Նա գնում ու շարունակ ետ էր նայում։
Ետմիջորեին թափառախումբը նորից սկսեց շարժվել․ զորամասերը արդեն անցել էին։ Փախստականներն այժմ գնում էին միայն դեպի հարավ։
Սակայն երկար գնալ չհաջողվեց․ Նովոշախտինսկի մոտ մոտոցիկլ նստած գերմանացիները հասան նրանց։
–Գերմանացիները ,– դողացող ձայնով ասաց ինչ-որ մեկը՝ սարսափահար հայացքը դեպի ետ, և նրա ասածը վայրկենապես ձայնձնվեց շարքերի մեջ, ինչպես հրամանով՝ բոլորը կանգ առան, և նույնպես նայում էին ետ, դեպի այն բլուրը, որ հենց նոր էին անցել։
Բլրալանջն ի վար, փոշու ամպեր բարձրացնելով, տասնյակ մոտոցիկլետներ իջնում էին դեպի ձորակ, դեպի փախստականները։
–Վերջացավ,– փշրված ձայնով ասաց Միխայիլը, դանդաղ իջնելով կառքից։ Կինը՝ Անաստասիա Դմիտրիևնան, հանկարծ լաց եղավ՝ փոքրիկ Նիկոլայի գլւխը սեղմելով կրծքին, սակայն Միխայիլը դրան ուշադրություն չդարձրեց, և լայն բացված աչքերով նայում էր մոտեցող գերմանացիներին։
«Ահա և նրանք՝ արիական ցեղի բարբարոսները»,– թուլացող սրտով շշնջաց Մայան։ Նա լուռ նայում էր բլրալանջն ի վար հեղեղի պես իջնող մոտոցիկլներին։
Գերմանացիները սլացան թափառախմբերի երկու կողմերով, կտրեցին փախստականների առջևը և, կանգնեցնելով մոտոցիկլետները, գոռում-գոչյունով թափվեցին ամբոխի վրա և սկսեցին կողոպտել նրանց։ Եվ այն , ինչ տեսավ Մայան, ինչ տեղի ունեցավ հետո, մնաց հիշողության մեջ։ Այնտեղ, շարքերի մեջ մի զիլ ծկլթոց եղավ ։ Ինչ-որ մեկը ճչաց հուսակտուր, անզգա նետվեց գետնին։
–Ի՞նչ արեցին, ի՞նչ պատահեց այնտեղ,– անհամբեր ու վախեցած հարցրեց Անաստասիա Դմիտրիևնան ։
–Օյ, սրիկաներ, օյ մարդակերներ,– սիրտ ծակող ցավից կնճռոտելով դեմքը , ասաց Միխայիլը՝ գլուխն օրորելով։– Ուզում էին կողոպտել, իսկ նա չէր թողնում։ Գրկից խլեցին երեխային և ոտքերից բռնելով խփեցին սայլանիվին։ Օյ մարդակերներ, ավազակներ․․․
Կինն այնտեղ ընդոստ վեր թռավ տեղից, Մայան տեսնում էր դա, և կպավ մարդասպանի ավտոմատից։ Սա չէր սպասում, անակնկալի գալով՝ դեն հրեց կնոջը և կրակեց ուղիղ նրա կրծքին։ Կինն ինքնաբերաբար ձեռքերը տարավ կրծքին, մատների արանքով հոսեց արյունը, մի քայլ առաջ եկավ, մի քայլ ևս, ծնկները ծալվեցին, ընկավ որդու մոտ, գլւխը սեղմեց նրա տաք մարմնին, հանգավ․․․
–Հրեշներ,– հեկեկաց Մայան և երեսը ծածկեց ձեռքերով։– Գարշելի արարածներ։– Եվ նա դեռ լալիս էր , դեռ ձեռքերը չէր բարձրացրել դեմքից՝ մոտեցող աղմուկ լսեց։ Այդ նրանք էին՝ գերմանացիները, և ձայներն էլ մարդու չէին ասես՝ կատաղած շան հաչոցներ էին։ Մայան ետ տարավ ձեռքերը, շրջվեց։ Սաղավարտ հագած գերմանացիները տակնուվրա էին անում կառքը։ Հանեցին մոր թևի ժամացույցն ու Միխայիլի գիրզե սապոգները, ինչ-որ բաներ վերցրին նրանց ճամպրուկներից, իսկ իր ճամպրուկից վերցրին ամառային չթե անթև շրջազգեստը, փոքրիկ մկրատը, սանրը, երկու քորոց․․․ Մայան, ասես չհավատալով տեսածին, ապշահար, չթարթող աչքերով երկար նայում էր նրանց ու ոչինչ չէր կարողանում ասել։
–Ռուս շվայն, կապուտ,– գոռում էին սաղավարտավորները, հափշտակած իրերը խցկելով պարկերի մեջ ։-Դուք անկուլտուրական ժողովուրդ, վայրենի խոզեր, մենք ձեզ սովորեցնենք․․․
Ավելի քան երկու շաբաթ, գիշեր ու ցերեկ ամայի տափաստանում, բաց երկնքի տակ մնացին նրանք՝ Պերոմայկայի ու շրջակա ստանցիաների, խուտորների ու գյուղերի, Ստալինոյի ու Վորոշիլովգրադի մարզերի փախստականները։ Օգոստոսի սկզբին եկավ Նովոշախտինսկի գերմնական պարետի հրամանը՝ ուրիշ տեղերից եկած մարդիկ վերադառնան իրենց բնակավայրերը։
–Նորից ետ, դեպի տուն՝ ֆաշիստների մոտ,– հոգնաբեկ ասաց Միխայիլը։ Ձիերը լծելիս նրա ձեռքերը դողում էին։
Ամբողջ գիշերը մանր անձրև էր տեղացել, և հիմա, չնայած արևին գետինը խոնավ էր, կանաչները թաց։ Երիցուկի բյուրծաղկաթերթերից արցունքների պես կախվել էին անձրևակաթիլները, և դրանց մեջ, ինչպես արևի տակ թափված ապակու փշրանքների մեջ, արտացոլվել էր արևը։ Անթիվ, անհամար ծաղկաթերթեր, անթիվ, անհամար արցունքներ․․․
Մայան դուրս եկավ ծառերի արանքից, ուր գիշերը պատսպարվել էին անձրևից, և քայլեց դեպի կառքը․․․ Նա հանկարծակի կանգ առավ, զգալով, որ ամբոխի միջից մեկը սևեռուն նայում էր իրեն։ Մայան ետ շրջվեց ու մնաց այդպես կանգնած․ ոչ այնքան հեռու կանգնել էր Ալեքսանդրա Եմելյանովնան՝ մի քանի օրվա մեջ նիհարած, ոտաբոբիկ․․․ Նա ժպտում էր՝ անուժ պահելու արցունքները։
–Ալեքսանդրա Եմելյանովնա,– արցունքներից խեղդվելով, շշնջաց Մայան, կարոտանքով նայելով ընկերուհուն։– Սաշենկա․․․
Նրանք գնացին իրար ընդառաջ։ Կագ առան՝ դեռևս չհավատալով իրենց աչքերին։
–Տեր աստված, մի՞թե դու ես ,– շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովնան, նույպես արցունքներից խեղդվելով, կծելով շուրթերը։– Ես այնքան եմ որոնել քեզ, քանի օր է շարունակ քայլում եմ․ ես այլևս ուժ չունեմ Մայա․․․
–Սաշենկա,– խանդաղատանքով ու ջերմեռանդ արտաբերեց Մայան, պոռթկուն շարժումով գրկելով նրան։– Տասնյակ կիլոմետր ոտքով եկել ես իմ ետևից ․․․ Ինչո՞ւ էիր տանջում քեզ․․․