Выбрать главу

Գալիս է Մարիան

Գոդոնինայից.

Նրա հետևից,

Գինին թևի տակ

Գնում է արագ,

Վազում անհամբեր

Մի դմբո տերտեր։

Բայց օբեր-ֆելդկուրատը բոլորովին չբարկացավ։

— Եթե մեր ձեռքի տակ մի քիչ ռոմ լիներ, գինու կարիք չէր զգացվի,— ասաց նա բարյացակամորեն ժպտալով,— իսկ ինչ վերաբերվում է Մարիային, ապա մենք առանց նրա էլ յոլա կգնանք։ Դրանք մարդուս միայն մեղքի տակ կգցեն։

Կապրալը ձեռքը տարավ շինելի գրպանը և, զգուշաբար, ռոմի մի տափաշիշ հանեց։

— Համարձակվում եմ առաջարկել, պարոն օբեր-ֆելդկուրատ,— կապրալի ձայնից երևում էր, թե այդ զոհողությունը որքան ծանր է նրա համար,— վիրավորական չհամարեք…

― Չեմ համարի, աղավնյա՛կս,— պատասխանեց օբեր-ֆելդկուրատը, և նրա ձայնի մեջ ուրախ նոտաներ հնչեցին։— Խմում եմ և մաղթում, որ հաջողությամբ տեղ հասնենք։

— Հիսո՜ւս Քրիստոս,— հառաչեց կապրալը, տեսնելով, թե ինչպես մի պատկառելի կումից հետո տափաշշի պարունակության կեսն անէացավ։

— Ախ, ձեր ի՛նչն եմ ասել,— մատով սպառնաց նրան օբեր-ֆելդկուրատը, ժպտալով և բազմանշանակալից աչքով անելով հոժարականին։— Եվ դեռ ամեն առիթով աստծո անունն եք տալիս։ Նա դրա համար ձեզ կպատժի։— Պատերը նորից մի կում արեց և, տափաշիշը Շվեյկին տալով, հրամայեց. «Վերջացնե՛լ»։

— Հրամանը-հրաման է,— բարեհոգաբար ասաց Շվեյկը կապրալին, վերադարձնելով դատարկ տափաշիշը։ Կապրալի աչքերում երևաց այն հատկանշական փայլը, որ կարելի է տեսնել միայն հոգեկան հիվանդների աչքերում։

— Իսկ հիմա մինչև Վիեննա հասնելը մի քիչ ննջեմ,— ասաց օբեր-ֆելդկուրատը։— Հենց որ Վիեննա հասնեք, ինձ արթնացրեք։ Իսկ դուք,— դիմեց նա Շվեյկին,— գնացեք սպայական ճաշարանի խոհանոցը, վերցրեք սպասքը և ինձ համար ճաշ բերեք։ Այնտեղ ասացեք, որ պարոն օբեր-ֆելդկուրատ Լացինայի համար է։ Աշխատեցեք կրկնակի բաժին ստանալ։ Եթե կնեդլիկ լինի, կոշտ կողը չվերցնեք, ձեռնտու չէ։ Հետո ինձ համար մի շիշ գինի բերեք և չմոռանաք կաթսայիկը վերցնել. թող մեջը ռոմ լցնեն։

Պատեր Լացիան սկսեց գրպանները պրպտել։

— Լսեցեք,— ասաց նա կապրալին,— մոտս մանր փող չկա, ինձ պարտքով մի ոսկի տվեք… Այդպես, ահա՛ վերցրեք։ Ձեր ազգանունն ի՞նչ է։

— Շվեյկ։

— Ահա ձեզ, Շվեյկ, թեյի փող։ Կապրա՛լ, ինձ մի ոսկի էլ պարտք տվեք։ Ահա, Շվեյկ, այս երկրորդ ոսկին կստանաք, եթե ամեն ինչ անեք ինչպես պետքն է։ Բացի դրանից, ինձ համար այնտեղ սիգարետներ ու սիգարներ ճարեցեք։ Եթե շոկոլադ տալու լինեն, կրկնակի բաժին պոկեցեք, իսկ եթե պահածոներ, ապա ուշ դարձրեք, որ ձեզ ապխտած լեզու կամ սագի լյարդ տան։ Եթե շվեցարական պանիր տալու լինեն, ապա, տեսեք, հա՛, կողքի մասից չվերցնեք, իսկ եթե հունգարական երշիկ տան՝ ծայրի մասից չվերցնեք, ավելի լավ կլինի՝ մեջտեղից, հյութալի մի կտոր։

Օբեր-ֆելդկուրատը մեկնվեց նստարանի վրա և մի րոպե չանցած քնեց։

— Հուսամ, միանգամայն գոհ եք մեր ընկեցիկ երեխայից,— ասաց հոժարականը ենթասպային, պատերի խռմփոցի ներքո։ Աննմա՜ն մանչուկ է։

— Ծծից կտրած, ինչպես ասում են,— վրա բերեց Շվեյկը,— արդեն շշից է ծծում, պարոն կապրալ․․․

Կապրալը մի րոպեի չափ պայքարեց ինքն իր հետ և, միանգամից ստորաքարշությունը մի կողմ թողնելով, չոր-չոր ասաց.

— Փափուկ-փափուկ խոսելով գործ է դզում…

— Իբրև թե մանր փող չունի,— ասաց Շվեյկը։— Դա ինձ հիշեցնում է Դեյվիցում ապրող Մլիչկո ազգանունով մի քարտաշի։ Այդ Մլիչկոն երբեք մանր փող չէր ունենում, մինչև որ խրվեց մի պատմության մեջ ու խարդախության համար բանտ ընկավ։ Մանր փող չէր ունենում, բայց մեծերը խմում էր։

— Յոթանասունհինգերորդ գնդում,— խոսակցությանը խառնվեց պահակախմբի զինվորներից մեկը,— մի կապիտան պատերազմից առաջ խմեց գնդի ամբողջ գանձարանը, որի համար էլ նրան զինվորական ծառայությունից վռնդեցին։ Հիմա նա նորից կապիտան է։ Մի ֆելդֆեբել գողացավ լամբակների համար տրված պետական մահուդը, քսան կտորից ավելի, իսկ հիմա ենթապրապորշչիկ է։ Իսկ ահա վերջերս Սերբիայում մի հասարակ զինվորի գնդակահարել են նրա համար, որ մի նստելում միանգամից կերել է այն մի տուփ պահածոն, որ նրան տվել էին երեք օրվա համար։

— Դա գործին չի վերաբերվում,— ասաց կապրալը։— Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է. աղքատ զինվորից երկու ոսկի պարտք վերցնել թեյի փող տալու համար,— դա արդե՜ն…

— Ահա ձեր ոսկին,— ասաց Շվեյկը։— Ես չեմ ուզում ձեր հաշվին հարստանալ։ Իսկ երբ օբեր-ֆելդկուրատից ստանամ երկրորդ ոսկին, դարձյալ կվերադարձնեմ ձեզ, որ լաց չլինեք։ Դուք ձեզ միայն շոյված պիտի համարեք, որ պետը ծախսի համար ձեզնից պարտք է վերցնում։ Թունդ էգոիստ եք, հա՜։ Բանը վերաբերվում է ընդամենը երկու ոսկու։ Կուզեի տեսնել, թե ինչ կերգեիք, եթե ստիպված լինեիք ձեր կյանքը զոհել ձեր պետի համար, օրինակ, եթե նա վիրավոր ընկած լիներ թշնամու կրակագծի վրա և դուք ստիպված լինեիք նրան գրկած դուրս բերել կրակի տակից, իսկ այդ ժամանակ ձեզ գնդակոծեին շրապնելով և ինչով ասեք…