— Այստեղից հետևում է,— ասաց հոժարականը,— որ փառքը մի հոտած ձու էլ չարժե։ Վերջերս Վիեննայում հրատարակել են «Հոժարականի հուշատետր»-ը, որի մեջ մի այսպիսի հուզիչ ոտանավոր է զետեղված․
Կռվի մեջ ընկավ կամավորն արի…
Հանուն հայրենյաց ու թագավորի
Իր ջահել կյանքը նա զոհաբերեց
Եվ ընկերներին օրինակ տվեց։
Լաֆետին դրած տանում են նրան,
Տանում են շուքով, թարմ պսակներով,
Շողում է կրծքին մի շքանշան,
Որ կապիտանն է կպցրել իր ձեռքով։
— Քանի որ ինձ թվում է, որ մեզ մոտ մարտական ոգին ընկնում է,— կարճատև պաուզայից հետո ասաց հոժարականը,— ապա առաջարկում եմ, սիրելի բարեկամ, այս մութ գիշերին մեր խաղաղ բանտում երգել թնդանոթաձիգ Յաբուրկայի մասին հորինված երգը։ Դա ռազմական ոգին բարձրացնում է։ Սակայն պետք է գոռալ ինչպես հարկն է, այնպես, որ մեզ լսի ամբողջ Մարինյան զորանոցը։ Ուստի և առաջարկում եմ մոտենալ դռանը։
Եվ մի րոպե հետո կալանատնից լսվեց այնպիսի մի ոռնոց, որ միջանցքի ապակիներն սկսեցին ցնցվել.
Նա թնդանոթն էր լցնում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Եվ իր երգն էր նա երգում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Հանկարծ մի արկ հարվածեց,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Քաջի գլուխը կըտրեց,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Իսկ նա կորից էր լցնում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Եվ իր երգն էր դեռ երգում,
Օ՛յ լադո, հե՛յ լյուլի։
Բակում ոտնաձայներ հնչեցին։
— Պրոֆոսն է,— ասաց հոժարականը։— Իսկ հետինը պոդպորուչիկ Պելիկանն է, որն այսօր հերթապահ է։ Նրա հետ ծանոթ եմ «Չեշսկայա բեսեդա»-ից։ Պահեստի սպա է, իսկ առաջ մի ապահովագրական ընկերությունում վիճակագիր էր։ Նրանից սիգարետներ կստանանք։ Դե, հապա՛, մեկ էլ զլենք։
Եվ Շվեյկն ու հոժարականը նորից որոտացին․
Նա թնդանոթն էր լցնում․․․
Դուռը բացվեց, և պրոֆոսը, ըստ երևույթին հերթապահ սպայի ներկայությունից սիրտ առած, կոպտաբար գոռաց․
— Սա գազանանոց չէ։
— Պարդոն,— պատասխանեց հոժարականը, — սա Ռուդոլֆինումի ֆիլիալն է։ Համերգ է կալանավորների օգտին։ Հենց նոր ավարտվեց ծրագրի առաջին համարը «Պատերազմի սիմֆոնիան»։
— Վե՛րջ տվեք,— ասաց պոդպորուչիկ Պելիկանը կեղծ խստությամբ։― Կարծեմ գիտեք, որ ժամը իննին պետք է պառկեք, և ոչ թե դեբոշ սարքեք։ Ձեր համերգային համարը լսվում է նույնիսկ հրապարակում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն պոդպորուչիկ,— ասաց հոժարականը,― մենք չենք պատրաստվել ինչպես հարկն է, և այդ պատճառով, թերևս, որոշ աններդաշնակություն է առաշանում։
— Այս բանը նա անում է ամեն երեկո,— ջանաց պոդպորուչիկին իր թշնամու դեմ գրգռել պրոֆոսը,— և առհասարակ իրեն շատ անկուլտուրական է պահում։
— Պարոն պոդպորուչիկ,— ասաց հոժարականը,— թույլ տվեք ձեզ հետ խոսել առանձին։ Թող պրոֆոսը դռան հետևում սպասի։
Երբ պրոֆոսը դուրս եկավ, հոժարականն ասաց․
— Դեհ, սիգարետ հանիր, Ֆրանտա․․․ «Սպո՞րտ» է։ Մի՞թե դու էլ, լեյտենանտ տեղովդ, ավելի լավը չունես։ Ոչինչ, դրա համար էլ եմ շնորհակալ։ Հը՛մ։ Լուցկի էլ։
— «Սպո՜րտ»,— արհամարհանքով ասաց նա պոդպորուչիկի գնալուց հետո։— Կարիքի մեջ լինելիս էլ մարդ չպետք է ցածրանա։ Ծխեցեք, ընկեր, և բարի գիշեր։ Վաղը մես սպասում է ահեղ դատաստան։
Քնելուց առաջ հոժարականը չմոռացավ երգել․
Մեր բարեկամն են ժայռերը բարձրիկ, սար ու ձորերը,
Էլ հետ չեն գալու անցած օրերը,
Ա՜խ, իմ թանկագին…
Գնդապետ Շրեդերին Շվեյկի առաջ ներկայացնելով իբրև հրեշ, հոժարականն, իհարկե, սխալվում էր, քանի որ գնդապետն արդարության զգացումից իսպառ զուրկ չէր, մի բան, որ առավել պարզ արտահայտվում էր այն ժամանակ, երբ նա գոհ էր մնում ռեստորաններից մեկում սպաների ընկերակցությամբ անցկացրած երեկոյից։ Բայց եթե գոհ չէր մնում…
Այն ժամանակ, երբ հոժարականը հախուռն կերպով ոչնչացնող քննադատության էր ենթարկում գնդի գործերը, գնդապետ Շրեդերը ռեստորանում նստած էր սպաների մեջ և լսում էր, թե ինչպես պորուչիկ Կրեչմանը, որ Սերբիայից վերադարձել էր մի ոտքը վիրավոր (նրան կով էր պոզահարել), պատմում էր սերբերի դիրքերի վրա կատարված գրոհի մասին, որը նա դիտել էր շտաբից, ուր գործուղված էր եղել։
— Եվ ահա, դուրս թռան խրամատներից… Երկու կիլոմետրանոց ամբողջ գծով անցնում են լարափակոցների վրայով ու նետվում թշնամու վրա։ Գոտիներին ձեռնանռնակներ ու հակագազեր ամրացրած, հրացանները հորիզոնադիր բռնած, պատրաստ լինելով և՛ կրակելու, և՛ սվինամարտի։ Սուլում են գնդակները։ Ահա մի զինվոր ընկնում է հենց այն պահին, երբ դուրս է սողում խրամատից, մի ուրիշն ընկնում է հողապատնեշի վրա, երրորդը՝ մի քանի քայլ անելուց հետո, սակայն մարդկային մարմինների հեղեղը շարունակում է առաջ նետվել որոտալից «ուռռա»-ով, ծխի ու փոշու ամպի մեջ։ Թշնամին կրակում է բոլոր կողմերից, խրամատներից, արկերի բացած ձագարներից, և մեզ վրա է ուղղում գնդացիրները։ Եվ նորից ու նորից ընկնում են զինվորները։ Մեր դասակն աշխատում է գրավել թշնամու գնդացիրները։ Ոմանք ընկնում են, բայց մյուսներն արդեն առջևում են։ Ուռռա՜։ Ընկնում է մի սպա… Հրաձգությունը լռում է, պատրաստվում է ինչ-որ սոսկալի բան… Նորից ընկնում է մի ամբողջ դասակ։ Տկտկում են թշնամու գնդացիրները։ «Տըկ-տըկ-տըկտըկտըկ-տըկ»։ Ընկնում է… Կներեք, չեմ կարող շարունակել, ես հարբած եմ…