Выбрать главу

Իր կարդացածի ազդեցության ներքո, գնդապետը առավոտվա ժամը տասին անցավ այն ֆունկցիայի կատարմանը, որ հոժարականը, ըստ երևույթին իրավացիորեն, անվանել էր ահեղ դատաստան։

Շվեյկն ու հոժարականը կանգնած էին բակում և սպասում էին գնդապետին։ Հավաքվել էին բոլորը՝ ֆելդֆեբելը, հերթապահ սպան, գնդի համհարզը և գնդի գրասենյակի գրագիրը՝ ձեռքին այն մեղսագործների գործերը, որոնց սպասում էր Նեմեզիդայի սուրը, այսինքն գնդային զեկույցի ներկայանալը։

Ընդունելով զեկույցը, գնդապետը մեռելային լռության մեջ մի քանի անգամ գնաց ու եկավ Շվեյկի ու հոժարականի մոտով, որոնք «աջ հավասարում» ու «ձախ հավասարում» էին կատարում, նայած թե գնդապետը որ թևում էր գտնվում։ Նա այնքան երկար գնաց ու եկավ, իսկ նրանք էլ հավասարումն այնպես ջանադրաբար էին կատարում, որ քիչ էր մնում վիզները կոտրեին։ Վերջապես գնդապետը կանգ առավ հոժարականի առաջ։

Վերջինս զեկուցեց.

— Հոժարական…

— Գիտե՜մ,— չոր-չոր ասաց գնդապետը,— հոժարական վիժվածք․․․ Ի՞նչ էիք անում պատերազմից առաջ։ Կլասիկ փիլիսոփայության ուսանո՞ղ։ Ասել կուզե, իրեն հարբեցողության տված ինտելիգենտ։ Պարոն կապիտան,— ասաց նա Սագներին,— այստեղ բերեք հոժարականների ամբողջ վարժակազմը… Հը՛մ,— շարունակեց գնդապետը նորից խոսքն ուղղելով հոժարականին,— և ահա կլասիկ փիլիսոփայության այսպիսի ուսանողների պատճառով մենք ստիպված ենք կեղտոտվել։ Kehrt euch![50]։ Այդպես էլ գիտեի։ Շինելի փոթերը կարգի չեն բերված։ Կարծես հենց այս րոպեիս փողոցային կնոջ մոտից է գալիս կամ բոզանոցում թավալ է տվել։ Սպասեցեք, աղավնյակս, ես ձեզ ցույց կտամ։

Հոժարականների վարժակազմը մտավ բակ։ «Կարե՛»,— հրամայեց գնդապետը, և զորամասը նրան ու մեղսագործներին շրջապատեց մի թանձր քառակուսիով։— Նայեցեք այս մարդուն,— սկսեց գնդապետն իր ճառը, մտրակով ցույց տալով հոժարականին,— Նա հարբել, արատավորել է մեր պատիվը, պատիվը հոժարականների, որոնք պատրաստվում են դառնալ ռազմի դաշտում իրենց զինվորներին դեպի մարտ, դեպի փառք առաջնորդող սպաներ, հրամանատարներ։ Իսկ իր զինվորներին դեպի ո՞ւր կառաջնորդեր այս հարբեցողը։ Գինետնից գինետուն։ Նա զինվորներին տրվող ամբողջ ռոմը միայն ինքը կլակեր… Ի՞նչ կարող եք ասել ձեզ արդարացնելու համար,— դիմեց նա հոժարականին։— Ոչի՞նչ։ Նայեցեք նրան ու հիացեք։ Ոչ մի խոսք չի կարող ասել իրեն արդարացնելու համար։ Այնինչ կլասիկ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ Իսկապես կլասիկ դեպք։— Գնդապետը դիտմամբ վերջին խոսքերն արտասանեց դանդաղ և ապա թքեց։— Կլասիկ փիլիսոփայի՜ս տեսեք, որը գիշերները հարբած վիճակում սպաների գլխից գլխարկներ է թռցնում։ Տի՛պ է։ Դեռ լավ է, որ հրետանու սպա է եղել։

Այդ վերջին բառերով արտահայտվում էր Իննսունմեկերորդ գնդի թշնամանքը Բոլդեյովիցիի հրետանու նկատմամբ։ Վայն եկել ու տարել էր այն հրետանավորին, որ գիշերն ընկնում էր հետևակայինների պարեկի ձեռքը, և ընդհակառակը։ Թշնամանքը խորն էր ու անհաշտելի, իսկական վենդետա, արյան վրեժ, որ ժառանգաբար անցնում էր զորակոչվածների մի հերթից մյուսին։ Այդ թշնամանքը թե մեկ և թե մյուս կողմից դրսևորվում էր ավանդական ձևերով. կամ հետևակայիններն էին հրետանավորներին հրում-գցում Վլտավա գետը, կամ ընդհակառակը։ Իրար դնգստում էին «Պորտ-Արտուր»-ում, «Վարդի մոտ» պանդոկում և հարավային Չեխիայի մայրաքաղաքի մյուս բազմաթիվ զվարճավայրերում։

— Այնուամենայնիվ,― շարունակեց գնդապետը,— այդօրինակ արարքը արժանի է խիստ պատժի։ Այդ տիպը պետք է վտարվի հոժարականների դպրոցից, պետք է բարոյապես ոչնչացվի։ Այդպիսի ինտելիգենտներ բանակին պետք չեն։ Regimentskanzlei![51]։

Գնդի գրագիրը մոտեցավ դեմքի խիստ արտահայտությամբ, գործերն ու մատիտը պատրաստ պահած։

Տիրեց լռություն, ինչպես դատարանի դահլիճում, երբ այնտեղ դատում են որևէ մարդասպանի և նախագահը հայտարարում է. «Հրապարակվում է դատավճիռը․․․»։

Ճիշտ այդպիսի տոնով գնդապետը հայտարարեց.

— Հոժարական Մարեկը դատապարտվում է քսանմեկ օրվա խիստ կալանքի և պատիժը կրելուց հետո ուղարկվում է խոհանոց՝ կարտոֆիլ մաքրելու։

Եվ շուռ գալով դեպի հոժարականների զորախումբը, գնդապետը հրամայեց․ «Շարասյուն կազմե՛լ»։ Լսելի էր, թե ինչպես զորախումբը արագ-արագ քառաշարքեր էր կազմում ու հեռանում։ Գնդապետը կապիտան Սագներին դիտողություն արեց, թե զորախումբը այնքան էլ համաչափ չի քայլում, և ասաց, որ նա ճաշից հետո նրանց հետ զբաղվի քայլավարժությամբ։

― Քայլերը պետք է թնդան, պարոն կապիտան։ Հա՛, քիչ էր մոռանայի,— ավելացրեց գնդապետը։— Նրանց հայտարարեցեք, որ հոժարականների ամբողջ զորախումբը հինգ օրով զրկվում է արձակուրդից, որպեսզի չմոռանա իր նախկին զինակցին, այդ սրիկա Մարեկին։

Իսկ սրիկա Մարեկը Շվեյկի կողքին կանգնած էր չափազանց գոհ տեսքով։ Նա իր համար դրանից լավ բան չէր էլ կարող երազել։ Անհամեմատ ավելի հաճելի է խոհանոցում կարտոֆիլ մաքրել, խմորագնդիկներ սարքել ու միս կտրատել, քան հակառակորդի փոթորկալի կրակի տակ, շալվարը լիքը լցրած, բղավել․ «Einzelabfallen! Bajonett auf!»[52]։