրեց տղայի ճակատին։ Տղան դանդաղ ուշքի եկավ։

–Շնորհակալություն, քույրիկ,– երկար նայելով Մայային, արտաբերեց նա։– Քանի կենդանի եմ, չեմ մոռանա ձեզ։ Ձեր աչերում այնքան բարություն կա։

Մայան գորովասիրտ նայում էր նրան։

–Դուք ջուր էիք ուզում,-ասաց նա, ցույց տալով կուլան։-Ջուր եմ բերել։

Տղան ասես չէր լսում։ Նա անթարթ, տամուկ աչքերով նայում էր Մաային ։

–Ինչպե՞ս է ձեր անունը,– կամացուկ հարցրեց նա։

Մայան ասաց։

–Իսկ իմը Մուխտեդին է։ Մուխտեդին Մեհրալիև։ Դաղստանից։ Թել գյուղ։ Լսած կա՞ք՝ Թել ։

–Մայան շարժեց գլուխը՝ «ոչ»։

–Լավ գյուղ է․․․-ծանր խոսեց տղան։ – Շրջապատված է դաշտերով, բլուրներով, ծմակներով։ Ծմակներում գետեր կան, ջրվեժներ․․․ Գիշերները ծմակների էն կողմից շարունակ լսվում է Կասպից ծովի ձայնը։ Գոնե մի անգամ լինեի մեր գյուղում, շրջեի մեր գյուղի դաշտերում, գետերի մոտ նստեի․․․ Բայց դա չի լինի․․․

Մայայի օգնությամբ կիսաբարձրանալով, ջուր խմեց։

Սայլի անիվները դանդաղ գլորվում էին փոշու միջով։ Սալի մեջ պառկած տղան երկար նայում էր երկնքին։ Երկար նայեց, իսկ հետո, առանց հայացքը այնտեղից կտրելու, ասաց ․

–Մեր գյուղի երկինքն էլ այսպես կապույտ է․․․ Իսկ գիշերները դուրս են գալիս աստղերը՝ խոշոր, ցածր , փայլում-փայլփլում են․․․ և այդպես մինչև առավոտ, մինչև բացվում է լույսը․․․ Ինչպես կուզենայի ապրել․․․

–Դուք դեռ շատ կապրեք,– անվստահ ասաց նա։– Ես ինքս եմ լավատես․․․ Իսկ ձեզ չեմ մոռանա,-հանկարծակի նայելով Մայային, աաց նա։ – Որովհետև չի կարելի ձեզ մոռանալ։ Այդպիսի հայացք ու այդպիսի աչքեր չեմ տեսել կյանքում։ Կհիշեի։-Նա քիչ լռեց։-Իսկ դուք կհիշե՞ք ինձ,– հարցրեց նա։

–Կհիշեմ,– անվստահ ասաց Մայան։

–Շնորհակալություն։– Նա լուռ մտածում էր ։– Զարմանալի բան է կյանքը,– կարճ ընդմիջումից հետո խոսեց նա դանդաղ, երազուն հայացքը երկնքին։– Դու չես լինի, դու դա գիտես, բայց ահա քեզ մխիթարանք է պատճառում այն, որ քեզնից հետո քեզ հիշելու են։ Ինչո՞ւ մարդ մխիթարվում է դրանից՝ չես հասկանում։ Բայց և այնպես չես ուզում մեռնել։ Թեկույզ կույր, առանց ձեռք ու ոտքի, թեկուզ ցավերի մեջ գալարվելով՝ ուզում ես ապրել․․․ Սարսափելի է մահը քսանմեկ տարեկան հասակում։ Բայց ես չեմ վախենում։ Ես կմեռնեմ հեշտ ու հանգիստ․․․ Ատում եմ ֆաշիզմը․․․ և եթե այնպես լիներ, որ ունենայի նաև երկրորդ կյանք, առանց մտածելու նորից կգնայի նրանց դեմ կռվելու։ Մայրս է տանջում ինձ․․․ Նրա պատկերը շարունակ աչքիս առաջ է․․․

–Ձեզ չի կարելի խոսել,– ասաց ծերունի բժիշկը՝ մատը տանելով դեպի շուրթերը։ Նա սայլի ետևից հազիվ էր քարշ տալիս ոտքերը։ Չոր շուրթերը շարժվում էին երբեմն․ նա խոսում էր, սակայն ոչինչ չէր լսում։

Մութն ընկել էր արդեն ։ Մտնում էին անտառ։

Անծայրածիր տափաստանի միջով մի աղջիկ էր քայլում։

Նա հոգնել է արդեն, քայլելու ուժ չունի այլևս, բայց գնում է դեռ։

Նա անթիվ ձորակներ է անցել, քայլել է խանձված արտերի միջով, արյունած են ոտքերը, ցավում են, բայց գնում է դեռ։ Ճանապարհներին գերմանացիներից փախած թափառախմբեր են պատահում, նա ինչ-որ բան է հարցնում նրանց, ու նորից քայլում է։

Արևն անցել է։ Երկինքն ավելի կապույտ է։ Իրիկնային կապույտ երկնքով անցնում է կռունկների երամը։ Թախծոտ կանչում են կռունկները՝ կուրլու, կուրլու, կուրլու․․․ Գնալով փոքրանում, կորչում են երկնքի մեջ։ Բայց լսվում է դեռ նրանց հեռացող կանչը։ Տխուր կանչում են կռունկները։

Նորից ձոր, նորից բլրակ՝ առջևում հարթ տարածքն է։ Նա չի կանգնում, եթե կանգնի՝ կընկնի, թվում է։ Ու գնում է նա՝ աչքը խամրող հորիզոնին։ Ու գնում է դեռ։ Ո քայլում է դեռ ․․․

Մութ է։ Խավարի մեջ ինչ-որ խրճիթներ են ուրվագծվում։ Նա ծեծում է նրանցից մեկի դուռը։ «Ո՞վ      է»,-հարցնում են ներսից։ «Յուրային է»,– պատասխանում է։ Սպասում է երկար։ Դուը բացում են, ներս է մտնում։ Երկու հոգի են։ Ծեր։ Նստել են օջախի մոտ, հարցական նայում են աղջկան։ «Նստիր»,– ասում են։ Փլվում է կրակի մոտ դրված թախտին։ Ինչպես ներսից այրվող դեզն է փլվում։ «Ո՞վ ես դու»,– հարցնում են։ Ո՞վ է ինքը։ Ինչպե՞ս բացատրել։

–Իմ անունը Ալեքսանդրա է, Ալեքսանդրա Դուբրովինա։– ասում է նա։ Ընկերուհուս եմ փնտրում, Պերվոմայկայից։ Մայա է անունը․․․ Նա ասաց տանը կսպասեմ։ Ես վերադարձա, իսկ նա չկար ․․․ արդեն մեկնել էր։