Երբ վերևից վախմիստրների ուշադրությունը հրավիրում են այն բանի վրա, թե իրենց շրջանում բացառված չէ հետախույզների հայտնվելը, ժանդարմական վախմիստրներն սկսում են բազմաթիվ այդպիսի հետախույզներ հնարել, իսկ եթե պատերազմը երկարի, ապա բոլոր ժանդարմական բաժանմունքները գժանոցների կվերածվեն։
Թող գրասենյակը հեռագրի Պուտիմ, որ վաղը վախմիստրը գա Պիսեկ։ Նա, ռոտմիստրը, նրա գլխից կհանի այդ «մեծ նշանակություն ունեցող դեպքը», որի մասին գրում է իր զեկուցագրի մեջ.
— Ո՞ր գնդից եք փախել,— դիմավորեց Շվեյկին ռոտմիստրը։
— Ոչ մի գնդից։
Ռոտմիստրը նայեց Շվեյկին ու նրա դեմքին տեսավ մի կատարյալ անհոգություն։
— Որտեղի՞ց եք ձեռք բերել համազգեստը,— հարցրեց ռոտմիստրը։
— Յուրաքանչյուր զինվորի, երբ նա մտնում է զինվորական ծառայության մեջ, համազգեստ են տալիս,— քնքշաբար ժպտալով պատասխանեց Շվեյկը։— Ես ծառայում եմ Իննսունմեկերորդ գնդում և ոչ միայն չեմ փախել իմ գնդից, այլ ընդհակառակը:
Այդ «ընդհակառակը» նա արտաբերեց այնպիսի մի շեշտով, որ ռոտմիստրը, դեմքին հեգնական կարեկցանքի արտահայտություն տալով, հարցրեց.
— Ինչպե՞ս թե «ընդհակառակը»։
― Շատ պարզ,— բացատրեց Շվեյկը։— Ես գնում եմ իմ գունդը, որոնում եմ այդ գունդը և գիմում դեպի այդ գունդը, այլ ոչ թե փախչում նրանից։ Ես միայն այն մասին եմ մտածում, թե ինչպես ավելի շուտ ընկնեմ իմ գունդը։ Ես չափազանց ջղայնացած եմ, որ, ինչպես նկատում եմ, հեռանում եմ Չեխական Բուդեյովիցիից։ Երևակայեցեք, ամբողջ գունդն ինձ է սպասում։ Պուտիմի վախմիստրը քարտեզի վրա ցույց տվեց, որ Բուդեյովիցին գտնվում է հարավում, իսկ հարավի փոխարեն ինձ ուղարկեց հյուսիս։
Ռոտմիստրը միայն ձեռքը թափահարեց, կարծես ցանկանալով ասել․ «Նա ավելի թունդ օյիններ է սարքում, քան մարդկանց հյուսիս ուղարկելը»։
— Ուրեմն, չե՞ք կարողանում գտնել ձեր գունդը,— ասաց նա,— փնտրում էի՞ք ձեր գունդը։
Շվեյկը նրան բացատրեց ամբողջ իրադրությունը։ Տվեց Թաբորի և այն բոլոր վայրերի անունները, որոնց միջով դիմել էր դեպի Բուդեյովիցի, այն է՝ Միլևսկո—Կվետով—Վրաժ—Մալչին—Զիմովա—Սեդլեց―Գորաժդյովիցի—Ռադոմիշլ—Պուտիմ―Շտեկնո—Ստրակոնիցի—Վոլին—Դուբ—Վոդնյանի—Պրոտիվին և դարձյալ Պուտիմ։
Նա մեծ ոգևորությամբ նկարագրեց իր պայքարը ճակատագրի դեմ, ռոտմիստրին պատմեց, թե ինչպես ամեն կերպ ջանում էր հաղթահարել Բուդեյովիցիի Իննսունմեկերորդ գնդի ճանապարհին ընկած բոլոր արգելքներն ու անջրպետները և թե ինչպես իր բոլոր ջանքերն ապարդյուն էին լինում։
Շվեյկը ոգևորված խոսում էր, իսկ ռոտմիստրը թղթի վրա մատիտով մեքենայաբար գծում էր այն կախարդական շրջանը, որի միջից քաջարի զինվոր Շվեյկը չէր կարողացել դուրս պրծնել իր գունդը փնտրելիս։
— Ի՛նչ խոսք, հերկուլեսյան աշխատանք է,— ասաց, վերջապես, ռոտմիստրը, բավականությամբ լսելով Շվեյկի այն խոստովանությունը, թե ինքը վշտացած է, որ այդքան ուշանում և չի կարողանում ժամանակին հասնել իր գոլնդը։— Անկասկած զարմանալի տեսարան է եղել, երբ դուք պտտվել եք Պուտիմի շուրջը։
— Ամեն ինչ արդեն պարզ կլիներ,— ասաց Շվեյկը,— եթե չլիներ այդ թշվառ Պուտիմի պարոն վախմիստրը։ Ոչ անունս հարցրեց, ոչ գնդի համարը, և ամեն ինչ մի տեսակ թարս էր պատկերացնում։ Պարզապես նա ինձ պետք է ուղարկեր Բուդեյովիցի, իսկ այնտեղ զորանոցում նրան կասեին՝ արդյոք ես իր գունդը փնտրող Շվե՞յկն եմ թե մի կասկածելի անձնավորություն։ Այսօր ես կարող էի արդեն երկու օր իմ գնդում լինել և կատարել զինվորական պարտականություններս։
— Իսկ ինչու Պուտիմում չասացիք, թե թյուրիմացություն է տեղի ունեցել։
— Տեսա, որ նրա հետ խոսելն ավելորդ է։ Երբեմն, գիտե՞ք, մարդ այնպես է քարանում, որ ամեն բանի նկատմամբ դառնում է խուլ ու անտարբեր, իսկը քոթուկ, ինչպես պատահում էր Վինոգրադիի պանդոկապետ Ռամպային, երբ նրանից պարտք էին խնդրում։
Փոքր-ինչ խորհելուց հետո ռոտմիստրը հանգեց այն եզրակացության, թե իր գնդին հասնել փափագող և այդ փափագը կատարելու համար մի ամբողջ շուրջերկրյա ճանապարհորդություն ծրագրած մարդը ցայտուն դեգեներատ է, և, պահպանելով գրասենյակային ոճի գեղեցկությունները, մեքենագրուհուն թելադրեց ներքոհիշյալը.
Չեխական Բուդեյովիցիի նորին մեծության 91-րգ գնդի շտաբին
«Սույնին կից որպես առդիր հղվում է ձեզ Շվեյկ Յոզեֆը, որը, իր պնդմամբ, հանդիսանում է վերոհիշյալ գնդի շարքային և, համաձայն իր ցուցմունքների, Պիսեկի շրջանի Պուտիմում ժանդարմների կողմից ձերբակալվել է դասալքության կասկածանքով։ Վերոհիշյալ Շվեյկ Յոզեֆը պնդում է, թե գնում էր վերոգրյալ գունդը։ Հղյալը ունի միջինից ցածր հասակ, դիմագծերը սովորական են, քիթը սովորական, աչքերը կապույտ, առանձին նշաններ չունի։ Սույնին կից հղվում է ձեզ վերոհիշյալի պարենավորման հաշիվը, որը բարեհաճեցեք փոխանցել Պաշտպանության մինիստրության հաշվին, խոնարհաբար խնդրելով հավաստել հղյալի ընդունումը։ C. l առդիրով ուղարկվում է նաև ձերբակալության մոմենտին ձերբակալվածի վրա եղած պետական իրերի ցուցակը, որոնց ընդունումն ևս անհրաժեշտ է հավաստել։»