Выбрать главу

Իր խոստովանությունն հոժարականը ավարտեց այս հանդիսավոր խոսքերով.

— Կարթագենն անգամ ընկավ, Նինվեից միայն ավերակներ մնացին, սիրելի բարեկամ, բայց, այնուամենայնիվ, մարդ պետք է գլուխը բարձր պահի։ Թող չկարծեն, որ եթե ինձ ռազմաճակատ ուղարկեն՝ գեթ մի անգամ կկրակեմ։ Regimentsraport![32] Հեռացնե՜լ դպրոցից։ Կեցցե՜ նորին կայսերական ու թագավորական մեծության կրետինիզմը։ Ինչպե՜ս չէ, նրանց համար տնքամ դպրոցում ու քննություններ հանձնեմ։ Կադետ, յունկեր, պոդպորուչիկ, պորուչիկ… Թքել եմ դրանց բոլորի վրա. Offiziersschule! Behandlung jener Schüler derselben, welche einen Jahrgangrepetieren müssen![33] Ամբողջ բանակը կաթվածահար է եղել։ Հրացանը, որ ուսին են կրում, ա՞ջ թե ձախ, կապրալը քանի՞ աստղ ունի։ Evidenzhaltung Militärreservemänner! Himmelherrgott[34]. Ծխելու բան չկա, ընկեր։ Կուզե՞ք ձեզ սովորեցնեմ առաստաղին թքել։ Նայեցեք, թե ինչպես պետք է անել։ Առաջուց մի բան մտածեցեք, և ձեր ցանկությունը կկատարվի։ Գարեջուր սիրո՞ւմ եք։ Կարող եմ ձեզ հիանալի ջուր հանձնարարել, ա՛յ, այնտեղ, կժի մեջ։ Եթե ուզում եք ախորժակով ուտել, խորհուրդ եմ տալիս գնալ «Քաղքենիական զրույց» ռեստորանը։ Բացի դրանից, ձանձրույթը փարատելու համար խորհուրդ եմ տալիս ոտանավորներ գրել։ Ես այստեղ արդեն վի ամբողջ էպոպեա եմ հորինել․

Պրոֆոսն ո՞ւր է։ Քնած է նա,

Մինչև որ մեզ վրա կտան.

Այնժամ քնից նա կարթնանա,

Եվ երբ արկերը որոտան՝

Նա թշնամու կրակի տակ

Կկառուցի այնժամ հորից

Մահճակալից ու աթոռից

Բարիկադներն իր անխորտակ։

Եվ ի պատիվ արքունիքի

Կբղավի ավյունով լի.

«Մենք թշնամու հախից կգանք,

Կեցցե՜ կայսրը մեր պաշտելի»։

— Տեսնո՞ւմ եք, ընկեր,— շարունակեց թանձրամարմին հոժարականը,— իսկ դուք ասում եք, թե ժողովուրդն այլևս առաջվա պես չի հարգում մեր պաշտելի միապետին։ Տեսնո՞ւմ եք, մի կալանավոր, որ նույնիսկ ծխելու բան չունի և որը պետք է գնդային զեկույցի ներկայանա, գահին նվիրված լինելու սքանչելի օրինակ է տալիս ձեզ և ձոներ հորինում ի պատիվ միացյալ ու անբաժանելի հայրենիքի, որի գլխին տալիս են։ Նրան զրկել են ազատությունից, բայց նրա բերանից հորդում են կայսրի նկատմամբ անսահման նվիրվածություն արտահայտող խոսքեր։ «Morituri te salutant, Caesar!»։ Մեռնելու գնացողները ողջունում են քեզ, Կեսա՜ր։ Իսկ պրոֆոսը անպիտան մարդ է։ Ինչ ասել կուզե, լավ ծառա ունենք։ Երեկ չէ մյուս օրը նրան հինգ կրոն տվի, որ գնա սիգարետ բերի, իսկ նա, այդ շուն շանորդին, այս առավոտ ինձ ասում է, թե այստեղ ծխել չի կարելի, թե, իբր, դրա պատճառով ինքը գլխացավանքի մեջ կընկնի։ Իսկ այն հինգ կրոնը, ասում է, կվերադարձնի ռոճիկը ստանալիս։ Այո՛, ընկեր, հիմա ոչ ոքի և ոչ մի բանի չպետք է հավատալ։ Բարոյականության լավագույն սկզբունքները խեղաթյուրվել են։ Կալանավորին թալանե՞լ։ Եվ այդ տիպն ամբողջ օրն իր քեֆին երգում է.

«Wo man singt da leg’ dich sicher nieder,

böse Leute haben keine Lieder!»[35]

Ա՜յ քեզ սրիկա, խուլիգան, խարդախ, դավաճան։

Դրանից հետո հոժարականը Շվեյկին հարցրեց, թե նա ինչ մեղք է գործել։

— Քո գո՜ւնդն էիր փնտրում,— ասաց հոժարականը։— Լավ զբոսապտույտ է։ Թաբոր—Միլևսկո—Կվետով—Վրաժ—Մալչին—Չիժովա—Սեդլեց—Գորաժդյովիցի—Վոլին—Դուբ—Վոդնյանի—Պրոտիվին—Պուտիմ—Պիսեկ—Բուդեյովիցի… Տատասկո՜տ ճանապարհ։ Եվ վաղը պետք է զեկույցի ներկայանաք գնդապետին։ Ո՜հ, սիրելի եղբայր, մենք կհանդիպենք պատժավայրում։ Վաղը մեր գնդապետ Շրեդերը նորից մեծ բավականություն կվայելի։ Չեք կարող պատկերացնել, թե գնդում տեղի ունեցող դեպքերն ինչպես են ներգործում նրա վրա։ Տիրոջը կորցրած շան պես, սատկած զամբիկի պես լեզուն դուրս գցած, սկսում է բակով մեկ վազվզել։ Իսկ նրա ճառե՜րը, նախազգուշացումները, որոնց ժամանակ փսլնքոտ ուղտի պես աջ ու ձախ թքոտում է։ Խոսում է անվերջ, և մարդու թվում է, թե նրա բղավոցից Մարինյան զորանոցների պատերը փուլ կգան։ Ես հո նրան լավ եմ ճանաչում, մոտը զեկույցի եմ գնացել։ Նորակոչին ներկայացել էի երկարաճիտ սապոգներով ու ցիլինդրով և, որովհետև դերձակը չէր հասցրել կարել զինվորական համազգեստ, վարժադաշտ մտա այդ կերպարանքով։ Կանգնեցի ձախ թևում և սկսեցի քայլել բոլորի հետ միասին։ Գնդապետ Շրեդերը ձին քշելով մոտեցավ ինձ, քիչ էր մնում գետին գլորեր։ «Was machen Sie hier, Sie zivilist?!»[36] ― այնպես գոռաց ինձ վրա, որ երևի ձայնը Շումավայում լսեցին։ Ես ամենայն քաղաքավարությամբ նրան պատասխանեցի, թե հոժարական եմ և եկել եմ պարապմունքի։ Մի նրան տեսնեիք այդ ժամանակ։ Ամբողջ կես ժամ ճառելուց հետո միայն նկատեց, որ իրեն պատիվ եմ տալիս գլխիս ցիլինդր դրած։ Եվ ծղրտաց, որ վաղը ներկայանամ իրեն՝ գնդային զեկույցի, և կատաղածի պես սլացավ աստված գիտե ուր, իսկ հետո վարգով նորից դեպի ետ սուրաց, նորից սկսեց բղավել, դիվոտել ու կուրծք ծեծել։ Հրամայեց ինձ վարժադաշտից անհապաղ հեռացնել ու հաուպտվախտ նստեցնել։ Գնդային զեկույցի ժամանակ ինձ տասնչորս օրվա արձակուրդից զրկեց, հրամայեց ցայխհաուզից բերած ինչ-որ աներևակայելի լաթեր հագցնել ու սպառնաց, թե ուսաթելերս կպոկի։ «Հոժարականները մի տեսակ վսեմ էակներ են, փառքի, զինվորական պատվի սաղմեր, հերոսներ,— գոռում էր այդ տուտուց գնդապետը։— Հոժարական Վոլտատը, որ քննությունը տալուց հետո կապրալի աստիճան ստացավ, իր հոժար կամքով ռազմաճակատ գնաց և տասնհինգ մարդու գերի վերցրեց։ Նրանց բերելու պահին մի նռնակ նրան կտոր-կտոր արեց։ Եվ ի՞նչ։ Հինգ րոպե հետո ստացվեց Վոլտատին կրտսեր սպայի աստիճանի շնորհելու հրամանը։ Երանի ձեզ էլ սպասեր այդպիսի փայլուն ապագա, աստիճանի բարձրացում ու պարգևներ։ Ձեր անունը կգրվեր մեր գնդի ոսկետառ գրքի մեջ»։— Հոժարականը զայրացած թքեց։— Ահա թե, եղբայր, ինչպիսի էշեր են ծնվում լուսնի տակ։ Թքել եմ նրանց ուսաթելերի և բոլոր արտոնությունների վրա, որոնց պատճառով, օրինակ, ինձ պետք է ասեն. «Դուք, հոժարական, էշ եք»։ Ուշադրություն դարձրեք, թե որքան գեղեցիկ է հնչում, երբ ասում են․ «Դուք էշ եք», փոխանակ կոպտաբար ասելու․ «Դու էշ ես», իսկ մահիցս հետո կուրծքս կզարդարեն signum laudis-ով կամ արծաթե մեծ մեդալով։ Նրանք, նորին կայսերական ու թագավորական մեծության այդ աստղակիր կամ անաստղակիր դիամատակարարները։ Ամեն եզ ավելի երջանիկ է, քան ես և դուք։ Նրան սպանդանոցում սպանում են միանգամից և դաշտային վարժության կամ հրաձգարան քաշ չեն տալիս։— Թանձրամարմին հոժարականը թավալվեց մի ուրիշ ներքնակի վրա ու շարունակեց.— Իհարկե, մի օր այդ բոլորը կտրաքի։ Դա հավիտյան շարունակվել չի կարող։ Փորձեցեք խոճկորին փառքով ուռցնել — անպայման կտրաքի։ Եթե երբևէ ռազմաճակատ գնամ, ապա մեր ապրանքավագոնի վրա պիտի գրեմ.