Выбрать главу

— Ա-այդ մե՜կը թող։ Առանց խուճապի։ Այդ մասին մենք հրահանգ ունենք,— և սկսեց բացատրել, որ հրահանգ նշանակում է վերջին կարգադրությունների հավաքածու։

Այդ միջոցին նա բերնից խոսք թռցրեց մի քանի գաղտնի շրջաբերականների մասին։ Իջևանատերն այլևս ոչինչ չէր հասկանում։ Միակ բանը, որ նա կարողացավ կմկմալով ասել, այն էր, թե շրջաբերականներով հնարավոր չէ պատերազմ շահել։

Արդեն օրը մթնել էր, երբ եֆրեյտորը որոշեց Շվեյկի հետ ճանապարհ ընկնել դեպի Պիսեկ։ Քուրքի մեջ երկու քայլի վրա ոչինչ չէր նշմարվում։ Եֆրեյտորն անդադրում կրկնում էր․

— Հո՛ւպ տուր ուղիղ մինչև Պիսեկ։

Այդ բանը երրորդ անգամ ասելիս նրա ձայնը լսվեց ոչ թե խճուղուց, այլ ներքևում գտնվող ինչ-որ տեղից, ուր նա գլորվել էր ձյան վրայով։ Հրացանին հենվելով նա մի կերպ դուրս եկավ ճանապարհի վրա։ Շվեյկը լսեց նրա խուլ ծիծաղը․ «Կարծես սահադաշտ լինի»։ Մի րոպե անց նրա ձայնը նորից լսվեց․ նա դարձյալ գլորվեց դարալանջն ի վար, այնպես գոռալով, որ խլացրեց քամու սուլոցը.

— Ընկնում եմ, խուճա՛պ։

Եֆրեյտորն այդ պահին նման էր աշխատասեր մրջյունի, որը որևէ տեղից ցած գլորվելով՝ նորից համառորեն դեպի վեր է մագլցում։ Հինգ անգամ կրկնելով այդ վարժությունը և, վերջապես, հասնելով Շվեյկին, նա վհատված ասաց․

— Ես հիմա կարող էի ձեզ հեշտությամբ կորցնել։

— Բարեհաճեցեք չանհանգստանալ, պարոն եֆրեյտոր,— ասաց Շվեյկը։— Ամենից լավն այն կլինի, որ մենք մեկ-մեկու կապվենք, այն ժամանակ իրար չենք կորցնի։ Ձեռնաշղթան ձեզ մո՞տ է։

— Ամեն մի ժանդարմ պարտավոր է մոտը ձեռնաշղթա ունենալ,— ծանրակշիռ կերպով ասաց եֆրեյտորր,— սայթաքելով Շվեյկի կողքին։— Դա մեր հացն է հանապազօրյա։

— Դե որ այդպես է, եկեք իրար լծվենք,— առաջարկեց Շվեյկը,— փորձը փորձանք չէ։

Եֆրեյտորը մի ճարպիկ շարժումով ձեռնաշղթայի մի օղակն ամրացրեց Շվեյկի, իսկ մյուսը՝ իր ձեռքին։ հիմա նրանք, երկուսով իրար էին միացել, ինչպես Սիամի երկվորյակները։ Երկուսն էլ սայթաքում էին, և եֆրեյտորն իր հետևից Շվեյկին քաշ էր տալիս քարակույտերի միջով, իսկ ընկնելիս նրան ձգում-տանում էր իր հետևից։ Այդ միջոցին ձեռնաշղթայի օղակները խրվում էին նրանց ձեռքերի մեջ։ Վերջապես եֆրեյտորն ասաց, թե այդպես շարունակել չի կարելի և հարկավոր է անջատվել։ Իրեն ու Շվեյկին ձեռնաշղթայից ազատելու երկար ու ապարդյուն ջանքերից հետո եֆրեյտորը հառաչելով ասաց.

— Մենք իրար կապված ենք հավիտյանս հավիտենից։

— Ամե՛ն,— ավելացրեց Շվեյկը, և շարունակեցին դժվարին ճանապարհը։

Եֆրեյտորին համակել էր անլուր մի հուսահատություն։ Երկար տառապանքներից հետո նրանք ուշ երեկոյին քաշեքաշ հասան Պիսեկ։ Ժանդարմական վարչության սանդուղքի վրա եֆրեյտորը Շվեյկին վհատված ասաց.

— Մեր բանը բուրդ է, մենք իրարից չենք պոկվի։

Եվ հիրավի, նրանց բանը բուրդ էր։ Հերթապահ վախմիստրը մարդ ուղարկեց վարչության պետ ռոտմիստր Քյոնիգին կանչելու։ Ռոտմիստրի առաջին իսկ խոսքն այս եղավ.

— Շնչեցեք դեմքիս։ Հիմա ամեն ինչ հասկանալի է։

Իր փորձառու հոտառության օգնությամբ նա արագ ու անսխալ սահմանեց հետևյալ դիագնոզը.

— Ռոմ, կոնտուշովկա, չյորտ, սնձօղի, ընկույզօղի, բալօղի և վանիլօղի։ Պարոն վախմիստր,— դիմեց նա իր ստորադրյալին,— ահա ձեզ օրինակ, թե ժանդարմն ինչպիսի տեսք, չպիտի ունենա։ Նման օյիններ խաղալը այնպիսի մի հանցագործություն է, որ կքննի ռազմական դատարանը։ Մարդ էլ ձեռնաշղթայով ինքն իրեն կապի՜ կալանավորին և գա թունդ հարբած, այստեղ մտնի այսպիսի անասունի կերպարանքով։ Արձակեցեք դրանց ձեռնաշղթաները։

Եֆրեյտորն իր ազատ մնացած ձեռքով պատիվ տվեց։

— Էլ ի՞նչ կա, հարցրեց նրան ռոտմիստրը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ռոտմիստր, զեկուցագիր եմ բերել։

— Հենց ձեր մասին զեկուցագիր կուղարկվի դատարան,— կարճ ու կտրուկ ասաց ռոտմիստրր։— Պարոն վախմիստր, երկուսին էլ նստեցնել։ Վաղն առավոտյան նրանց կբերեք մոտս հարցաքննության, իսկ Պուտիմից եկած այդ զեկուցագիրը նայեցեք և ուղարկեցեք ինձ՝ իմ բնակարանը։

Պիսեկի ռոտմիստրը տիպիկ չինովնիկ էր՝ ստորադրյալների նկատմամբ խիստ և մինչև ուղն ու ծուծը բյուրոկրատ։

Նրան ենթակա ժանդարմական բաժանմունքներում մարդիկ երբեք չէին կարող թեթևացած սրտով ասել. «Է՜հ, փառք աստծու, սև ամպն անցավ»։ Սև ամպը վերադառնում էր ռոտմիստր Քյոնիգի ձեռքով ստորագրված ամեն մի նոր գրության հետ։ Առավոտից մինչև երեկո ռոտմիստրը նկատողություններ, հիշեցումներ ու նախազգուշացումներ էր գրում և առաքում ամբողջ շրջանին։

Պիսեկի բոլոր ժանդարմական բաժանմունքների գլխին սև ամպեր կախվեցին պատերազմի հենց սկզբից։

Մարդկանց տրամադրությունն անտանելի էր։ Բյուրոկրատական որոտները ճայթում էին ժանդարմների գլխին, և շարունակ մերթ այս, մերթ այն վախմիստրի, եֆրեյտորի, շարքային ժանդարմների կամ գրասենյակային ծառայողների վրա շանթեր էին տեղում։

— Եթե մենք ուզում ենք հաղթել,— ասում էր ռոտմիստր Քյոնիգը ժանդարմական բաժանմունքները կատարած իր տեսչական ուղևորությունների ժամանակ,— հարկավոր է հասնել տրամաբանական վախճանի. «ա»-ն պետք է լինի «ա», «բ»-ն՝ «բ»։

Նա իր շուրջն ամենուրեք դավադրություններ ու դավաճանություններ էր կասկածում։ Հաստատ համոզված էր, որ իր շրջանի ամեն մի ժանդարմ պատերազմական ժամանակին հատուկ մեղքեր ունի և որ նրանցից յուրաքանչյուրն այդ լուրջ ժամանակ քիչ զանցանքներ չի գործել։