Ալեքսանդրան այդպես մնաց երկար, ասես երկընտրանքի մեջ էր՝ ո՞ր կողմը գնալ, նայեց հասած, համարյա ձեռք չտված ոսկյա արտերին, որ այնպես տարուբերվում, սվսվում էին առավոտվա սյուքից, հայացքը գնաց ձորակների վրայով, որոնք հատակներին ցողից արծաթազօծվել էր բաց կանաչը, լսեց լորի կաղկղան արտեզրին ինչ-որ տեղ։ «Մի՞թե այս բոլորը մնալու է նրանց, – դառնությամբ շշնջաց Ալեքսանդրան։– Տեր աստված, մի՞թե հնարավոր է դա»։ Նրա դեմքի վրա, շուրթերի անկյուններում ու նուրբ կտրվածքի ռունգերում դրոշմվել էին անհայտ ուժի գծագրությունները։ Նա նորից սկսեց քայլել անեզրական տափաստանի միջով․․․
Հուլիսյան արեգակի հրաշեկ սկուտեղից բոց էր թափվում տափաստանում մի քանի կիլոմետր ձգված զինվորականների ու քաղաքացիական մարդկանց երկարաձիգ շարքերի վրա։
Նրանք քայլում էին արևի տակ խաշվելով, հոգնատանջ, անքնությունից ուռած աչքերով, հենց այդպես, երթի ժամանակ նիրհում էին, կերակրում էին երեխաներին, ծանոթություններ հաստատում, եղած ու չեղած բաներ էին պատմում ռազմաճակատից, սակավ հանդիպող ջրհորերի ու գետակների մոտ ջրում էին ձիերին, կոլտնտեսային դաշտերից ու բանջարանոցներից վարունգ ու պոմիդոր էին քաղում, կարտոֆիլ էին հանում ու խորովում հարդից ու ստանցիաների ցանկապատներից վառած խարույկների մոխրի մեջ․․․
Երեկոյան դեմ ետևից արդեն հասնում էին հրանոթային կրակոցների խուլ ձայները։ Գիշերն այդ ձայներն ավելի մոտեցան, նույնիսկ լսվում էին գնդացրային կրակահերթերը։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ հանկարծակի բռնկվում էր երկինքը և հրդեհների հրացոլքներից նի կարճ ակնթարթ լուսավորվում էր մութ տափաստանը։
Իսկ առավոտյան, ինչ-որ այրված ստանցիայի մոտ, նրանց կանգնեցրին, և նրանք բոլորովին առաջ չէին կարողանում շարժվել․ առջևում զորամասեր էին անցնում։ Եվ այստեղ, հեեց ձիակառքի վրայից, խճուղով քայլող ավտոմատավորների ինչ-որ վաշտի մեջ Մայան տեսավ իրենց տանն ապրող լեյտենանտ Վլադիմիր Իգնատևիչ Բեսսոնովին։ Նա թռավ կառքից և հևիհև, գայթելով վազեց վաշտի ետևից ։
–Վլադիմիր Իգնատևիչ, Վոլոդյա,– կանչում էր նա , -շարունակելով վազել ։-Վոլոդյա․․․
Այնտեղ , վաշտում, ետ նայեցին։ Վլադիմիր Իգնատևիչը ակմա կանգ առավ՝ դեռս չհավատալով աչքերին։ Նա արագ ընդառաջ վազեց Մայային ։
–Ահա և մենք հանդիպեցինք,– ասաց Մայան՝ մանրիկ շնչելու և արտաշնչելու արանքում։-Իսկ դուք ասում էիք, կհանդիպենք տասը տարի հետո։
–Այո։ Ես բոլորովին չէի սպասում ,– հուզմունքով արտասանեց Վլադիմիր Իգնատևիչը, նայելով նրան հիացմունքով ու կարոտով, և չհամարձակվելով անգամ մեկնել ձեռքը ։– Տեր աստված, մի՞թե այդ դուք եք․․․ Ես այնքան եմ մտածել ձեր մասին։ Եվ ահա, թե որտեղ հանդիպեցինք։
Նրանք անթարթ նայեցին իրար ։
–Իսկ ո՞ւր է ձեր մայրիկը։ Ինչպե՞ս է նա,– կարճ դադարից հետո հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը, թեպետ բոլորովին ուրիշ բան էր մտածում այդ պահին։
–Նա նույնպես այստեղ է,– ետ նայելով ասաց Մայան։– Գնում ենք դեպի Կամենսկ։ Իսկ հետո ավելի դեն՝ դեպի Սարատով կամ Կույբիշև։
–Դեպի Կամե՞նսկ,– հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը, ինքնաբերաբար բռնելով Մայայի արմունկը։– Հարկավոր չէ,– շտապողական ասաց նա։– Դուք պետք է շուռ գաք դեպի հարավ։ Եվ ինչքան կարելի է, շուտ։ Ես սա ասելու իրավունք չունեի, չի կարելի, բայց ձեզ չասել՝ չեմ կարող, որովհետև դուք ինձ համար ․․․ Ես դա ինչպես բացատրեմ ձեզ, որ հասկանաք․․․ Դուք ինձ համար թանկ եք․․․– շփոթված ժպտաց նա։-Շատ եք թանկ և միշտ թանկ եք եղել․․․
Վլադիմիր Իգնատևիչը փուտկոտ նայեց հեռացող վաշտի ետևից։
–Գնացեք դեպի հարավ՝ Լիխայա։ Միայն դեպի հարավ,– ձեռքերը շարժելով շարունակեց նա։– Իսկ Կամենսկ պետք չէ, որովհետև գերմանացիները անցել են Դոնեցը և ուր որ է՝ կվերցնեն Կամենսկը ։ Այժմ մարտերը Բելոկալիտվեսկայայի մոտ են տեղի ունենում։ Մենք գնում ենք այնտեղ՝ նրանց առաջխաղացումը կասեցնելու։
Մայան լուռ էր։ Ասես այն, ինչ ասվեց հիմա, իրեն չէր վերաբերում։ Նա հոգնել էր։
–Ես սխալ էի, երբ ասում էի, թե կհանդիպենք տասը տարի հետո ,– խոսեց Վլադիմիր Իգնատևիչը անհանգիստ նայելով հեռացող վաշտի ետևից ։– Ես շատ եմ ուզում, որ այն, ինչ մտածում եմ հիմա, նույնպես սխալ կլինի։
–Իսկ ի՞նչ եք մտածում հիմա ,– ակամա հարցրեց Մայան։
–Ես մտածում եմ այն մասին, որ ձեզ այլևս չեմ տեսնելու։ Ե դա հաստատ է,– դառնաժպիտ ասաց նա։– Բայց ես ձեզ չեմ մոռանա։ Որովետև չի կարելի ձեզ մոռանալ։
Մայան հանկարծակի ու սոսկումով նայեց նրան․ այդ խոսքերը նա երեկ ուրիշից լսեց՝ սայլում պառկած վիրավոր զինվորից, և նա չկա այլևս, նա մեռավ․․․ Եվ նա այնքան ջահել ու գեղեցիկ էր, և նրա մայրը հավիտյան մնաց որբ, որովհետև որդուց բացի նա էլ ոչ ոք չունի։
–Դուք ճիշտ չեք,– ջանալով հանգիստ խոսել, ասաց Մայան։– Ես համոզված եմ, որ մենք կհանդիպենք, և այն էլ շուտով․․․
–Ես ձեզ հասկանում եմ, դուք, իհարկե, այն չեք ասում, ինչ մտածում եք,– թախծոտ ասաց նա։– Թող այդպես լինի։ Առանց նման խոսքերի գուցե և հնարավոր չլինի այս դժվար օրերին․․․ Ինչ արած, շնորհակալ եմ․․․ Եվ մնացեք բարով․․․– Եվ սեղմելով Մայայի ձեռքը , նա շրջվեց ու դղրդացնելով զինվորի իր ծանր սապոգները, փոշու միջով քայլեց հեռացող վաշտի ետևից։