Հեռանալով կապիտան Սագներից, գնդապետ Շրեդերը կանգ առավ Շվեյկի առաջ և սկսեց սևեռուն հայացքով նրան նայել։ Այդ պահին Շվեյկի արտաքինի համար առավել բնութագրական էին նրա ժպտացող կլոր դեմքն ու խոշոր ականջները, որ դուրս էին ցցվել ցած քաշած գլխարկի տակից։ Շվեյկի տեսքից երևում էր, որ նա միանգամայն անվրդով է և իրեն բնավ մեղավոր չի համարում։ Նրա աչքերն հարցնում էին․ «Արդյոք որևէ վատ բա՞ն եմ արել» և՝ «Ես ի՞նչ մեղք եմ գործել»։
Գնդապետն իր դիտողություններն ամփոփեց գնդի գրագրին ուղղած այս հարցով.
— Ապո՞ւշ է,— և տեսավ, թե ինչպես բացվեց Շվեյկի լայն, բարեհոգաբար ժպտացող բերանը։
— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ,— գրագրի փոխարեն պատասխանեց Շվեյկը։
Գնդապետը համհարզին գլխով արեց և նրա հետ մի կողմ քաշվեց։ Ապա կանչեց գնդի գրագրին, և նրանք աչքի անցրին Շվեյկի գործը։
— Հը՛մ,— ասաց գնդապետը,— սա, ասել կուզե, պորուչիկ Լուկաշի սպասյակն է, որը, պորուչիկի զեկույցի համաձայն, կորել է Թաբորում։ Ըստ իս պարոնայք սպաներն իրենք պետք է դաստիարակեն իրենց սպասյակներին։ Իսկ քանի որ պարոն պորուչիկ Լուկաշը իր համար սպասյակ է ընտրել մի այսպիսի ապուշի, ապա թող հենց ինքն էլ տանջվի դրա ձեռին։ Նա բավական ազատ ժամանակ ունի, քանի որ ոչ մի տեղ չի գնում։ Կարծեմ դուք էլ նրան ոչ մի անգամ մեր ընկերական շրջանում չեք տեսել։ Ա՛յ, տեսնում եք։ Նշանակում է, նա իր սպասյակին խելքի բերելու ժամանակ կունենա։
Գնդապետ Շրեդերը մոտեցավ Շվեյկին և, նրա բարեհամբույր դեմքը զննելով, ասաց.
— Երեք օրով խիստ կալանք, հիմար անասուն։ Պատիժը կրելուց հետո ներկայանալ պորուչիկ Լուկաշին։
Այդպիսով Շվեյկը գնդի հաուպտվախտում նորից հանդիպեց հոժարականին, իսկ պորուչիկ Լուկաշն երևի մեծ բավականություն վայելեց, երբ գնդապետը նրան կանչեց իր մոտ և ասաց.
— Պարոն պորուչիկ, մոտ մի շաբաթ առաջ, ժամանելով գունդը, դուք ինձ զեկույց ներկայացրիք ձեզ սպասյակ տրամադրելու մասին, քանի որ ձեր նախկին սպասյակը կորել էր Թաբոր կայարանում։ Սակայն ի նկատի ունենալով, որ ձեր սպասյակը վերադարձել է…
— Պարոն գնդապետ…― աղերսանոք ասաց պորուչիկը։
— …ես որոշեցի նրան երեք օրով բանտ նստեցնել, որից հետո կուղարկեմ ձեզ մոտ։
Ցնցված Լուկաշը օրորվելով դուրս եկավ գնդապետի կաբինետից։
Շվեյկը մեծ բավականությամբ այդ երեք օրն անցկացրեց հոժարական Մարեկի ընկերակցությամբ։ Ամեն երեկո նրանք հայրենասիրական ելույթներ էին կազմակերպում։ Երեկոյան հաուպտվախտից լսվում էին «Պահպանիր, տեր, թագավորին» և «Prinz Eugen der edle Ritter»[53] երգերը։
Ապա դրանց հաջորդում էր զինվորական երգերի մի ամբողջ շարք, իսկ երբ գալիս էր պրոֆոսը, նրանք նրան դիմավորում էին հետևյալ կանտատայով.
Պրոֆոս, մահից մի՛ վախենա,
Քանզի երբեք չես մահանա.
Սատանաները կըշտապեն,
Որ գան ու քեզ ողջ-ողջ տանեն։
Նարերի վերևում հոժարականը նկարել էր պրոֆոսին և տակը գրել մի հինավուրց երգից քաղված այս տողերը.
Գնում էի երշիկ առնեմ,
Բայց մի հիմար ելավ իմ դեմ.
Այդ հիմարը պրոֆոսն էր մեր,
Որ քիչ մնաց քիթս կծեր։
Եվ մինչ երկուսով գազազեցնում էին պրոֆոսին, ինչպես Սևիլիայում կարմիր թիկնոցով գազազեցնում են անդալուզյան ցուլին, պորուչիկ Լուկաշը ճնշող մի զգացումով սպասում էր, թե Շվեյկը երբ պիտի հայտնվի նրա մոտ և ասի, թե անցնում է իր պարտականությունների կատարմանը։
Շվեյկի արկածները Կիրալուհիդայում
Իննսունմեկերորդ գունդը տեղափոխեցին Լիտավայի Մոստ քաղաքը՝ Կիրալուհիդա։
Շվեյկն արդեն երեք օր բանտ էր նստել։ Ազատվելու ժամկետից երեք ժամ առաջ նրան հոժարականի հետ միասին տարան գլխավոր հաուպտվախտ, իսկ այնտեղից պահակախմբի հսկողությամբ ուղարկեցին կայարան։
— Վաղուց պարզ էր, որ մեզ տեղափոխելու են Հունգարիա,— ճանապարհին ասաց հոժարականը Շվեյկին։ Այնտեղ երթային գումարտակներ կկազմավորվեն, իսկ այդ միջոցին մեր զինվորները կվարժվեն հրաձգության մեջ ու կգզվռտվեն մաջարների հետ, հետո ուրախ կդիմենք դեպի Կարպատներ։ Իսկ Բուդեյովիցիում մաջարական կայազոր կտեղավորեն, և կսկսվի խառնակություն ցեղաց։ Կա մի տեսություն, թե ուրիշ ազգի աղջիկներ բռնաբարելը այլասերումից խուսափելու ամենալավ միջոցն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակ այդ բանն անում էին շվեդներն ու իսպանացիները, Նապոլեոնի ժամանակ՝ ֆրանսիացիները, իսկ հիմա Բուդեյովիցիի շրջանում կանեն մաջարները։ Բայց, իհարկե, դա գռեհիկ բռնաբարության բնույթ չի կրի։ Ամեն ինչ կկատարվի ինքնաբերարար։ Տեղի կունենա պարզ փոխանակություն, չեխ զինվորը կպառկի հունգարացի աղջկա հետ, իսկ չեխ աղքատ բատրակուհին իր հարկի տակ կառնի հունգարացի հոնվեդին։ Մի քանի հարյուրամյակներ հետո մարդաբանները շատ կզարմանան, երբ տեսնեն, որ Մալշայի ափերին բնակվողների դեմքերին ցցուն այտոսկրեր են հայտնվել։
— Խաչաձև զուգավորումը,— հարեց Շվեյկը,— առհասարակ հետաքրքիր բան է։ Պրագայում մի նեգր մատուցող կա, անունը Քրիստիան։ Նրա հայրը Հաբեշստանի թագավոր է եղել։ Այդ թագավորին ցույց էին տալիս Պրագայում, Շավանիցայի կրկեսում։ Այդ թագավորի վրա սիրահարվել էր մի ուսուցչուհի, որը «Լադա»-ում ոտանավորներ էր գրում հովվուհիների և անտառում կարկաչող առվակների մասին։ Ուսուցչուհին նրա հետ գնում է հյուրանոց և «անձնատուր լինում անառակության», ինչպես գրված է սուրբ գրքում։ Բայց որքա՜ն է զարմանում ուսուցչուհին, երբ հետագայում բոլորովին սպիտակ երեխա է ծնում։ Սակայն ծնունդից երկու շաբաթ էլ չանցած տղան սկսում է գորշանալ։ Գորշանում է, գորշանում, իսկ մի ամիս հետո՝ սկսում սևանալ։ Կես տարի հետո երեխան արդեն սև էր իր հոր՝ հաբեշների թագավորի պես։ Մայրը նրան տանում է մաշկային հիվանդությունների կլինիկա, որ իմանա, թե արդյոք երեխային գունաթափ անելու որևէ հնար չկա՞, բայց նրան ասում են, թե տղան իսկական սևամորթի մաշկ ունի և ոչինչ անել չի կարելի։ Ուսուցչուհին այդ ամենից հետո ցնդում է և սկսում բոլոր ժուռնալների «Խորհուրդներ ընթերցողին» բաժիններին հարցեր ուղարկել, թե ի՞նչ ճար կա սևամորթության դեմ։ Նրան տանում են Կատերժինկա, իսկ երեխային որբանոց տալիս։ Ա՜յ թե մազալու բան է եղել նրան այնտեղ դաստիարակելը։ Հետո նա մատուցող էր դարձել և պարում էր գիշերային սրճարաններում։ Հիմա նրանից մեծ հաջողությամբ չեխ մուլատներ են ծնվում, բայց արդեն ոչ այնպես սև, ինչպես նա ինքը։ Սակայն, ինչպես «Թասի մոտ» պանդոկում մեզ բացատրում էր մի բուժակ, գույնի հարցն այնքան էլ հասարակ բան չէ։ Այդպիսի մուլատից դարձյալ մուլատներ են ծնվում, որոնց շատ դժվար է տարբերել սպիտակներից, բայց մի քանի սերունդից հետո կարող է հանկարծ նեգր հայտնվել։ Պատկերացրեք այսպիսի խայտառակ բան. ամուսնանում եք մի որևէ օրիորդի հետ, բացարձակապես սպիտակ է շան քածը, և մի գեղեցիկ օր, ա՛ռ հա, նեգր է ծնում ձեզ համար։ Իսկ եթե նա դրանից ինն ամիս առաջ ձեր բացակայությամբ մի անգամ եղել է վարիետեում և դիտել նեգրի մասնակցությամբ տեղի ունեցած ֆրանսիական ըմբշամարտ, ապա պարզ է, որ դուք իրավունք ունեք մտածմունքի մեջ ընկնելու։