Այդ պահին օբեր-ֆելդկուրատը ցած գլորվեց նստարանի վրայից և շարունակեց քնել հատակին պառկած։ Կապրալը նրա վրա մի շվար հայացք նետեց և ընդհանուր լռության մեջ սկսեց ֆելդկուրատին քաշքշել, ցանկանալով նորից պառկեցնել նստարանի վրա։ Ոչ ոք տեղից չշարժվեց նրան օգնելու։ Երևում էր, որ կապրալը իսպառ կորցրել է իր հեղինակությունը, և երբ նա անհույս, ձայնով ասաց․
— Գոնե մեկդ օգներ…— պահակները միայն նայեցին նրան, բայց ոչ ոք տեղից չշարժվեց։
— Պետք է թողնեիք մրափեր հատակին,— ասաց Շվեյկը։— Ես իմ ֆելդկուրատի հետ այլ կերպ չէի վարվում։ Մի անգամ ես նրան թողի, որ քնի արտաքնոցում, իսկ մի ուրիշ անգամ նա քնեց պահարանի վրա։ Պատահում էր, որ քնում էր ուրիշի բնակարանում, տաշտի մեջ։ Եվ ուր ասես չէր շնթռկում։
Հանկարծ կապրալի վճռականությունը բռնեց։ Ցանկանալով ցույց տալ, թե այդտեղ ինքն իսկապես պետ է հանդիսանում, նա կոպտաբար գոռաց Շվեյկի վրա.
— Փակեցեք ձեր ռեխը և ափեղցփեղ դուրս մի տաք։ Ամեն մի սպասյակ ուր ուզում քիթը խոթում է և զահլա տանում։ Ճիճո՛ւ։
― Ճի՛շտը է։ Իսկ դուք, պարոն կապրալ, աստված եք,— պատասխանեց Շվեյկը այն փիլիսոփայի անվրդովությամբ, որը աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկությամբ կատաղի բանավեճի մեջ է մտնում։— Դուք սգացող աստվածամայր եք։
— Տե՜ր աստված,— ասաց հոժարականը, աղոթողի պես ձեռքերը կրծքին խաչելով,— մեր սրտերը լցրու սիրով բոլոր ենթասպաների նկատմամբ, որպեսզի մենք նրանց զզվանքով չնայենք։ Օրհնյա մեր ժողովը այս կալանավորական անիվավոր գուբի մեջ։
Կապրալը կարմրատակեց ու տեղից վեր թռավ։
—— Ես արգելում եմ որևէ դիտողություն անել, հե՛յ, հոժարական։
— Դուք մեղք չունեք,— հանգստացնում էր նրան հոժարականը։— Բնությունը կենդանիների բոլոր տեսակներն ու ցեղերը ստեղծելու հետ միասին նրանց զրկել է ամենայն ինտելեկտից։ Երևի դուք լսել եք մարդկային հիմարության մասին։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե դուք ծնված լինեիք իբրև մի այլ կաթնասուն կենդանի և չկրեիք մարդու և կապրալի տխմար անունը։ Դուք մեծապես սխալվում եք, եթե ձեզ համարում եք կատարյալ և շատ զարգացած արարած։ Բավական է պոկել ձեր աստղերը, և դուք կդառնաք զրո, ճիշտ այնպիսի զրո, ինչպիսին են բոլոր նրանք, որոնց սպանում են բոլոր ռազմաճակատներում և բոլոր խրամատներում, սպանում աստված գիտե թե ինչի համար։ Եթե ձեզ վրա մի աստղ էլ ավելացնեն և ձեզնից մի նոր տեսակի կենդանի պատրաստեն, անունը ավագ ենթասպա, ապա դարձյալ ձեր ամեն ինչը կարգին չի լինի։ Ձեր մտահորիզոնը ավելի կնեղանա, և երբ դուք, վերջապես, ռազմի դաշտում վայր դնեք ձեր կուլտուրապես չզարգացած գլուխը, ապա ամբողջ Եվրոպայում ձեզ համար ոչ ոք լաց չի լինի։
— Ես ձեզ կնստեցնեմ,— հուսահատաբար բղավեց կապրալը։
Հոժարականը ժպտաց.
— Երևի դուք կցանկանայիք ինձ նստեցնել ձեզ վիրավորելո՞ւ համար։ Այդ դեպքում պետք է սուտ ասեիք, որովհետև ձեր մտավոր բագաժով դուք բնավ չէիք կարող հասկանալ իմ խոսքերի մեջ եղած վիրավորանքը, մանավանդ որ դուք,— ինչի վրա ուզում եք գրազ գամ,— մեր խոսակցությունից ոչինչ չեք հիշում։ Եթե ես ձեզ անվանեմ էմբրիոն, ապա դուք այդ բառը կմոռանաք ոչ միայն առաջիկա կայարանին չհասած, այլև ավելի վաղ, քան մեր մոտով կսլանա ամենամոտիկ հեռագրասյունը։ Դուք ուղեղի մի մեռած գալար եք։ Որքան էլ ես ցանկանամ, չեմ կարող նույնիսկ պատկերացնել, որ դուք երբևէ կարող եք կապակցված պատմել այն, ինչ ես ասացի։ Բացի դրանից, հարցրեք ներկա գտնվողներից ում ուզում եք, թե արդյոք որևէ բանով վիրավորե՞լ եմ ձեր մտահորիզոնը և արդյոք իմ ասածների մեջ վիրավորանքի որևէ նշույլ կա՞ր։