Выбрать главу

— Նեգր Քրիստիանի այդ դեպքը, որ դուք ասում եք, անհրաժեշտ է քննել ռազմական տեսակետից,— ասաց հոժարականը։— Ենթադրենք, թե այդ նեգրին զինվորական ծառայության են կանչել, իսկ նա պրագացի է և, հետևապես, ընկնում է Քսանութերորդ գունդը։ Ինչպես լսել եք, Քսանութերորդ գունդը անցել է ռուսների կողմը։ Պատկերացրեք, թե ինչպե՜ս կզարմանային ռուսները, երբ Քրիստիանին գերի վերցնեին։ Ռուսական թերթերում, հավանաբար, կգրեին, թե Ավստրիան պատերազմելու է քշում իր գաղութային զորքերին (որպիսիք նա չունի) և թե Ավստրիան արդեն օգտագործում է սևամորթ ռեզերվներ։

— Հիշում եմ, ասում էին, թե Ավստրիան գաղութներ ունի,— ասաց Շվեյկը,— հյուսիսում ինչ-որ մի տեղ։ Կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր են ասում։

— Վե՛րջ տվեք այդ խոսակցությանը, տղերք,— մեջ մտավ պահակախմբի զինվորներից մեկը։— Հիմա կայսր Ֆրանց Յոսիֆի երկրի-մերկրի մասին խոսելը վտանգավոր է։ Ավելի լավ կլինի անուններ չտաք։

— Իսկ դուք քարտեզը նայեցեք,— ընդհատեց նրան հոժարականը։— Իսկապես գոյություն ունի մեր ամենաողորմած միապետ կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր։ Ըստ վիճակագրության տվյալների, այնտեղ միայն սառույց կա, որն և այնտեղից արտահանվում է Պրագայի սառցարաններին պատկանող սառցահատներով։ Մեր սառցարդյունաբերությունը արտասահմանում էլ բարձր գնահատականի ու հարգանքի է արժանացել, քանի որ շատ շահութաբեր, թեպետ և վտանգավոր ձեռնարկում է։ Ֆրանց Յոսիֆի Երկրից սառույց արտահանելու գործում ամենավտանգավոր բանը սառույցը բևեռային շրջանից դուրս բերելն է։ Պատկերացնում եք, չէ՞։

Պահակախմբի զինվորն ինչ-որ անորոշ բան փնթփնթաց։ Պահակախմբի պետ կապրալը մոտ եկավ ու սկսեց լսել հոժարականի բացատրությունները։ Վերջինս խորիմաստ ձևով շարունակեց.

— Ավստրիայի այդ միակ գաղութը կարող է ամբողջ Եվրոպային սառույց մատակարարել և տնտեսական խոշոր գործոն է։ Իհարկե, գաղութացման գործը դանդաղ է առաջ գնում, քանի որ գաղութաբնակների մի մասն առհասարակ չի ուզում այնտեղ գնալ, մի մասն էլ ցրտամահ է լինում։ Այնուամենայնիվ հույս կա, որ կլիմայական պայմանները բարելավելու շնորհիվ, որով շատ շահագրգռված են առևտրի և արտաքին գործոց մինիստրությունները, լայնատարած սառցադաշտերը կօգտագործվեն ինչպես հարկն է։ Մի քանի հոթելներ սարքելով կարելի է տուրիստների բազմություններ քաշել ու տանել այնտեղ։ Անհրաժեշտ է, իհարկե, նրանց հարմարության համար սառցաբեկորների միջև տուրիստական արահետներ և ուղիներ բացել և սառցատների վրա ճանապարհացույց նշաններ նկարել։ Միակ խոչընդոտը էսկիմոսներն են, որոնք արգելակում են մեր տեղական օրգանների աշխատանքը

Կապրալն հետաքրքրությամբ լսում էր։ Նա գերաժամկետ ծառայության զինվոր էր, որ մինչև բանակ կանչվելը բատրակ էր եղել, սահմանափակ ու խստաբարո մի մարդ, որ ջանում էր մի կերպ իրազեկ լինել այն ամենին, ինչ իր խելքի բանը չէր։ Նրա միակ նպատակը ֆելդֆեբելի աստիճանի հասնելն էր։

— …սրիկաները չեն ուզում գերմաներեն լեզուն սովորել,— շարունակեց հոժարականը,— թեև լուսավորության մինիստրությունը, պարոն կապրալ, ոչ մի ծախքի ու մարդկային զոհերի աոաջ կանգ չառնելով, նրանց համար դպրոցներ է կառուցել, որի ժամանակ սառել են հինգ շինարար ճարտարապետներ և…