–Իսկ դու ասացիր կսպասես,– իբր կշտամբանքով շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովնան , -և ընկերուհու հանդեպ ունեցած սիրուց նվաղեց նրա սիրտը ։– Եկա տեսա տանը չես ․․․ Խելագարվել կարելի էր․․․
–Այդպես ստացվեց․․․ Դու ինձ ներիր, Սաշենկա․․․ Կառքն արդեն պատրաստ էր, ինձ էին սպասում։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես ստացվեց ,– արագ –արագ ասում էր Մայան , – ես քեզ հայտնելու հնարավորություն չունեցա, ներիր ․․․ Իսկ հիմա ետ ենք գնում, Պերվոմայկա․․․
Աննա Փեհլիվանովան արցունքների միջից ժպտալով նայում էր նրանց։
Նրանք Պերվոմայկա հասան օգոստոսի կեսերին, ցերեկը։
Հեղձուկ ու տխուր օր էր։ Արևը բարձրից, երկնքի խորքից անաստվածորեն այրում էր; Ոչ ձայն, ոչ ճպտուն։ Արտասավոր լուռ էր Պերվոմայկան, և շուրջը՝ ողջ տափաստանը։
Մայան նստել էր պատուհանի առջև, քիչ առաջ խոնարհված, նայում էր տնամերձի կողմը , ուր մայրը առաջ ու ետ էր քայլում։ Ինչ-որ խոսում էր։ Ինչ էր խոսում նա՝ ներսում չէր լսվում։
Մայան բաց արեց պատուհանի փեղկը ու լսեց, թե ինչպես կամացուկ թխկաց բակի դռնակը և ինչ-որ մեկի թեթև, փոքրիկ ոտքերը վազեցին բակի միջով, բարձրացան պատշգամբ։ Դուռն առանց թակելու բացվեց, և Ուլյան, ոսկեզօծուն մազերը կրծքից ետ գցելով, վազեց դեպի Մայան ։
–Իմ փախստական աղջիկ ,– ծիծաղելով ու լաց լինելով արտասանեց Ուլյան՝ աչքերը փակ, շնչահեղձ լինելով։– Դու իմ խելառ գնչուհիկ, սրտաբուխ շշնջաց նա՝ փուտկոտ ու ջերմությամբ փաթաթվելով Մայային ու նրա հետ պտտվելով սենյակում։– Ես հենց նոր իմացա, որ եկել ես, Վասյա Բոնդարևը ասաց, և պատկերացնել չես կարող, քիչ մնաց դուրս թռչեր սիրտս․․․
–Վասյա՞ն,– զարմանքով ընդատեց Մայան։– Նա որտեղի՞ց իմացավ։
–Չգիտեմ,– ասաց Ուլյան արագ շնչելով,– հենց որ ասաց, բակում լվացք էի փռում, թողի ու մի գլուխ վազեցի քեզ մոտ։ Ասես մի տարի է չէի տեսել քեզ, այնպես էի կարոտել։ Եվ ահա տեսա։ Դե պատմիր,– նստելով Մայայի դիմաց, ցածրիկ աթոռակին, ասաց Ուլյան, սպասողական նայելով նրան։
–Ի՞նչ պատմեմ,– դառնաժպիտ ասաց Մայան։– Մի՞թե հնարավոր է մի բան պատմել։ Ավելի ճիշտ՝ մի՞թե հնարավոր է բոլորը պատմել։ Սարսաելի է, Ուլյա,– հանկարծակի ցածրացնելով ձայնը, աաց Մայան, ծանր օրորելով գլուխը։ – Ամեն ինչ սարսափելի էր ։– Ավելի լավ է՝ դու պատմիր ․ ի՞նչ լուր կա տղաներից, որտե՞ղ են նրանք։
–Տղաները եկել են։ Երեկ չէ մյուս օրն են եկել։ Նիհար, սևացած։ Ընկել էին շրջափակման մեջ, հետո հաջողվել է փախչել։ Այնպիսի բաներ են պատմում ․․․ Հրեշներ են դրանք՝ այդ գերմանացիները։ Ճիտ եմ ասում։
–Բորյան ինչպե՞ս է, – ուշացումով հարցրեց Մայան, չհամարձակվելով նայել Ուլյային։
–Լավ է։ Բոլորն էլ լավ են։ Նա քեզ համար շատ էր անհանգստանում։
–Ճի՞շտ,– թույլ ժպտաց Մայան, թեթակի կարմրելով։
–Այո, – ջերմագութ վրա բերեց Ուլյան ։ – Եվ, չնայած գերմանական նոր կարգի համաձայն արգելվում է երեկոյան հինգից հետո փողոց դուրս գալ, երեկ ուշ երեկոյան ինքը և Տոլյան եկան ինձ մոտ։ Երկար զրուցում էինք ։ Նա շարունակ քո մասին էր խոսում։
–Ո՞ւր են հիմա նրանք ։
–Տեղ են գնացել։ Չգտեմ ինչու՝ չասացին թե ուր։ Բորյան ասաց՝ մի երկու օր կուշանանք։ Կարևոր գործ կա, ասաց։
–Իսկ մենք չկարողացանք անցնել Դոնեցը,– անսպասելի ասաց Մայան։ – Գերմանացիները հասան մեզ․․․ Եվ ահա մենք վերադարձել ենք ։
–Համարյա բոլորն են եկել,– չգիտես հուսադրելո՞ւ, թե՞ հենց այնպես, մի բան ասած լինելու համար, աաց Ուլյան։ – Պերվոմայկայից ինչքան գնացող է եղել՝ վերադարձել են։ Մեր դասարանից դու էիր մնացել, և ահա դու էլ ես եկել։ Քիչ հետո կգան աղջիկները, նրանք, երևի, չգիտեն դեռ։ Ալեքսանդրա Եմելյանովնան նույնպես չգիտի հավանաբար, հարկավոր է հայտնել, թե չէ կնեղանա։
Մայան ժպտաց․
–Մենք միասին վերադարձանք այսօր։
–Ինչպե՞ս ,– հարցրեց Ուլյան և զարմանքից աչքերն ավելի խոշորացան։ – Նա չէր մեկնել, նա այստեղ էր․․․
–Նովոշախտինսկի մոտ գտավ մեզ ,– հպարտությամբ ասաց Մայան, շողացող աչքերը դարձնելով Ուլյային։– Իմ ետևից էր եկել՝ սմքած, արյունած ոտքերով։ Հազիվ էր կանգնած մնում։
–Ես նախանձում եմ քեզ, Մայեչկա,– ասաց Ուլյան՝ արագ թարթելով աչքերը։– Այդպիսի մի ընկերուհի ունենայի․․․ կյանքս անգամ չէի խնայի նրա համար։ Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան ․․․ Ես նրան առաջ էլ հարգում էի, բայց հիմա իմ աչքում նա կրկնակի բարձրացավ։ Ինչպիսի ազնիվ հոգի․․․ Չէ, նախանձում եմ քեզ, Մայեչկա, ինչ ուզում ես ասա։
–Իսկ մի՞թե Վալյա Ֆիլատովան վատ ընկերուհի է։
–Դու գիտես, որ մանկությունից սկսած մենք նրա հետ մտերիմներ էինք,– մտախհ ասաց Ուլյան ։– Այս բոլոր տարիներին մենք իրար հետ կիսել ենք մեր վիշտն ու ուրախությունը, շարունակ միասին ենք եղել և, պատկերացնել չես կարող , առանց նրան ապրած իմ մի օրը տանջանք է եղել ինձ համար։ Ես Վալյային հիմա էլ աշխարհի չափ սիրում եմ, բայց, ինչպես ասեմ քեզ, տարբեր մարդիկ ենք մենք, Մայա։ Բոլորովին տարբեր։ Դժվարության դեպքում նա չի դիմանա․ ես դա հաստատ գիտեմ։ Ես հիմա էլ սիրում եմ նրան, և գուցե դա սեր էլ չէ արդեն, գուցե պարզապես խղճում եմ նրան, չգիտեմ․․․Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան ․․․ Նա քեզ հետ կգա մինչև աշխարհի վերջը։