Բայց այդ բոլորը երկրորդական բաներ են, թեև ձեր «Կենդանիների աշխարհ»-ի խմբագրի համար ավելորդ չէր լինի հավաստիանալ, թե իրենից ինչ է ներկայացնում այն մարդը, որին նա անվանում է անասուն, հավաստիանալ ավելի վաղ, քան այդ հարձակումները լույս կտեսնեին և կերևային Մորավիայի, Մերձմիստեկյան Ֆրիդլանդի ընթերցողների աչքին, վայրեր, ուր մինչև այդ հոդվածի հրապարակվելը ձեր ժուռնալն ևս բաժանորդներ ուներ։ Վերջ ի վերջո խնդիրը մի խելագարի դեմ անձնական բնույթի բանավեճ մղելու մեջ չէ, այլ այն բանի, որ վերականգնվի ճշմարտությունը։ Ուստի և մի անգամ ևս կրկնում եմ, որ անթույլատրելի է անվան բառացի թարգմանությունից ելնելով հորինել նոր անուններ, երբ մենք ունենք բոլորին հայտնի հայրենական «սոյկա» անունը։»
— Այո, սոյկա,— էլ ավելի հուսահատական ձայնով ասաց իմ պետը։
Ես շարունակում եմ հանգիստ կարդալ, թույլ չտալով ինձ ընդհատել.
«Երբ մի ոչ մասնագետ ու խուլիգան ձեռնամուխ է լինում այնպիսի գործի, որից գաղափար չունի, ապա դա նրա կողմից լկտիություն է։ Ե՞րբ է որևէ մեկը սոյկային «ընկուզենահավ» անվանել։ «Մեր թռչունները» աշխատության 148-րդ էջում կարելի է գտնել լատինական «Ganulus glandarius B. A.» անվանումը։ Դա հենց սոյկան է։
Ձեր ժուռնալի խմբագիրն անպայման պետք է ընդունի, որ ես թռչուններին գիտեմ ավելի լավ, քան կարող է գիտենալ մի մարդ, որ մասնագետ չէ։ Ընկուզենահավը, ըստ պրոֆեսոր Բայերի տերմինոլոգիայի, ոչ այլ ինչ է, եթե ոչ mucifraga carycatectes A., և այդ լատինական «A»-ն բնավ էլ «ապուշ» բառի սկզբնատառը չէ, ինչպես գրել էր ինձ ձեր խմբագիրը։ Չեխ թռչնաբանները ծանոթ են միայն սովորական սոյկային, և նրանց հայտնի չէ ձեր «ընկուզենահավ»-ը, որը հնարել է մի պարոն, որին և սազական է «A» սկզբնատառը, համաձայն իր իսկ տեսության։
Անձի դեմ ուղղված լկտի հարձակումները բնավ չեն փոխում հարցի էությունը։ Սոյկան կմնա սոյկա, եթե նույնիսկ ձեր խմբագիրն իր շալվարի մեջ իք անի։ Վերջինս մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ նամակի հեղինակը գրում է թեթևամտաբար, ոչ ըստ էության, թեկուզ և այդ բանն անելիս նա, վրդովմունք պատճառող գռեհկությամբ, վկայակոչում է Բրեմին։ Այսպես, օրինակ, այդ բռի մարդը գրում է, թե սոյկան, ըստ Բրեմի 452-րդ էջի, պատկանում է կոկորդիլոսակերպների դասին, մինչդեռ այդ էջում խոսվում է ժուլանի կամ սովորական կարմիր շամփրուկի (Lanius minor) մասին։
Դեռ ավելին, այդ, մեղմ ասած, տգետը նորից վկայակոչում է Բրեմին, հայտարարելով, թե սոյկան պատկանում է տասնհինգերորդ դասին, մինչդեռ Բրեմը ագռավակերպներին մտցնում է տասնյոթերորդ դասի մեջ, որին պատկանում են և ագռավները, կազմելով արջնագռավների ընտանիքը, ըստ որում նամակի հեղինակն այնքան լկտի է, որ ինձ ևս անվանում է արջնագռավ (Colaeus), որը պատկանում է չաչանակ կաչաղակների, կապույտ ագռավների ընտանիքին, բռի ապուշների ենթադասին, թեև Բրեմի նույն այդ էջում խոսվում է անտառային սոյկաների և խայտաբղետ կաչաղակների մասին»։
— Անտառային սոյկանե՜ր,— հառաչեց հրատարակիչս, երկու ձեռքով բռնելով գլուխը։— Հապա թերթը տվեք ինձ, շարունակությունը ես կարդամ։
Ես վախեցա, լսելով, թե ինչպես հրատարակիչս թերթը կարդալիս սկսեց խռխռացնել։
— Սնկակեր կամ տաճկական սև կեռնեխը,— խռխռացնում էր նա,— միևնույն է, չեխերեն թարգմանությամբ կմնա սև կեռնեխ, իսկ գորշ կեռնեխը՝ գորշ կեռնեխ։
— Գորշ կեռնեխը պետք է անվանել արոսահավ կամ սնձենահավ, պարոն պետ,— պնդեցի ես,— որովհետև նա սնվում է սնձենու պտուղներով։
Պան Ֆուքսը թերթը դեն շպրտեց ու մտավ բիլիարդի տակ, խռխռաձայն արտասանելով հոդվածի վերջին՝ «Turdus»[64] սնկակեր բառերը։
— Գրո՜ղը տանի սոյկային,— բղավեց նա բիլիարդի տակից։— Ընկուզենահա՜վ։ Կկծեմ։
Նրան բիլիարդի տակից հազիվ դուրս քաշեցին։ Երեք օր հետո, ընտանեկան նեղ շրջանում, նա մեռավ ուղեղի բորբոքումից։
Մեռնելուց առաջ, մտքի պայծառացման պահին, նրա վերջին խոսքն այս էր եղել․
— Ինձ համար կարևորը անձնական շահերը չեն, այլ ընղհանուր բարօրությունը։ Այդ տեսակետից էլ ընդունեցեք իմ վերջին եզրակացությունը ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ․․․— և զկռտացել էր։
Հոժարականը մի պահ լռեց, ապա չարանենգորեն ասաց կապրալին.
— Դրանով ես ուզում եմ ասել, որ ամեն մարդ կարող է անելանելի դրության մեջ ընկնել և որ մարդս սխալական է։
Այդ ամենից կապրալը միայն այն հասկացավ, որ իրեն նկատել են տալիս իր սեփական սխալները։ Նա նորից շրջվեց դեպի լուսամուտը և սկսեց մռայլված նայել, թե ճանապարհն ինչպես է հետ-հետ փախչում։ Պահակախմբի զինվորները հիմարական հայացքներով իրար էին նայում։ Այդ պատմության նկատմամբ բոլորից ավելի հետաքրքրություն ցուցաբերեց Շվեյկը։
— Չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա,— սկսեց նա։— Ամեն ինչ վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, նույնիսկ այն, որ այդ հիմար սոյկան ընկուզենահավ չէ։ Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք այդպիսի պատմության մեջ են ընկնում։ Որևէ կենդանի հնարելը հեշտ գործ չէ, բայց շատ ավելի դժվար է, որ մարդ կարողանա իր հնարած կենդանին ներկայացնել հասարակությանը։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում մի ոմն Մեստեկ ծովահարս էր հայտնագործել և նրան, շիրմայի հետևից, ցույց էր տալիս Վինոգրադիի Հավլիչկա փողոցում։ Շիրմայի վրա մի ծակ կար, և ամեն մարդ այդ ծակից կարող էր տեսնել կիսախավարի մեջ գտնվող մի շատ սովորական բազմոց, որի վրա պառկած էր Ժիժկովում ապրող մի աղջիկ։ Նրա ոտքերին կանաչ շղարշ էր փաթաթած, որը պետք է ներկայացներ ծովահարսի պոչ, մազերը ներկված էին կանաչ գույնով, ձեռքերին լողաթևերի նմանվող կարտոնե և, դարձյալ կանաչ, թաթմաններ կային, իսկ մեջքի երկարությամբ պարանով ղեկանման մի բան էր կապած։ Տասնվեց տարեկանից փոքր երեխաների մուտքն արգելված էր, իսկ տասնվեց տարեկանից բարձրերը՝ մուտքի համար վճարում էին, և բոլորին շատ դուր էր գալիս, որ ծովահարսը մեծ հետույք ուներ, որի վրա գրված էր «Ց’նոր տեսություն»։ Սակայն ծծերը հաջող չէին, կախված էին մինչև պորտը, ինչպես պառավ բոզի ծծեր։ Երեկոյան ժամը յոթին Մեստեկը փակում էր պանորաման ու ասում. «Ծովահա՛րս, կարող եք տուն գնալ»։ Աղջիկը շորերը փոխում էր, և գիշերվա ժամը տասին նրան արդեն կարելի էր տեսնել Թաբորսկա փողոցում, որտեղ ման էր գալիս և, իբր թե հենց այնպես, ամեն պատահած տղամարդու ասում. «Սիրունիկս, եկ գնանք քեֆ քաշենք»։ Քանի որ նա դեղին տոմս չուներ, պան Դրաշները շուրջկալի ժամանակ նրան էլ ձերբակալեց մյուս «մկնիկների» հետ, և Մեստեկը ստիպված եղավ իր խանութը փակել։