Գնացքում, Պիսեկից մինչև Բուդեյովիցի, Շվեյկի համար ժամանակն արագ ու աննկատ անցավ։ Շվեյկին ուղեկցում էր մի ջահել նորընծա ժանդարմ, որը աչքը չէր հեռացնում նրանից և սաստիկ վախենում էր, որ չլինի թե փախչի։ Ամբողջ ճանապարհին ժանդարմին մտատանջում էր մի ահարկու պրոբլեմ․ «Ի՞նչ պիտի անի, եթե հանկարծ իր մեծ կամ փոքր պահանջը հոգալու համար արտաքնոց գնալու անհրաժեշտություն զգա»։
Հարցր լուծվեց այսպես։ Ժանդարմը որոշեց անհրաժեշտության դեպքում Շվեյկին տանել իր հետ։
Կայարանից Բուդեյովիցիի Մարինյան զորանոցները գնալիս ժանդարմը ամբողջ ճանապարհին աչքը չէր հեռացնում Շվեյկից և ամեն անգամ որևէ անկյունի կամ խաչմերուկի մոտենալիս, իբր թե հենց այնպես, խոսք էր գցում, թե ուղեկցորդին քանի մարտական փամփուշտ է տրվում։ Ի պատասխան նրա ասածի, Շվեյկն արտահայտում էր իր հաստատ համոզումը, թե ոչ մի ժանդարմ իրեն թույլ չի տա փողոցի մեջ կրակել, քանի որ դյուրավ կարող է դժբախտություն պատահել։
Ժանդարմը վիճում էր նրա հետ, և երկուսն էլ չնկատեցին, թե ինչպես հասան զորանոց։
Արդեն երկրորդ օրն էր, ինչ պորուչիկ Լուկաշը հերթապահում էր զորանոցում։ Նա, ոչինչ չնախազգալով, գրասենյակում սեղանի առաջ նստած էր, երբ նրա մոտ բերին Շվեյկին ու հանձնեցին գրությունները։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նորից ես այստեղ եմ,— հանդիսավորապես ասաց Շվեյկը պատիվ տալով։
Այդ տեսարանին վկա է եղել պրոպորշչիկ Կոտյակոն, որն հետո պատմում էր, թե երբ պորուչիկ Լուկաշը լսեց Շվեյկի ձայնը՝ վեր թռավ, ձեռքերով բռնեց գլուխն ու ընկավ Կոտյակոյի թևերի վրա։ Երբ նրան ուշքի բերին, Շվեյկը, որ ամբողջ ժամանակ կանգնած էր ձիգ, ձեռքը հովարին կցած, մի անգամ էլ կրկնեց.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նորից ես այստեղ եմ։
Պորուչիկ Լուկաշը, բոլորովին սփրթնած, դողդողացող ձեռքով վերցրեց ուղեկցական թղթերը, ստորագրեց, բոլորին հրամայեց դուրս գալ և, ժանդարմին ասելով, թե ամեն ինչ կարգին է, Շվեյկի հետ փակվեց գրասենյակում։
Այդպես ավարտվեց Շվեյկի Բուդեյովիցյան անաբազիսը։ Կասկած չի կարող լինել, որ եթե նրան զրկած չլինեին տեղաշարժման ազատությունից, նա ինքը կհասներ Բուդեյովիցի։ Եթե պետական հիմնարկները իրենց էին վերագրում Շվեյկին իր ծառայության վայրն հասցնելու պատիվը, ապա դա պարզապես սխալ էր։ Շվեյկի եռանդն ու կռվելու անհագ ցանկությունն ունեցող մարդու համար իշխանությունների միջամտությունը տվյալ դեպքում միայն խոչընդոտ էր։
Շվեյկն ու պորուչիկ Լուկաշը իրար էին նայում։
Պորուչիկի աչքերն արտահայտում էին կատաղություն, սպառնալիք և հուսահատություն։ Շվեյկը պորուչիկին նայում էր քնքշալի ու սիրավառ աչքերով, ինչպես իր կորցրած ու վերստին գտած սիրուհուն։
Գրասենյակը լուռ էր եկեղեցու պես։ Լսելի էր միայն, թե ինչպես ինչ-որ մեկը գնում-գալիս է միջանցքում։ Մի բարեխիղճ հոժարական, որ զորանոցում մնացել էր հարբուխի պատճառով,— մի բան, որ պարզ երևում էր նրա ձայնից,— խոնթխոնթալով անգիր էր անում. «Ինչպես պետք է ընդունել օգոստոսափառ գերդաստանի անդամներին վերջիններիս կողմից բերդերն այցելելու ժամանակ»։ Պարզ լսվում էին հետևյալ բառերը.
«Sobald die höchste Herrschafft in die Nähe der Festunganlängt, ist des geschütz auf allen Bastionen und Werken abzufeuern, dar Plätzmajor empfängt die selbe mit dem Degen in der Hand zu Pferde, und reitet Sodann vor»[26]։
— Լռեցեք, լսո՞ւմ եք,— գոռաց պորուչիկը դեպի միջանցքը։— Կորե՛ք գրողի ծոցը։ Եթե զառանցում եք, գնացեք անկողին մտեք։
Լսելի էր, թե ինչպես ջանասեր հոժարականը հեռանում է և թե ինչպես միջանցքի ծայրից արձագանքի պես հնչում է նրա խոնթխոնթացող ձայնը.
«In dem Augenblicke, als der Kommendant salutiert, ist das Abfeuern des Geschützes zu wiederholen, welches bei dem Absteigen der höhsten Herrschaft zum drittenmale zu gesshehen hat»[27]։
Իսկ պորուչիկն ու Շվեյկը շարունակում էին անխոս իրար նայել, մինչև որ, վերջապես, առաջինը կծու հեգնանքի տոնով չասաց․
— Բարով եկաք Չեխական Բուդեյովիցի, Շվե՛յկ։ Ում որ վիճակված է կախվել, երբեք չի սկի։ Ձեզ ձերբակալելու օրդերն արդեն գրված է, և վաղը դուք կգնաք գունդը զեկույցի։ Ձեր պատճառով ես ջղերս չպիտի քայքայեմ։ Ձեր երեսից արդեն բավական տանջվել եմ։ Համբերելու տեղ չմնաց։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես եմ կարողացել այսքան երկար ապրել ձեզ նման ապուշի հետ։
Պորուչիկն սկսեց գրասենյակում գնալ ու գալ։
— Ո՛չ, դա պարզապես անտանելի է։ Զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա ձեզ չեմ գնդակահարել։ Ինձ ի՞նչ պիտի անեին դրա համար։ Ոչինչ չէին անի։ Ինձ կարդարացնեին, հասկանո՞ւմ եք։
— Ճիշտ այդպես, պարոն պորուչիկ, լիովին հասկանում եմ։
— Թողեք ձեր այդ ապուշային օյինները, թե չէ իսկապես արժանին կստանաք։ Հիմա ձեր հախից կգան։ Ձեր հիմարություններով դուք այնքան հեռուն գնացիք, որ ի վերջո բանը աղետի հասցրիք։
Պորուչիկ Լուկաշը ձեռքերը շփեց.
— Հիմա չեք պրծնի։
Ապա նորից մոտեցավ սեղանին, մի թղթի կտորի վրա մի քանի տող գրեց, կանչեց հերթապահին և հրամայեց Շվեյկին տանել պրոֆոսի մոտ և գրությունը հանձնել նրան։
Հերթապահը Շվեյկին տարավ բակի միջով, և պորուչիկն անսքող ուրախությամբ նայում էր, թե ինչպես է բացվում այն դուռը, որին փակցված էր սևադեղին մի տախտակ՝ «Regimentsarrest»[28] մակագրությամբ, թե ինչպես Շվեյկը անհետանում է դռան հետևում և ինչպես մի րոպե հետո պրոֆոսն այնտեղից դուրս է գալիս մենակ։