Выбрать главу

Հիմա պատկերացրեք, ընկեր, որ մայոր Վենցելին մեր գունդը տեղափոխելուն պես այդ ապուշ պրապորշչիկ Դաուերլինգը նրա մոտ գումարտակային զեկույցի է քշում մի զինվորի, թե իբր նա դիտմամբ իրեն՝ պրապորշչիկ Դաուերլինգին, պատիվ չի տվել, երբ ինքը կիրակի օրը ճաշից հետո մի օրիորդի հետ հրապարակով կառքով անցնելիս է եղել։ Ա՜յ թե աղմուկ է բարձրացել, ինչպես հետո պատմում էին ենթասպաները։ Ավագ գրագիրը թղթերն առած դուրս է փախել միջանցք, իսկ մայորն սկսել է գոռալ Դաուերլինգի վրա. «Այլևս այդպիսի բան չտեսնեմ։ Գիտե՞ք, թե գումարտակային զեկույցն ինչ է, պարոն պրապորշչիկ։ Գումարտակային զեկույցը schweifest[49] չէ։ Այդ զինվորն ինչպե՞ս կարող էր ձեզ նկատել այն ժամանակ, երբ դուք անցել եք հրապարակով։ Մոռացե՞լ եք, թե ինչ են սովորեցրել ձեզ։ Պատիվ տրվում է դեմ առ դեմ հանդիպող սպաներին, իսկ դա չի նշանակում, թե զինվորը պետք է ագռավի պես շարունակ գլուխը այս ու այն կողմ պտտեցնի ու տեսնի հրապարակով անցնող պրապորշչիկին։ Խնդրում եմ լռել։ Գումարտակային զեկույցը լուրջ բան է։ Եթե նա ձեզ ասել է, թե չէր կարող ձեզ տեսնել, քանի որ այդ պահին պատիվ է տվել երեսը դեպի ինձ արած, հասկանո՞ւմ եք, դեպի մայոր Վենցելն արած, և չէր կարող միաժամանակ հետ դառնալ ու նայել այն կառքին, որի մեջ նստած եք եղել, ապա պետք էր հավատալ նրան։ Խնդրում եմ այսուհետև ինձ այդպիսի դատարկ բաներով չզրաղեցնել»։ Այդ օրվանից Դաուերլինգը փոխվել է։

Հոժարականը հորանջեց։

— Վաղվա գնդային զեկույցին ներկայանալուց առաջ հարկավոր է մի լավ քնել։ Ես ցանկացա ձեզ, թեկուզ և մասամբ, իրազեկ դարձնել, թե մեր գնդում ինչն ինչոց է։ Գնդապետ Շրեդերը մայոր Վենցելին չի սիրում և առհասարակ շատ տարօրինակ մարդ է։ Կապիտան Սագները, հոժարականների վարժախմբի պետը, Շրեդերին իսկական զինվոր է համարում, չնայած որ գնդապետ Շրեդերը ոչ մի բանից այնքան չի վախենում, որքան ռազմաճակատ ընկնելուց։ Սագները շատ բան տեսած մարդ է, ինչպես և Շրեդերը, նա պահեստի սպաներին ատում է և նրանց անվանում հոտած քաղաքացիներ։ Հոժարականներին նա համարում է վայրի կենդանիներ, նրանց, ասում է նա, պետք է դարձնել ռազմական մեքենաներ, ուսադիրներին աստղեր կպցնել և ուղարկել ռազմաճակատ, որպեսզի նրանց այնտեղ կոտորեն կադրային ազնիվ սպաների փոխարեն, որոնց պետք է պահել որպես սերմացու։ Առհասարակ բանակում ամեն ինչից փթռակի հոտ է գալիս,— ասաց հոժարականը, վերմակը քաշելով վրան։— Մասսաները դեռ չեն հասունացել և աչքները չռած թույլ են աալիս, որ իրենց ռազմաճակատ քշեն և այնտեղ լապշայի պես կտրատեն։ Երբ մեկին գնդակ է դիպչում, միայն մի «մայրիկ ջան» է մրմնջում, և վերջ։ Ներկայումս հերոսներ չան, կան միայն մորթելու ենթակա անասուններ և գլխավոր շտաբներում նստած մսագործներ։ Սպասեցե՛ք, նրանք դեռ բանը ապստամբության կհասցնեն։ Ա՜յ, թե տուրուդմբոց կլինի։ Եվ ուրեմն, կեցցե՜ բանակը։ Բարի գիշեր։

Հոժարականը լռեց, հետո սկսեց վերմակի տակ շուռումուռ գալ և, ի վերջո, հարցրեց.

— Քնա՞ծ եք, ընկեր։

— Քունս չի տանում,— պատասխանեց Շվեյկն իր մահճակի վրայից,— միտք եմ անում․․․

— Իսկ ինչի՞ մասին, ընկեր։

— Այն «Խիզախության համար» արծաթե մեծ մեդալի մասին, որ ստացել էր Վինոգրադիի Վավրովսկա փողոցում ապրող մի խառատ, ազգանունը Մլիչկո։ Պատերազմի հենց սկզբին ամբողջ գնդում նա առաջինն էր եղել, որի ոտքն արկը կտրել էր։ Մլիչկոն ձրի արհեստական ոտք էր ստացել և սկսել էր ամեն տեղ իր մեդալով պարծենալ։ Պարծենում էր, թե ինքը գնդի ամենաառաջին հաշմանդամն է։ Մի անգամ նա եկավ Վինոգրադիի «Ապոլոն» պանդոկը և այնտեղ կռվի բռնվեց սպանդանոցի մսագործի հետ։ Ծեծկռտոցի ժամանակ նրա արհեստական ոտքը պոկեցին ու նրանով շրմփացրին գլխին, իսկ պոկողը չգիտեր, որ ոտքն արհեստական է, և վախից ուշաթափվեց։ Թաղամասային ոստիկանատանը խառատի ոտքը նորից տեղը գցեցին, բայց այդ օրվանից նա գազազեց իր «Խիզախության համար» արծաթե մեծ մեդալի վրա ու տարավ, որ լոմբարդում գրավ դնի։ Այնտեղ նրան չամփեցին իր մեդալի հետ, և սկսվեցին անախորժությունները։ Պատերազմի հաշմանդամների համար ինչ-որ պատվո դատարան կա, և ահա այդ դատարանը որոշեց հետ վերցնել հիշյալ արծաթե մեդալը և, բացի դրանից, հետ վերցնել նաև արհեստական ոտքը։

— Ինչպե՞ս թե։

— Շատ պարզ։ Մի գեղեցիկ օր նրա մոտ գալիս է մի հանձնաժողով և ասում, թե նա անարժան է արհեստական ոտք կրելու, հանում է ոտքն ու տանում…

— Պակաս զվարճալի չէ,— շարունակեց Շվեյկը,— երբ պատերազմում ընկածի հարազատները մի գեղեցիկ օր մեդալ են ըստանում և հետն էլ մի գրություն, թե ահա, գիտե՞ք, ձեզ շնորհվում է սույն մեդալը, որը կախեցեք աչքի ընկնող տեղում։ Վիշեգրադիի Բեժետեխով փողոցում ապրող մի հայր, կարծելով, թե զինվորական գերատեսչությունը նրան ձեռք է առել, գազազել ու մեդալը կախել էր արտաքնոցում։ Իսկ այդ ընդհանուր արտաքնոցից, որ գտնվում էր նախասենյակում, օգտվում էր նաև մի ոստիկան, և սա նրան մատնեց որպես պետական դավաճանի։ Խեղճ մարդու բանը վատ վերջացավ։