— Երբեք մտքովս չէր անցնի,— ասում էր Շվեյկը,— թե Բուդեյովիցի ճանապարհը կարող է այսքան դժվար լինել։ Դա ինձ հիշեցնում է այն դեպքը, որ պատահել է Կոբիլիսցի մսագործ Խաուրոյին։ Մի անգամ նա Մորանում հասնամ է Պալացկու արձանին և սկսում շուրջը պտտվել մինչև առավոտ, կարծելով, թե պատի երկայնքով է քայլում, իսկ պատը վերջ չունի։ Մարդը հուսահատվում, առավոտյան դեմ բոլորովին հալից ընկնում է և սկսում «օգնությո՛ւն» բղավել։ Իսկ երբ ոստիկանները վազելով գալիս են, նրանց հարցնում է, թե ինչպես պետք է գնա Կորիլիս՝ իր տունը, որովհետև, ասում է, արդեն հինգ ժամ է քայլում եմ ինչ-որ պատի երկայնքով, որը վերջ չունի։ Ոստիկանները նրան ձերբակալում են, իսկ նա ոստիկանական բաժանմունքում ամեն ինչ ջարդուփշուր է անում։
Եֆրեյտորը ոչինչ չասաց և մտածեց․ «Ախր ինչի՞ համար ես ինձ պատմում այդ ամենը։ Նորից սկսել է գլուխս եղել իր այդ Բոլդեյովիցիով»։
Նրանք անցնում էին լճակի մոտով, և Շվեյկն սկսեց հետաքրքրվել, թե նրանց շրջանում շա՞տ ձկնորսներ կան, որ ձուկը որսում են առանց թույլտվության։
— Այստեղ բոլորը որսագողեր են,— պատասխանեց եֆրեյտորը։— նրանք նախկին վախմիստրին ուզում էին խեղդել։ Լճակի պահակը նրանց հետույքները դաղում է խոզաստևով լցրած փամփուշտներով, բայց բան դուրս չի գալիս, քանի որ շալվարների մեջ թիթեղ են դնում։
Եվ եֆրեյտորը հարևանցիորեն անդրադարձավ առաջադիմության թեմային, այն հարցին, թե մարդիկ մինչև ո՛ւր են հասել և թե ինչպես են իրար խաբում, ապա զարգացրեց մի նոր տեսություն, թե պատերազմը մի մեծ բարիք է ամբողջ մարդկության համար, որովհետև կարգին մարդկանց հետ սպանվում են նաև շատ սրիկաներ ու խաբեբաներ։
— Առանց այն էլ աշխարհում չափից շատ մարդ կա,— ասաց նա խորիմաստորեն։— Բոլորի համար նեղվածք է, մարդիկ չտեսնված շատ են բազմացել։
Նրանք մոտենում էին իջևանատանը։
— Այսօր շատ ցուրտ է,— ասաց եֆրեյտորը։— Կարծում եմ, վատ չէր լինի մի-մի գավաթ խմեինք։ Այնտեղ ոչ ոքի չասեք, թե ձեզ Պիսեկ եմ տանում։ Դա պետական գաղտնիք է։
Եֆրեյտորի աչքերի առաջ հառնեց կենտրոնից ստացված հրահանգը կասկածելի անձանց և յուրաքանչյուր ժանդարմական բաժանմունքի պարտավորությունների մասին, ըստ որի անհրաժեշտ է «կասկածելի անձանց մեկուսացնել տեղական բնակչությունից և խստորեն հետևել, որ այդպիսիներին հաջորդ ինստանցիա ուղարկելը շրջանի ազգաբնակչության մեջ ավելորդ խոսակցությունների ու ասեկոսեների տեղիք չտա»։
— Չլինի թե ձեր բերանից խոսք թռցնեք, թե ինչ պտուղ եք,— ասաց եֆրեյտորը։— Ոչ ոքի գործը չէ, թե դուք ինչ եք արել։ Խուճապի առիթ չտաք։ Պատերազմի ժամանակ խուճապը շատ վատ բան է։ Բավական է մեկը բերանից մի բան թռցնի, իսկույն կտարածվի ամբողջ շրջանում։ Հասկացա՞ք։
— Ես խուճապ չեմ առաջացնի,— ասաց Շվեյկը և հիրավի իրեն պահեց ըստ իր այդ հայտարարության։
Երբ իջևանատերը փորձեց նրա հետ խոսել, Շվեյկը հազիվ լսելի ձայնով ասաց.
— Այ, եղբայրս ասում է, թե մի ժամից կհասնենք Պիսեկ։
— Ուրեմն, ձեր եղբայրն արձակուրդի մե՞ջ է,— հարցրեց հետաքրքրասեր պանդոկապետը եֆրեյտորին։
Վերջինս բոլորովին չշփոթվելով՝ պատասխանեց.
— Այսօր նրա արձակուրդը վերջանում է։
Երբ պանդոկապետը մի կողմ քաշվեց, եֆրեյտորը Շվեյկին աչքով արեց ու ասաց.
— Գլուխը լավ եղեցինք։ Գլխավորը խուճապ չառաջացնելն է։ Պատերազմական ժամանակ է։
Իջևանատուն մտնելուց առաջ եֆրեյտորն ասել էր, թե մի գավաթ խմելը վատ չէր լինի, սակայն այն ժամանակ նա չափից ավելի լավատես էր եղել, քանզի չէր նախատեսել, թե այդ գավաթների թիվը որքանի պիտի հասներ։ Տասներկուերորդ գավաթը պարպելուց հետո նա բարձրաձայն և վճռականորեն հայտարարեց, թե շրջանային ժանդարմական բաժանմունքի պետը մինչև ժամը երեքը ճաշում է և միտք չունի դրանից առաջ տեղ հասնել, մանավանդ որ դրսում բուք է։ Եթե Պիսեկ հասնեն երեկոյան ժամը չորսին, ապա մինչև վեցն ինչքան ասես ժամանակ կմնա։ Եղանակից երևում է, որ ստիպված են լինելու մթնով գնալ։ Հիմա շուտ կամ ուշ գնալու միջև ոչ մի տարբերություն չկա, Պիսեկը տեղից չի փախչի։
— Մենք պետք է ուրախ լինենք, որ նստած ենք տաք տեղում,— եզրափակեց նա։— Այս եղանակին ավելի վատ է գտնվել այնտեղ, խրամատներում, քան մեզ պես նստել այստեղ, վառարանի մոտ։
Կաֆելապատ մեծ վառարանը ջերմություն էր բուրում, և եֆբեյտորը հավաստեց, թե անհրաժեշտ է զանազան քաղցր ու թունդ թրմօղիներով արտաքին ջերմությունը լրացնել ներքին ջերմությամբ, ինչպես ասում են Գալիցիայում։ Իջևանատերն ուներ ութ տեսակ թրմօղի, և նա նրանց հետ միասին սկսեց փարատել իջևանատան ձանձրույթը, իր տնակի շուրջը մոլեգնող բուքի աղմուկի տակ հերթականորեն ու անշտապ անուշ անելով թրմօղիների բոլոր տեսակները։
Եֆրեյտորը բարձրաձայն գոռում էր իջևանատիրոջը, որ իրենից հետ չմնա, և մի գլուխ խմում էր, շարունակելով նրան մեղադրել, թե քիչ է խմում։ Բայց դա բացարձակ զրպարտություն էր, քանի որ իջևանատերն արդեն հազիվ էր կարողանում ոտքի վրա մնալ, շարունակ պահանջում էր, որ «ինն» խաղան, և նույնիսկ ասաց, թե անցյալ գիշեր արևելքից թնդանոթաձգության ձայն է լսել։ Եֆրեյտորն ի պատասխան զկռտաց.