— Քարտաշները փրկվել են,— ընդհատեց նրան Շվեյկը։— Նրանք տաքացել են ծխամորճի կրակով։
— Ո՛չ բոլորը,— առարկեց հոժարականը,— երկուսին դժբախտություն է պատահել։ Նրանք մոռացել են, որ ծուխը պետք է ներս քաշել, որի պատճառով ծխամորճերը հանգել են, և մարդիկ ստիպված նրանց թաղել են սառույցի մեջ։ Բայց վերջ ի վերջո դպրոցը շինել-վերջացրել են։ Շինել են սառցե աղյուսներից ու երկաթբետոնից։ Այդպես շատ ամուր է լինում։ Այն ժամանակ էսկիմոսները իրենց դպրոցի շուրջր խարույկներ են վառել սառույցների մեջ ճզմված առևտրական նավերի բեկորներից և իրենց ուզածն արել։ Այն սառցակտորը, որի վրա կանգնած է եղել դպրոցը, հալվել է, և դպրոցն ամբողջովին թաղվել է ծովի մեջ իր դիրեկտորի և կառավարության ներկայացուցչի հետ, որը հաջորդ օրը պետք է ներկա լիներ դպրոցի հանդիսավոր օծմանը։ Այդ սոսկալի պահին միայն այն են լսել, թե ինչպես կառավարության ներկա յացուցիչը, արդեն մինչև կոկորդը ջրի մեջ, գոռացել է. «Gott, Strafe England!»[54]։ Հիմա, երևի, զորքեր կուղարկեն այնտեղ, որպեսզի էսկիմոսների մոտ կարգ ու կանոն ստեղծեն։ Ի՜նչ խոսք, նրանց հետ կռվելը դժվար է։ Մեր զորքին ամենից շատ կվնասեն նրանց վարժեցրած սպիտակ արջերը։
— Հենց ա՛յդ էր պակաս,— խելամտորեն հարեց կապրալը։— Առանց այն էլ ռազմական գյուտերին թիվ ու համար չկա։ Վերցնենք, օրինակ, գազով թունավորելու դիմակները։ Քաշում ես գլխիդ, և րոպեապես թունավորված ես, ինչպես մեզ սովորեցնում էին ենթասպայական դպրոցում։
— Դա ձեզ վախեցնելու համար են ասել,— պատասխանեց Շվեյկը։— Զինվորը ոչինչից չպիտի վախենա։ Եթե, օրինակ, կռվի ժամանակ ընկել ես արտաքնոցի հորը, ապա լիզելով մաքրիր ինքդ քեզ և նորից նետվիր դեպի մարտ։ Իսկ թունավոր գազերը մեզպեսների համար սովորական բան են եղել դեռևս զորանոցներում, զինվորաբաժին հացն ու կորկոտախառն սիսեռն ուտելուց հետո։ Բայց ահա, ասում են, ռուսները ինչ-որ բան են հնարել հատկապես ենթասպաներին ոչնչացնելու համար։
— Հա՛, մի տեսակ էլեկտրական լար,— ավելացրեց հոժարականր,— որը ենթասպայի օձիքի ցելուլոիդի աստղերին միացնելիս պայթյուն է առաջանում։ Օր չի լինի, որ հետը մի նոր սարսափելի բան չբերի։
Կապրալը, որ զինվորական ծառայությունից առաջ եղել էր․․․ էշ, այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն ձեռք են առնում։ Նա հեռացավ ձերբակալվածներից և առաջ շարժվեց պահակախմբի գլուխն անցած։
Նրանք արդեն մոտենում էին կայարանին, որտեղ բուդեյովցիների բազմություններ էին հավաքվել իրենց գնդին հրաժեշտ տալու համար։
Չնայած որ հրաժեշտը պաշտոնական ցույցի բնույթ չէր կրում, կայարանի առջևի հրապարակը լեփ-լեցուն էր զորքի գալուն սպասող մարդկանցով։
Շվեյկի ուշադրությունն ամբողջովին կենտրոնացավ երթի երկու կողքերին կանգնած թամաշաչիների վրա։ Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ օրինակելի զինվորները քայլում էին հետևից, իսկ պահակախմբի հսկողության տակ գտնվողները՝ առջևից։ Օրինակելի զինվորներին կխցկեն հորթատար վագոնները, իսկ Շվեյկին ու հոժարականին կնստեցնեն կալանավորական հատուկ վագոն, որը զինվորական գնացքներին կցում են շտաբի վագոններից անմիջապես հետո։ Կալանավորական վագոնում միշտ էլ ինչքան ասեք ազատ տեղ է լինում։
Շվեյկը չդիմացավ և գլխարկը թափահարելով ու բազմությանը դիմելով՝ գոռաց.
— Նազդա՛ր։
Դա շատ ուժեղ ներգործություն ունեցավ, և ամբոխը միաբերան կրկնեց այդ ողջույնը։
— Նազդար,— թնդաց հրապարակով մեկ և փոթորկաց կայարանի առաջ։
Հեռվում, առջևի շարքերում, մարդիկ ձայն-ձայնի տվին.
— Գալիս են։
Պահակախմբի պետը բոլորովին գլուխը կորցրեց և Շվեյկի վրա գոռաց, որ ձայնը կտրի։ Սակայն ողջույնի աղմուկն աճում էր սարից գլորվող ձնագնդի պես։ Ժանդարմները հրելով ետ էին մղում բազմությունը և պահակախմբի համար ճանապարհ բացում։ Իսկ բազմությունը շարունակում էր «նազդար» բղավել և գլխարկները թափահարել։
Դա իսկական ցույց էր։ Կայարանի դիմաց գտնվող հյուրանոցի լուսամուտներից ինչ-որ տիկիններ թափահարում էին թաշկինակներն ու բղավում․
― Heil!
Բազմության մեջ «նազդար»-ին խառնվեցին «heil» բացականչությունները։ Մի ինչ-որ էնտուզիաստի, որն այդ հանգամանքից օգտվելով բացականչեց. «Nieder mit»[55] ոտք գցեցին և ոտնահարեցին դիտմամբ սարքված հրմշտոցի մեջ։
— Գալի՜ս են,— էլեկտրական հոսանքի պես անցնում էր բազմության միջով և գնում ավելի ու ավելի հեռուն։
Երթը մոտենում էր։ Շվեյկը պահակախմբի սվինների արանքից ձեռքը թափահարելով՝ սիրալիր ողջունում էր բազմությանը։ Հոժարականը լուրջ դեմքով պատիվ էր տալիս։
Նրանք մտան կայարան և մոտեցան արդեն պատրաստ կանգնած զինվորական գնացքին։ Հրաձգային գնդի նվագախումբը քիչ էր մնում նրանց դիմավորեր «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը թնդացնելով, քանի որ կապելմեյստրն անսպասելի ցույցից իրեն կորցրել էր։ Բարեբախտաբար, հենց այդ ժամանակ իր սև կոտելոկով վրա հասավ Յոթերորդ հեծյալ դիվիզիայի օբերֆելդկուրատ պատեր Լացինան և սկսեց կարգ հաստատել։
Նրա այդտեղ ընկնելու պատմությունը շատ պարզ էր։