Выбрать главу

Պեյզլիրկա տատիկը մոտեցավ սեղանին, ողբալով․

— Սուրբ աստվածածի՜ն, Սկոչիցայի Մարիամ, ախր ինչո՞ւ ես ոտք դրի այս տունը։

Խաչի վրայից նրան նայում էր Քրիստոսի տանջված դեմքը, մոմերը մխում էին, և այդ ամենը պառավին մի սարսափելի և անդրերկրային բան էր թվում։ Նա բոլորովին իրեն կորցրել էր, ծնկներն իրար էին զարկվում, ձեռքերը դողում էին։ Պառավը բարձրացրեց մատները ծալած ձեռքը, և ժանդարմական վախմիստրը հանդիսավորապես, արտահայտիչ եղանակով արտասանեց երդման խոսքերը.

— Երդվում եմ ամենակարող աստծուն և ձեզ, պարոն վախմիստր, որ մինչև մեռնելս ոչ ոքի չեմ ասի, ինչ որ տեսել ու լսել եմ այստեղ, չեմ ասի, եթե նույնիսկ ինձ հարցնելու լինեն։ Աստված ինձ օգնական։

— Հիմա համբուրեցեք խաչը,— հրամայեց վախմիստրը, երբ Պեյզլիրկան բարձրաձայն հեծկլտալով կրկնեց երդումը և երկյուղածորեն խաչակնքեց երեսը։— Այդպես, իսկ հիմա խաչելությունը տարեք տվեք ումնից որ բերել եք և այնտեղ ասացեք, թե խաչելությունն ինձ հարկավոր էր հարցաքննության համար։

Շվարած Պեյզլիրկան, խաչելությունը ձեռքին, ոտքի մատների վրա դուրս եկավ սենյակից, և լուսամատից երևում էր, թե ինչպես նա րոպեն մեկ հետ էր դառնում ու նայում ժանդարմական բաժանմունքին, ասես ցանկանալով համոզվել, որ եղածը երազ չէր և իսկապես քիչ առաջ նա ապրել էր իր կյանքի ամենասոսկալի պահերից մեկը։

Այդ միջոցին վախմիստրն արտագրում էր իր զեկուցագիրը, որ նա գիշերը լրացրել էր թանաքակաթիլներով, դրանցով այնպես լղոզելով տեքստը, որ կարծես մարմելադ լիներ։

Նա կրկին վերամշակեց ամբողջ զեկուցագիրը և հիշեց, որ մոռացել է Շվեյկին, հարցաքննել ևս մի բանի մասին։ Վախմիստրը հրամայեց Շվեյկին բերել և նրան հարցրեց.

— Լուսանկարել դիտե՞ք։

— Գիտեմ։

— Իսկ ինչո՞ւ լուսանկարչական ապարատ չունեք։

— Որովհետև լուսանկարչական ապարատ չունեմ,— անկեղծորեն խոստովանեց Շվեյկը։

— Իսկ եթե ապարատ ունենայիք, կլուսանկարեի՞ք,— հարցրեց վախմիստրը։

— Եթե մորաքույրս տղամարդ լիներ, նրան քեռի կասեի,— պարզասրտորեն ասաց Շվեյկը, իր հանգիստ հայացքով պատասխանելով վախմիստրի փորձող հայացքին։

Այդ պահին վախմիստրի գլուխը նորից այնպես ցավեց, որ նա չկարողացավ տալ այլ հարց, քան միայն այս.

— Արդյոք կայարաններ լուսանկարելը դժվա՞ր է։

— Ավելի հեշտ, քան մի այլ բան,— պատասխանեց Շվեյկը։― Նախ՝ կայարանը չի շարժվում, այլ կանգնած է միևնույն տեղում, իսկ, երկրորդ, կարիք չկա նրան ասելու. «Աշխատեցեք ժպտալ»։

Այժմ վախմիստրը կարող էր իր զեկուցագրին ավելացնել․ «Zu dem Berich։, №2172, melde ich»[23]։ Այդ լրացումի մեջ վախմիստրը ազատություն տվեց իր ոգևորությանը.

«Խաչաձև հարցաքննության ժամանակ ձերբակալվածը, ի միջի այլոց, ցուցմունք տվեց, թե լուսանկարել գիտե և ավելի շատ սիրում է կայարաններ լուսանկարել։ Թեև խուզարկելիս նրա մոտ լուսանկարչական ապարատ չգտնվեց, բայց կասկած կա, որ նա որևէ տեղ թաքցրել է հիշյալը և այն չի կրում միայն նրա համար, որ կասկած չհարուցի։ Դա հաստատվում է նաև նրա սեփական խոստովանությամբ, թե կլուսանկարեր, եթե մոտը ապարատ ունենար…»։

Վախմիստրը խումարից ավելի ու ավելի էր խճճվում լուսանկարչական ապարատին վերաբերվող իր հաղորդման մեջ։ Նա գրեց.

«Ձերբակալվածի ցուցմունքներից միանգամայն պարզորեն բխում է, որ միայն ապարատ չունենալու հանգամանքն է նրան խանգարել լուսանկարելու երկաթուղային կառույցները և առհասարակ ստրատեգիական նշանակություն ունեցող վայրերը։ Կասկածի ենթակա չէ, որ նա իր մտադրությանը ի կատար կածեր, եթե իր թաքցրած վերոհիշյալ լուսանկարչական ապարատը մոտը լիներ։ Միայն շնորհիվ այն հանգամանքի, որ ապարատը մոտը չի եղել, նրա մոտ ոչ մի լուսանկար չհայտնաբերվեց»։

Վախմիստրն իր ստեղծագործությունից շատ գոհ էր և պարծենալով կարդաց եֆրեյտորի համար․

— Հաջող է դուրս եկել,— ասաց նա։— Տեսնում եք, ինչպես պետք է կազմել զեկուցագրերը։ Այստեղ ամեն ինչ պետք է լինի։ Հետաքննությունը, սիրելիս, այնքան էլ հեշտ բան չէ, և որ գլխավարն է, հարկավոր է զեկուցագրի մեջ ամեն ինչ վարպետորեն շարադրել, որպեսզի վերին ինստանցիայում բերանները բաց մնա։ Հապա նրան բերեք այստեղ։ Ժամանակն է այս գործը վերջացնելու։

— Եվ այսպես, պարոն եֆրեյտորը ձեզ կտանի Պիսեկի ժանդարմական շրջանային վարչություն,— ասաց նա Շվեյկին լուրջ դեմքով։— Համաձայն հրահանգի, անհրաժեշտ է ձեզ ուղարկել ձեռնակապերով, բայց նկատի առնելով, որ իմ կարծիքով դուք կարգին մարդ եք, ձեր ձեռքերը չենք շղթայի։ Համոզված եմ, որ ճանապարհին փախչելու փորձ չեք անի։— Եվ վախմիստրը, ըստ երևույթին զգացված այն բարեհոգությունից, որ դրոշմված էր Շվեյկի դեմքին, ավելացրեց.

— Ինձ բարի հիշեցեք։ Տարե՛ք դրան, պարոն եֆրեյտոր, ահա ձեզ իմ զեկուցագիրը։

— Մնաք բարով,— քնքշաբար ասաց Շվեյկը։— Շնորհակալություն, պարոն վախմիստր, ձեր բոլոր լավությունների համար։ Առիթ լինելիս ձեզ նամակ կգրեմ, իսկ թե որ ձեր կողմերն ընկնեմ՝ անպայման կայցելեմ։

Շվեյկն ու եֆրեյտորը դուրս եկան խճուղի, և ով որ տեսներ նրանց, թե ինչպես են մտերմաբար զրուցում, պիտի կարծեր, թե վաղեմի ծանոթներ են, որ հանկարծ ճանապարհին հանդիպել և միասին գնում են որևէ տեղ, ասենք, եկեղեցի։