Выбрать главу

Իսկ վերից, Պաշտպանության մինիստրությունից, իրեն՝ ռոտմիստրին ռմբակոծում էին հրամաններով և դիտել տալիս, թե, ըստ զինվորական մինիստրության տեղեկությունների, Պիսեկի շրջանից զորակոչված զինվորներն անցնում են թշնամու կողմը, և Քյոնիգին խթանում էին, որ ավելի աչալուրջ հետևի շրջանի բնակչության լոյալությանը։ Այդ ամենը ծանր էր նրա համար։ Նա լավ գիտեր, որ երբ զորակոչված զինվորների կանայք իրենց ամուսիններին ճանապարհում են ռազմաճակատ, վերջիններս նրանց խոստանում են, թե թույլ չեն տա, որ իրենց սպանեն հանուն թագավոր կայսեր։

Սևադեղին հորիզոնները ծածկվում էին հեղափոխության ամպերով։ Սերբիայում ու Կարպատներում զինվորներն ամբողջ գումարտակներով անցնում էին թշնամու կողմը։ Անձնատուր էին եղել Քսանութերորդ և Տասնմեկերորդ գնդերը։ Վերջինս կազմված էր պիսեկցիներից։ Այդ նախահեղափոխական ահեղ մթնոլորտում Վոդյանիից գալիս էին զինվորագրվածներ՝ կրծքներին արհեստական սև մեխակներ։ Պիսեկի կայարանով գալիս-անցնում էին Պրագայից եկող զինվորները, որոնք հետ էին շպրտում այն սիգարետներն ու շոկոլադները, որ հորթատար վագոններում նրանց մատուցել էին Պիսեկի բարձրաշխարհիկ տիկինները։ Մի ուրիշ անգամ, երբ Պիսեկի կայարանով անցել էր մի երթային գումարտակ, մի քանի պիսեկցի հրեաներ, իբր թե զինվորներին ողջունելով, գոռացել էին. «Heil! Nieder mit den Serben!»[24]։ Նրանց քիթ ու մռութն այնպես էին արնաշաղախ արել, որ դրանից հետո նրանք մի ամբողջ շաբաթ փողոցում չերևացին։

Եվ մինչդեռ տեղի էին ունենում այդ դեպքերը, որոնք պարզ ցույց էին տալիս, որ եկեղեցիներում ավստրիական «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնի ամենօրյա երգեհոնային կատարումը պարզապես մի հնամաշ ոսկեզօծանք է և համընդհանուր երեսպաշտություն,— ժանդարմական վարչություններից ստացվում էին alà Պուտիմ գրված արդեն հայտնի պատասխաններ, թե ամեն ինչ միանգամայն կարգին է, պատերազմի դեմ ոչ մի ագիտացիա չի մղվում, բնակչության տրամադրությունն է Ia, իսկ խանդավառությունը՝ Ia, Ib։

— Դուք ժանդարմներ չեք, այլ գորոդավոյներ,— հայոհոյում, էր ռոտմիստրը իր ուղևորությունների ժամանակ։— Փոխանակ ձեր զգոնությունը հազար տոկոսով բարձրացնելու, դուք հետզհետե դառնում եք անասուններ։— Այդ կենդանաբանական հայտնագործությունից հետո, նա ավելացնում էր.― Տանը պառկում եք փեչերի վրա ու մտածում. «Mit ganzen Krieg kann man uns Arsch lecken!»[25]

Դրան հետևում էր դժբախտ ժանդարմների պարտականուկթյունների թվարկումը և մի դասախոսություն ժամանակակից քաղաքական դրության, ինչպես և այն մասին, թե անհրաժեշտ է լավ աշխատել, որպեսզի ամեն ինչ կարգին լինի։ Այնուհետև, իդեալական ժանդարմի համարձակ ու պայծառ նկարագիրը տալուց հետո,— մի իդեալ, որի նպատակն է Ավստրիայի հզորացումը,— գալիս էին սպառնալիքները, կարգապահական տույժերը, տեղափոխություններն ու հանդիմանությունները։

Ռոտմիստրը հաստատ համոզված էր, որ կանգնած է պետական շահերի պաշտպանության դիրքերում, որ ինքն ինչ-որ բան է փրկում և որ, իրեն ենթակա բաժանմունքների բոլոր ժանդարմները ծույլեր, եսասերներ, խարդախներ ու խաբեբաներ են, որոնք ոչնչով չեն հետաքրքրվում, բացի օղուց, գարեջրից և գինուց, և, հարբեցողությամբ զբաղվելու բավականաչափ միջոցներ չունենալով, կաշառք են վերցնում, կամաց-կամաց, բայց հիմնովին սասանելով Ավստրիան։

Միակ մարդը, որին նա վստահում էր, իր ժանդարմական շրջանային վարչության վախմիստրն էր, սակայն սա էլ պանդոկում շարունակ այսօրինակ բաներ էր ասում. «Այսօր էլ մի օյին խաղացի մեր ծեր ապուշի գլխին»։

Ռոտմիստրն ուսումնասիրում էր Շվեյկի մասին Պուտիմի ժանդարմական վախմիստրի ուղարկած զեկուցագիրը, իսկ նրա ասաջ կանգնած էր իր վախմիստր Մատեյկան և մտքում, գրողի ծոցն էր ուղարկում ռոտմիստրին ու նրա բոլոր զեկուցագրերը, քանի որ ներքևում, գարեջրատանը, իրեն սպասում էր «շնապսի» մի պարտիա։

— Օրերս ես ձեզ ասացի, Մատեյկա,— ասաց ռոտմիստրը,— որ մեծագույն ապուշը, որին տեսել եմ կյանքումս, Պրոտիվինի վախմիստրն է։ Բայց, դատելով այս զեկուցագրից, Պուտիմի վախմիստրն արդեն վաղուց նրան գերազանցել է։ Այն զինվորը, որին բերեց այդ շուն շանորդի հարբեցող եֆրեյտորը,— հիշո՞ւմ եք, նրանք շների պես կցված էին,— բնավ էլ լրտես չէ։ Դա ամենայն կասկածից դուրս է։ Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական դասալիք։ Վախմիստրն իր զեկուցագրի մեջ ամեն տեսակ ցնդաբանություններ է դուրս տալիս։ Երեխան էլ կհասկանա, որ սրիկան Պապի պրելատի պես հարբած է եղել։ Անմիջապես այստեղ բերեք այդ զինվորին,— հրամայեց նա, աչքի անցկացնելով Պուտիմից ուղարկված զեկուցագիրը։— Կյանքումս այսպիսի իդիոտական բառակույտ չեմ տեսել։ Դեռ ավելին, նա այդ կասկածելի տիպին ուղարկում է այստեղ այնպիսի մի էշի ուղեկցորդությամբ, ինչպիսին է իր եֆրեյտորը։ Այդ մարդիկ ինձ լավ չեն ճանաչում։ Մինչև որ իմ առաջ վախից շալվարները մի երեք անգամ չլցնեն, չեն համոզվի, որ ինձ հետ հանաք անել չի կարելի։

Եվ ռոտմիստրն սկսեց բարբառել, թե ժանդարմները հրամանների վրա ուշադրություն չեն դարձնում և զեկուցագրերը կազմելու ձևից երևում է, որ ամեն մի վախմիստր ամեն բան կատակի է տալիս ու աշխատում միայն գործը խճճել։