Выбрать главу

Կապրալն անվճռականորեն սկսեց առարկել, թե իբր դաշտային ավագ քահանային ինքը չի ներս թողել, այլ նա ինքն է միացել իրենց, և թե ֆելդկուրատն ինչքան չլինի պետ է։

— Այստեղ միայն մի պետ կա, և դա դուք եք,— անհողդողդ ասաց հոժարականը, իսկ Շվեյկն ավելացրեց.

— Եթե նույնիսկ ինքը՝ թագավոր կայսրը ցանկանար մեզ միանալ, դուք իրավունք չունեիք թույլ տալու։ Դա նույնն է, թե տեսչություն անող սպան մոտենա պահակակետում կանգնած նորակոչիկին և նրան խնդրի գնալ սիգարետ գնելու, իսկ վերջինս դեռ հարցնի էլ, թե արդյոք ի՞նչ տեսակի սիգարետ բերի։ Այդպիսի բաների համար ծակն են կոխում։

Կապրալը վախվխելով առարկեց, թե իբր առաջինը Շվեյկն էր օբեր-ֆելդկուրատին ասել, թե նա կարող է իրենց հետ գնալ։

— Ես կարող եմ նման բան անել, պարոն կապրալ,— պատասխանեց Շվեյկը,— որովհետև ես ապուշ եմ, բայց ձեզնից բնավ չէր կարելի այդպիսի բան սպասել։

— Վաղո՞ւց եք գերաժամկետ ծառայության մեջ,— իբր թե հենց այնպես հարցրեց կապրալին հոժարականը։

— Երրորդ տարին է։ Հիմա ինձ պետք է դասակապետի աստիճան շնորհեն։

— Դրա վրա կարող եք խաչ քաշել,— ցինիկաբար ասաց հոժարականը։— Ես արդեն ասացի, որ դրանից աստիճանազրկման հոտ է գալիս։

— Վերջ ի վերջո միևնույնն է,— մեջ մտավ Շվեյկը,— թե քեզ որպես ինչ սպանեն, որպես դասակապե՞տ թե շարքային։ Ճիշտ է, ասում են, որ աստիճանազրկվածներին ամենաառաջին շարքերն են խցկում։

Օբեր-ֆելդկուրատն սկսեց շարժվել։

— Մրափում է,— հայտարարեց Շվեյկը, հավաստիանալով, որ նրան ոչինչ չի պատահել։— Երևի երազում ուտելու բան է տեսել։ Միայն թե վախենում եմ, որ չլինի թե այստեղ նրան մի բան պատահի։ Իմ ֆելդկուրատ Կացն էլ, հենց որ լակած էր լինում, սրա պես քնի մեջ ոչինչ չէր զգում։ Մի անգամ, պատկերացրեք…

Եվ Շվեյկն սկսեց պատմել մի դեպք, որ տեղի էր ունեցել ֆելդկուրատ Օտտո Կացի մոտ իր ծառայած ժամանակ, ըստ որում պատմում էր այնպիսի հետաքրքիր մանրամասներով, որ ոչ ոք չնկատեց, թե գնացքն ինչպես շարժվեց։

Շվեյկի պատմությունն ընդհատեց մի ոռնոց, որ լսվում էր հետևի վագոններից։ Տասներկուերորդ վաշտը, որ կազմված էր բացառապես կրումլովցի և կաշպերցի գերմանացիներից, ղռվռալով երգում էր.

Wann ich kumm, wann ich kumm,

Wann ich wieda, wieda kumm[59].

Մի ուրիշ վագոնում ինչ-որ մեկը հուսահատ մղկտում էր, իր մղկտոցն ուղղելով հեռացող Բուդեյովիցիին․

Und du, mein Schatz,

Bleibs hier.

Holario, holo![60]

Դա այնպիսի զարհուրելի ոռնոց էր, որ նրա ընկերները չդիմացան և նրան հետ քաշեցին հորթատար վագոնի բաց դռնակից։

— Զարմանալի է, որ դեռ մինչև հիմա ստուգման չեն եկել այստեղ,— ասաց կապրալին հոժարականը։— համաձայն հրահանգի, դուք դեռևս կայարանում գնացքի պարետին պետք է զեկուցեիք մեր մասին, և ոչ թե ամեն տեսակ հարբած օբեր-ֆելդկուրատների նազը քաշեիք։

Թշվառ կապրալը համառորեն լռում էր ու նայում փախչող հեռագրասյուներին։

— Երբ մտածում եմ, որ մեզանից ոչ մեկի մասին չեն զեկուցել,— շարունակեց նենգամիտ հոժարականը,— և որ առաջին իսկ կայարանում գնացքի պարետն անպայման ներս կխցկվի մեր վագոնը, արյունս եռ է գալիս։ Կարծես թե մենք ինչ որ…

— Գնչուներ կամ շրջմոլիկներ ենք,— շարունակեց Շվեյկը։— Դուրս է գալիս, որ մենք աստծու տված լույսից վախենում ենք, և ոչ մի տեղ չենք երևում, որպեսզի չձերբակալեն։

— Բացի դրանից,― ասաց հոժարականը,― ըստ 1879 թվականի նոյեմբերի 21-ի կարգադրության, զինվորական կալանավորներին երկաթուղով տեղափոխելիս պետք է պահպանել հետևյալ կանոնները. առաջին, կալանավորական վագոնը պետք է ունենա ձողավանդակներ,— դա միանգամայն հասկանալի է, և տվյալ դեպքում առաջին կանոնը պահպանված է, մենք գտնվում ենք միանգամայն ամուր վանդակաձողերի հետևում։ Դա, ուրեմն, կարգին է։ Երկրորդ, ի լրումն 1879 թվականի նոյեմբերի 21-ի կայսրական-թագավորական կարգադրության, կալանավորական վագոնը պետք է ունենա արտաքնոց։ Եթե այդպիսին չկա, ապա անհրաժեշտ է վագոնն ապահովել կափարիչավոր ամանով, որպեսզի կալանավորներն ու նրանց ուղեկցող պահակախումբը կարողանան հոգալ իրենց բնական մեծ ու փոքր պահանջները։ Տվյալ դեպքում արտաքնոց ունեցող կալանավորական վագոնի մասին խոսք լինել չի կարող․ մենք գտնվում ենք պարզապես մեկուսացված, ամբողջ աշխարհից կտրված մի կուպեում։ Եվ, այդ բոլորից բացի, այստեղ չկա ասածս ամանը։

— Կարող եք լուսամատից անել,— միանգամայն վհատված ասաց կապրալը։

— Դուք մոռանում եք,— ասաց Շվեյկը,— որ կալանավորներին արգելված է լուսամուտին մոտենալ։

— Երրորդ,— շարունակեց հոժարականը,— վագոնը պետք է ունենա խմելու ջրի աման։ Այդ մասին էլ հոգ չեք տարել Apropos![61] Ո՞ր կայարանումն են ճաշ տալու։ Չե՞ք իմանում։ Էհ, այդպես էլ գիտեի։ Այդ էլ չեք հարցրել։

— Այ, տեսնում եք, պարոն կապրալ,— հարեց Շվեյկը,— կալանավոր տեղափոխելը հանաք բան չէ։ Մեր մասին պետք է հոգալ։ Պետք է ամեն ինչ մեզ պատրաստի հրամցնել։ Դրա համար հրահանգներ ու պարագրաֆներ կան, որոնք պետք է կատարվեն, այլապես ոչ մի կարգուկանոն չէր լինի։ «Ձերբակալված մարդն ու բարուրած երեխան մի բան են,— ինչպես ինձ ասում էր մի ծանոթ շրջմոլիկ,— նրան պետք է խնամել, որ չմրսի, չհուզվի, իր վիճակից գոհ լինի, և որ խեղճին ոչ ոք նեղություն չտա․․․»։ Ի դեպ,— ասաց Շվեյկը, բարյացակամորեն նայելով կապրալին,— երբ ժամը տասնմեկը լինի, բարի եղեք ինձ իմաց անել։