Выбрать главу

Հոժարականը լռեց և, ըստ երևույթին, պաուզայի ընթացքում զորանոցային կյանքին վերաբերող մի նոր թեմա գտնելով, շարունակեց.

— Այս դեպքը, որ պիտի պատմեմ, պատահել է կապիտան Ադամչիկի օրոք։ Ադամչիկը չափազանց անտարբեր մարդ էր։ Նստում էր գրասենյակում խաղաղ խելագարի պես ու նայում դատարկ տարածությանը, կարծես ասելով. «Կերե՛ք ինձ, ճանճեր ու մոծակներ»։ Աստված գիտե, թե ինչ էր մտածում գումարտակային զեկույցի ժամանակ։ Մի անգամ տասնմեկերորդ վաշտի մի զինվոր գումարտակային զեկույցի ներկայացավ, նրան գանգատվելով, թե երեկ պրապորշչրկ Դաուերլինգը իրեն չեխական խոզ է անվանել։

Այդ զինվորը պատերազմից առաջ եղել էր կազմարար, իր ազգային արժանապատվությունը պահպանած բանվոր։ «Հը՛մ, այդպիսի բաներ…— կամաց ասաց կապիտան Ադամչիկը (նա միշտ էլ շատ կամաց էր խոսում)։— Այդ բանը նա ասել է երեկ երեկո փողոցո՞ւմ։ Հարկավոր է իմանալ, թե արդյոք դուք զորանոցից դուրս գալու թույլտվություն ունեցե՞լ եք։ Abtreten![48]»։

Մի որոշ ժամանակ անցնելուց հետո, կապիտան Ադամչիկը բողոքատուին կանչում է իր մոտ։ «Պարզված է,— ասում է նա ցածր ձայնով,— որ այդ օրը ձեզ թույլատրված է եղել մինչև իրիկվա ժամը տասը զորանոցից բացակայել։ Հետևապես, դուք պատիժ չեք կրի… Abtreten!»։ Այդ օրվանից, սիրելի ընկեր, կապիտան Ադամչիկը արդարամիտ մարդու համբավ էր վայելում։ Բայց ահա նրան ռազմաճակատ ուղարկեցին, իսկ նրա տեղը նշանակեցին մայոր Վենցելին։ Ազգային հալածանքի գործում սա մի իսկական հրրեշ էր, որը, և, ի վերջո, կարողացավ գերազանցել նույնիսկ պրապորշչիկ Դաուրելինգին։

Մայորը ամուսնացած էր չեխուհու հետ և չափազանց վախենում էր ազգային հարցի հետ կապված ամեն տեսակ վեճերից։ Մի քանի տարի առաջ, երբ նա Կուտնայա-Գորայում դեռևս կապիտան էր, ռեստորանում, հարբած վիճակում, մատուցողին չեխական խոզ էր անվանել։ (Անհրաժեշտ է ասել, որ մայորը հասարակության մեջ ու իր տանը բացառապես չեխերեն էր խոսում, և նրա որդիները սովորում էին չեխական գիմնազիաներում)։ «Խոսքը բերնիցդ թռցրիր, էլ տերը չես»,— և ահա այդ դեպքը թերթերի բերանն է ընկնում, իսկ Վիեննայի պառլամենտում մի դեպուտատ հարցապնդում է անում ռեստորանում մայոր Վենցելի թույլ տված արարքի մասին։ Վենցելն անախորժ դրության մեջ է ընկնում, որովհետև հենց այդ ժամանակ պառլամենտը պետք է հաստատեր զինապարտության օրինագիծը և, խնդրեմ, հենց այդ միջոցին մեջտեղ է գալիս հարբած կապիտան Վենցելի այդ պատմությունը։

Հետո կապիտանն իմանում է, որ այդ բոլորը ոմն հոժարական դերակալ-պրապորշչիկ Զիտկոյի սարքած գործն է։ Այդ Զիտկոն էր հոդված ուղարկել թերթին։ Նա ու կապիտան Վենցելը իրար հետ հաշիվներ ունեին դեռևս այն օրվանից, երբ մի անգամ Զիտկոն հասարակության միջ, հենց իր՝ կապիտան Վենցելի ներկայությամբ սկսել էր դատողություններ անել, թե. «Բավական է մարդ տեսնի աստծու ստեղծած աշխարհը, հորիզոնում երևացող ամպերն ու հեռվում բարձրացող լեռները, լսի անտառային ջրվեժի մռունչն ու հավքերի դայլայլը, որպեսզի ակամա մտածի, թե հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը,— նույնպիսի մի զրո, ինչպես և ամեն մի դերակալ պրապորշչիկ»։

Այդ ժամանակ բոլոր սպաները թունդ հարբած են եղել, կապիտան Վենցելն էլ է խմած եղել և ցանկացել է թշվառ փիլիսոփա Զիտկոյին շան քոթակ տալ։ Դրանից հետո նրանց թշնամությունը սաստկացել է, և կապիտան Վենցելը Զիտկոյից վրեժ էր լուծում որտեղ որ ձեռքից գալիս էր, մանավանդ որ պրապորշչիկի այն խոսքը, թե՝ «հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը», ասելիք էր դարձել և ամբողջ Կուտնայա-Գորայում բերնից բերան էր անցնում։ «ես այդ սրիկային կստիպեմ ինքնասպանություն գործել»,— ասել էր կապիտան Վենցելը։ Սակայն Զիտկոն պաշտոնաթող էր եղել և շարունակում էր փիլիսոփայությամբ զբաղվել։ Այդ օրվանից մայոր Վենցելը իր հերսը թափում է բոլոր կրտսեր սպաների վրա։ Նրա մոլեգնությունից զերծ չէ նույնիսկ պոդպորուչիկը, էլ չեմ խոսում յունկերների ու պրապորշչիկների մասին։ «Նրան կճզմեմ փայտոջիլի պես»,— սիրում է ասել մայոր Վենցելը, և վա՜յ այն պրապորշչիկին, որ մի դատարկ բանի համար որևէ զինվորի ուղարկում է գումարտակային զեկույցի։ Նրա քննությանը ենթակա են միայն մեծ ու ծանր զանցանքները, օրինակ, այն, որ պահակը քնում է վառոդի պահեստի պահակետում կամ կատարում ավելի խիստ հանցանք, ասենք, գիշերը փորձում է փախչել Մարինյան զորանոցների պարսպի վրայով և քնում է պարսպի վրա կամ ընկնում աշխարհազորայինների հրետանային պարեկի ձեռքը, մի խոսքով արատավորում իր գնդի պատիվը։ Ես մի անգամ լսել եմ, թե նա ինչպես միջանցքում բղավում էր․ «Աստվա՜ծ իմ, արդեն երրորդ անգամ աշխարհազորայինների պարեկը նրան բռնում է։ Անմիջապես կարցեր նստեցնել այդ շուն շանորդուն։ Այդպիսիներին պետք է գնդից դուրս շպրտել, թող գնա գումակում գոմաղբ տեղափոխի։ Նույնիսկ չի ցանկացել կռիվ անել նրանց հետ։ Մի՞թե դա զինվոր է։ Նա պետք է փողոց ավլի, և ոչ թե զինվորություն անի։ Երկու օր ուտելու բան չտալ։ Ներքնակ չտալ։ Մենախուց կոխել և վերմակ չտալ այդ փալասին»։