Նրան չեն հասկանում։
–Իսկ ո՞ւր են ծնողներդ․․․ Նրանք փախել ե՞ն․․․
–Ոչ․․․ հայրս հիվանդ է․․․նրանք մնացին․․․Ես ընկերուհուս եմ որոնում,– փոխնիփոխ նայելով նրանց, ասում է աղջիկը։ – Մենք շատ ենք մտերիմ․․․
Հարցական նայում են։ Ոչինչ չեն հասկանում։ Իսկ նրա աչքերը ծրարվել են։ Գլուխը թեքվել է կրծքին։ Քնել է․․․
Արդեն գունատվել, ցրտում էր տաք գիշերը։ Եվ լռություն էր։ Քնահար թռչունները ծառերի վրա փոխում էին իրենց տեղերը, հետո նորից լռություն էր լինում։ Միայն տանկերի ու բեռնատար մեքենաների հռնդույնն էր լսվում խճուղու կողմից․ նրաք անդադար գնում էին դեպի արևելք։
Կրակը, որի վրա Մայան գնչուական ծխահամ ապուր էր եփել, վաղուց մարել էր։ Հանգած կրակի մոտ նստել էին նրանք ՝ մայր ու աղջիկ, և անխոս, անորոշ նայում էին գետնին, մի կետի։ Ի՞նչ էր մտածում մայրն այդպես, Մայան չգիտեր։ Մայան ընկերուհիների մասին էր մտածում, Բորյայի ․․․ Հասա՞ն Վորոշիլովգրադ, թե՞ ճանապարհից ետ են դառել,– մտածում էր նա։ Մտաբերեց Ուլյային, Ալեքսանդրա Եմելյանովնային․․․ Մտքերը հանգիստ չէն տալիս։ Նայեց մորը։
–Ինչի՞ մասին ես մտածում, մամ,– վերջապես հարցրեց նա։
Մայրը բարձրացրեց աչքերը, հոգատանջ նայեց աղջկան։
–Մտածելու այնքան բան կա,– տխրությամբ ժպտաց նա։– Քո մասին էի մտածում, -չթաքցրեց մայրը։– Ինչեր էի երազում և ինչ ստացվեց․․․
Հարկավոր էր սփոփական մի բան ասել, և Մայան ասաց․
–Այդպես չի մնա, մամ։ Շուտով մերոնք կհաղթեն․․․ Մերոնք կհաղթեն, և մենք նորից տուն կվերադառնանք։
Մայրը թեքեց հայացքը, դառնորեն քմծիծաղեց։
Նորից լռություն էր։ Միխայիլը, ծանր բարձրանալով տեղից, սկեց լծել ձիերը։
–Ճանապարհը մերն է, հարկավոր է շտապել,– ասաց նա։– Հետո ժողովուրդը շատ կլինի, չենք կարողանա գետն անցել։
Եվ միանգամից անտառն արթնացավ, լցվեց փախստականների ձայներով, սայլանիվների ճռինչով ու թռչունների վաղորդյան կանչերով․․․
Լույսը բացվում էր։
Ինչպես գերանդիները խոտերի մեջ՝ մոտիկ ինչ-որ տեղ բահեր էին զնգում։ Մայան լարեց ուշադրությունը։ Այնտեղ, սլացիկ կեչիներից այն կողմ, փոքրիկ բացատում, կանգ էին առել Պերվոմայկայի հոսպիտալի սայլերը։ Ձայնն այնտեղից էր գալիս։ «Գնամ հրաժեշտ տամ նրանց, – մտքում որոշեց Մայան,– երևի ճանապարհվում են արդեն։ Գուցե չհանդիպենք այլևս․․․»
–Ես հիմա կգամ, մի րոպեով,– բարձրաձայն ասաց նա և վազեց սպիտակին տվող կեչիների արանքով։
Նա նրանց տեսավ դեռ հեռվից։ Սայլերը լծված, պատրաստ էին արդեն, սակայն նրանք, չգիտես ինչու, չէին ճանապարհվում։ Ծառերի տակ գլխիկոր կանգնել էր բժիշկ Եվգենի Իսաևիչ Խեսինը, նրա կողքին՝ երկու բուժքույրերը՝ նունպես գլխիկոր, նրանց մոտ կանգնած էին վիրավորներից մի քանիսը՝ վիրակապերով, անթացուպերով։ Բժիշկը խոսում էր ․․․Մայան մանրաքայլ գնաց։ Չոր ճյուղերը ճրթում էին նրա ոտքերի տակ․ ձայնի վրա բժիշկը ետ նայեց։
–Ա՜․․․ այդ դո՞ւ ես, աղջիկս,– նվաղուն ասաց նա։– Իսկ մենք գնում ենք ,– մի բան ասաց լինելու համար ավելացրեց ծերունին ։-Արդեն ճանապարհվում ենք։
–Մենք նույնպես ճանապարհվում ենք,– առաջ գալով արտասանեց Մայան ։ – Ես եկա հրաժեշտ տալու։
Միջադադար։ Բոլորը լուռ նայում էին Մայային, ասես կարևոր լուր էին սպասում նրանից։ Բժիշկը նույնպես նայեց, բայց մի փոքր պահ միայն , հետո շրջեց հայացքը և ասես ոչ թե Մայայի, այլ նրա վրայով ինչ-որ երրորդի հետ էր խոսում , կիսաձայն ասաց․
–Մենք նրան հողին հանձնեցինք։
–Ինչպե՞ս, – ձեռքերը ակամա կրծքին դնելով, հարցրեց Մայան ՝ անմիջաբար հասկանալով, թե ում մասին է խոսքը, և չթարթող աչքերով նայեց ծերունուն՝ դեռևս չհավատալով լսածին։
–Լույսը չէր բացվել դեռ։ Քույրն ասաց կանչում է,– ցածրաձայն պատմեց ծերունին ։– Գունատ էր։ Ես մեռնում եմ, բժիշկ, ասաց, բոլոր մեռնողներին թվում է, թե չեն մեռնելու, կարծում են դեռ ինչ-որ հրաշք է լինելու, իսկ ես գիտեմ, որ հրաշք չի լինելու․․․Ոչ մի հրաշք․ չեմ տեսնելու մորս, իմ Դաղստանը, մեր Թել գյուղը․․․ Ես մեռնում եմ ․․․ և խնդրում եմ ձեզ, բժիշկ , ասաց (և դա նրա վերջին խոսքն էր), մորս հաղորդեցեք, որ ես, իբրև, անհետ կորել եմ։ Նա էլ ոչ ոք չունի․․․
Ծերունի բժիշկը մատների ծայրերով սրբեց աչքերը ։ Իսկ Մայան կանգնել էր քարացած և նայում էր բժշկի գունատ դեմքին։ Նա չէր կարողանում ուրիշ կողմ նայել, վախենում էր հանդիպել Նրա թարմ շիրմաբլրին։ Նրա ականջում, ինչպես, թույլ ղողանջ՝ խոտերի մեջ հնչում էր բահերի թախծոտ զնգոցը՝ սպիտակ կեչիներից այն կողմ, վաղորդյան նոսր մշուշի մեջ։
Լուսաբացը Ալեքսանդրա Եմելյանովնային գտավ արդեն տափաստանում , ճանապարհից դուրս։ Եվ ի՜նչ գեղեցիկ էր այդ լուսացող երկինքը անծիր տափաստանի վրա։ Ալքսանդրան կանգ առավ մի պահ, նայեց ետ, հրդեհի պես վառվող հորիզոնին, և ինչ-որ կարոտագին ու թախծական բանից սիրտը նվաղուն խփեց։
Աշխարհը արթնանում էր քնից։
Հեռվում, տափաստանի խորքում, ուռենիների մի շարք, ինչ-որ գետակի հետ ոլորվելով գնում, կորչում էր մշուշի մեջ։ Այստեղ –այնտեղ , դարձյալ տափաստանի խորքում, հերձաքարով ծածկված սպիտակ շենքեր էին երևում՝ ամայի բակերով, ստանիցաներ էին երևում, որոնց երդիկներից ծուխ չէր ելնում․․․ Այդ ստանիցաներից դեպի տափաստան ձգվող ճանապարհներին մարդկանց խմբեր էին երևում՝ սայլերով և առանց սայլերի ։