Выбрать главу

Մեր թշնամու հողի համար երեք տոննա պարարտանյութ,

Քառասուն մարդ կամ ձիեր՝ ութ։

Դուռը բացվեց, և երևաց պրոֆոսը, որ նրանց երկուսի համար բերել էր մեկ քառորդ հացաբաժին և թարմ ջուր։

Նույնիսկ նեղություն չքաշելով բարձրանալ ծղոտե ներքնակի վրայից, հոժարականը պրոֆոսին ողջունեց հետևյալ խոսքերով.

— Ինչպիսի վսեմ արարք, ինչպիսի մեծահոգություն քո կողմից, որ այցելել ես կաթնավորներին, ո՜վ Իննսունմեկերորդ գնդի սուրբ Ագնեսա։ Բարի գալուստ, հրեշտակդ առաքինության, որիդ սիրտը լի է կարեկցանքով։ Դու ծանրաբեռնված ես զամբյուղներով, որ լի են խորտիկներով ու խմիչքներով, որոնք մեզ պետք է սփոփեն մեր դժբախտության մեջ։ Երբեք չենք մոռանա քո մեծահոգությոլնը, ո՜վ մեր խավար զնդանը թափանցած արևի ճառագայթ։

— Երբ գնդապետին զեկույցի ներկայանաք, կատակ անելու ձեր հավեսը կփախչի,— մրթմրթաց պրոֆոսը։

— Տես մազերդ ինչպես ցցեցիր, գերմանամուկ,— նարի վրայից պատասխանեց հոժարականը։— Ավելի լավ կլինի ասես, թե ինչ կանեիր, եթե ստիպված լինեիր քսան հոժարական բանտարկել։ Այդպիսի հիմար հայացքով մի նայիր ինձ, ո՜վ Մարիանյան զորանոցների բանալեպան։ Դու քսանին կբանտարկեի՜ր, իսկ հետո տասին բաց կթողնեիր, սկյուռի մեկը։ Եթե ես զինվորական մինիստր լինեի, քեզ ցույց կտայի, թե ինչ ասել է զինվորական ծառայություն։ Հայտնի՞ է քեզ, արդյոք, որ անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը։ Ես քեզնից մի բան եմ խնդրում. տուր ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ ամբողջ երկրագունդը, քեզ էլ հետը, ո՜վ դու ֆանֆարոն։

Պրոֆոսն աչքերը չռեց, բարկությունից սկսեց դողդողալ և դուրս եկավ դուռը հետևից շրխկացնելով։

— Պրոֆոսներ փախցնելու փոխադարձ օգնության միություն,― ասաց հոժարականը, հացը հավասար կես անելով։— Ըստ կարգապահական կանոնադրության տասնվեցերորդ պարագրաֆի, մինչև վճռի արձակումը ձերբակալվածները պետք է զինվորի օրապահիկ ստանան, բայց, ինչպես երևում է, այստեղ իշխում է պրերների օրենքը, ըստ որի իրավունքը նրանն է, ով կկարողանա առաջինը լափել ձերբակալվածների օրապահիկները։

Երկուսն էլ նստել էին նարերի վրա և կրծում էին զինվորաբաժին հացը։

— Պրոֆոսի օրինակով ավելի լավ կարելի է տեսնել, թե զինվորական ծառայությունն ինչպես է դաժանացնում մարդկանց,— վերսկսեց իր դատողություններն հոժարականը։— Անշուշտ մեր պրոֆոսը զինվորական ծառայության մտնելուց առաջ իդեալներ ունեցող երիտասարդ է եղել։ Եղել է շիկահեր, գեղատեսիլ, բոլորի նկատմամբ սիրալիր ու զգայուն, դժբախտների պաշտպան, որոնց կողմն է նա պահել, երբ իր հայրենի երկրում աթոռի տոնի օրը աղջկա պատճառով որևէ տուրուդմփոց է ծագել։ Բոլորն, անշուշտ, նրան հարգել են, բայց հիմ՜ա․․․ աստվա՜ծ իմ։ Ինչպիսի հաճույքով կհասցնեի նրա ռեխին, գլուխը կխփեի նարին և իրեն մինչև վիզը կխրեի արտաքնոցի հորը։ Եվ դա, եղբա՛յր, նույնպես ապացույց է բարքերի գռեհկացման, որ առաջացնում է զինվորական գործը։