Պատեր Լացինան, բոլոր սպայական ճաշարանների այդ պատուհասը, անկուշտ որկրամոլն ու հարբեցողը, դրանից մի օր առաջ եկել էր Բուդեյովիցի և պատահմունքի բերումով մասնակից դարձել մեկնող գնդի սպաների փոքրիկ բանկետին։ Տասը մարդու չափ խմելուց և ուտելուց հետո, նա ավելի կամ պակաս հարբած վիճակում մտել էր սպայական խոհանոցը՝ խոհարարներից ճաշերի մնացորդներ մուրալու։ Այնտեղ կլլել էր մի քանի աման սոուս ու կնեդլիկ և կատվի պես լափլիզել բոլոր ոսկորները։ Մառանում վրա պրծնելով ռոմին, լակել էր փսխելու աստիճան, ապա վերստին գնացել հրաժեշտի երեկույթին, ու նորից թունդ խմել։
Այդ գործում նա հարուստ փորձ ուներ, և Յոթերորդ հեծյալ դիվիզիայի սպաները միշտ ստիպված էին լինում նրա փոխարեն վճարել։
Հաջորդ օրն առավոտյան նրա խելքին փչել էր կարգ հաստատել գնդի առաջին էշելոններն ուղարկելու ժամանակ։ Այդ նպատակով նա հետ ու առաջ էր նետվում զորաշարերի երկայնքով և կայարանում այնպիսի բուռն եռանդ ցուցաբերում, որ էշելոնների ուղարկումը ղեկավարող սպաները նրանից փախել ու թաքնվել էին կայարանապետի գրասենյակում։
Նա կայարանի առաջ հայտնվեց ճիշտ ժամանակին, հենց այն պահին, երբ կապելմեյստերը արդեն ձեռքը շարժում էր, որ նշան տար սկսելու «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը։
― Halt[56],— գոռաց օբեր-ֆելդկուրատը, նրա ձեռքից խլելով դիրիժյորական փայտիկը։— Դեռ շուտ է։ Ես նշան կանեմ։ Իսկ հիմա ruht![57] Ես հիմա կգամ։
Դրանից հետո նա գնաց կայարան, սկսեց վազել պահակախմբի հետևից և «halt» գոռալով կանգնեցրեց խումբը։
— Այդ ո՞ւր,― խստորեն հարցրեց նա կապրալին, որն արդեն բոլորովին գլուխը կորցրել էր և չգիտեր ինչ աներ։
Նրա փոխարեն բարեհոգաբար պատասխանեց Շվեյկը․
— Մեզ տանում են Բրուկ, պարոն օբեր-ֆելդկուրատ։ Եթե ուզում եք, կարող եք մեզ հետ մեկնել։
— Եվ կմեկնեմ,— հայտարարեց պատեր Լացինան և, շրջվելով դեպի ուղեկցորդները, գոռաց.— Ո՞վ է ասում, որ ես չեմ կարող մեկնել, Vorwärts! Marsch![58]։
Հայտնվելով կալանավորական վագոնում, օբեր-ֆելդկուրատը պառկեց նստարանի վրա, իսկ բարեսիրտ Շվեյկը հանեց իր շինելն ու դրեց պատեր Լացինայի գլխի տակ։
Հոժարականը դիմելով վախեցած կապրալին՝ կիսաձայն ասաց․
— Օբեր-ֆելդկուրատների նկատմամբ պետք է հոգատար լինել։
Հարմար տեղավորվելով նստարանի վրա, պատեր Լացինան սկսեց բացատրել.
— Սունկի ռագույի մեջ ինչքան շատ սունկ գցեն, պարոնայք այնքան համեղ կլինի։ Բայց, նախքան այդ, անպայման անհրաժեշտ է սունկը սոխի հետ տապակել և միայն դրանից հետո մեջը դափնետերև ու սոխ գցել։
— Բայց դուք արդեն բարեհաճեցեք սոխն ավելի շուտ գցել,— մեջ մտավ հոժարականը։
Այդ խոսքի վրա կապրալը հոժարականին նայեց մի վհատալից հայացքով, քանի որ նրա համար պատեր Լացինան, որքան էլ որ հարբած, այնուամենայնիվ պետ էր։
Կապրալի վիճակն իսկապես հուսահատական էր։
— Պարոն օբեր-ֆելդկուրատն անկասկած իրավացի է,— քահանային պաշտպանեց Շվեյկը։— Սոխն ինչքան շատ լինի, այնքան լավ։ Պակոմերժիցիում ապրող մի գարեջրագործ գարեջրի մեջ միշտ սոխ էր գցում, որովհետև, ասում են, սոխը ծարավ է առաջացնում։ Առհասարակ սոխը շատ օգտակար բան է։ Չիբանի վրա էլ խաշած սոխ են դնում։
Պատեր Լացինան շարունակում էր քրթմնջալ, ինչպես քնի մեջ.
— Ամեն ինչ կախված է արմատիքից, այն բանից, թե ինչպիսի և ինչքան արմատիք կգցվի մեջը։ Բայց հարկավոր է չափից շատ չպղպեղել, չը․․․— նա խոսում էր ավելի ու ավելի կամաց,— չմեխակել, չլիմոնել, չարմատիքել, չմուսկա…
Նա խոսքը չավարտեց և քնեց, խռմփացնելով և մեջընդմեջ շվացնելով։
Կապրալը քարացածի պես հայացքը սևեռեց նրա վրա։ Ուղեկցորդները կամացուկ ծիծաղում էին։
— Շուտ չի արթնանա,— ասաց Շվեյկը։— Լա՛վ է կոնծել։ Կապրալը, վախեցած, ձեռքը թափ տվեց նրա վրա, որ լռի։
― Ի՞նչ է որ,— շարունակեց Շվեյկը,— թունդ հարբած է, և ուրիշ ոչինչ։ Եվ դեռ կապիտանի աստիճա՜ն ունի։ Այդ ֆելդկուրատների համար, ինչ աստիճան էլ որ նրանք ունենա, կարծես աստծու կողմից այդպես է սահմանված, ամեն առիթով խմում են խելքները կորցնելու չափ։ Ես ծառայում էի ֆելդկուրատ Կացի մոտ, որը կարող էր իր սեփական քիթն էլ խմել։ Նա հո միայն այսպիսի բաներ չէր անում։ Ես և նա խմեցինք մասնատուփը, և երևի տեր աստծուն էլ կխմեինք, եթե մեզ դրա դիմաց մի քոռ գրոշ տային։
Շվեյկը մոտեցավ պատեր Լացինային, նրան շրջեց դեպի պատը և գիտակ մարդու տեսքով ասաց․
— Մրափելու է մինչև Բրուկ․․․— և տարաբախտ կապրալի հուսահատական հայացքի ներքո վերադարձավ ու նստեց իր տեղը։
— Հարկավոր է գնալ հայտնել,— քրթմնջաց կապրալը։
— Ստիպված պիտի լինեք այդ բանը չանել,— ասաց հոժարականը։— Դուք պահակախմբի պետ եք և մեզ թողնելու և գնալու իրավունք չունեք։ Բացի դրանից, ըստ կանոնագրքի, դուք իրավունք չունեք ուղեկցորդներից որևէ մեկին ուղարկելու զեկույցի, քանի որ նրան փոխարինող չունեք։ Ինչպես տեսնում եք, շատ ծանր կացություն է։ Չեք էլ կարող օդի մեջ կրակել, որ մեկնումեկը վազի ու գա, քանի որ այստեղ ոչ մի բան չի պատահել։ Իսկ, մյուս կողմից, հրաման կա, որ կալանավորական վագոնում կալանավորներից ու պահակախմբից բացի ոչ ոք չպետք է լինի։ Կողմնակի անձանց մուտքն այստեղ արգելված է։ Իսկ եթե դուք ցանկանայիք ձեր զանցանքի հետքերը վերացնել և գնացքը շարժվելու ժամանակ օբեր-ֆելդկուրատին աննկատելիորեն վագոնից դուրս գցել, ապա դրանից էլ բան դուրս չէր գա, քանի որ այստեղ վկաներ կան, որոնք տեսել են, որ դուք նրան թույլ եք տվել մտնել մի վագոն, որտեղ նա իրավունք չունի գտնվելու։ Այո՛, պարոն կապրալ, դրանից ոչ այլ ինչի, եթե ոչ աստիճանազրկման հոտ է գալիս։