Հորթատար վագոններից զինվորները դուրս էին նայում. նրանց դեմքերին կատարյալ անհուսություն էր դրոշմված, ինչպես դեպի կախաղան գնացողների դեմքերին։
Վագոններին տիկիններ էին մոտենում և զինվորներին բաժանում շաքարահացեր՝ այսպիսի շաքարատառ մակագրություններով․
«Sieg und Rache»; «Gott, strafe England»; «Der Oesterreicher hat ein Vaterland. Er liebt’s und hat auch Ursach fütr’s Vaterland zu kämpfen»[67]։
Երևում էր, թե ինչպես Կաշպերյան լեռնցիներն այդ շաքարահացերը խժռում են դեմքի նույն վհատալից արտահայտությամբ։
Այնուհետև վաշտերին հրաման տրվեց գնալ ճաշ բերել կայարանի հետևում կանգնած դաշտային խոհանոցներից։ Այնտեղ էր և սպայական խոհանոցը, ուր և դիմեց Շվեյկը օբեր-ֆելդկուրատի հրամանը կատարելու։ Հոժարականը մնացել էր գնացքում և սպասում էր, որ գան ու իրեն կերակրեն։ Պահակախմբի զինվորներից երկուսը գնացել էին ճաշ բերելու ամբողջ կալանավորական վագոնի համար։
Շվեյկը ճշտորեն կատարեց հրամանը և, ուղեգծերի վրայով անցնելիս տեսավ պորուչիկ Լուկաշին, որը հետ ու առաջ էր քայլում երկաթուղու պաստառի վրա, հուսալով, որ սպայական խոհանոցից իրեն էլ բաժին կհասնի։ Պորուչիկ Լուկաշը չափազանց տհաճ վիճակի մեջ էր, քանի որ նա և պորուչիկ Կիրշները ժամանակավորապես մի ընդհանուր սպասյակ ունեին։ Այդ տղան հոգ էր տանում միայն իր տիրոջ միասին և կատարյալ սաբոտաժ անում, երբ բանը վերաբերում էր պորուչիկ Լուկաշին։
— Ո՞ւմ համար եք տանում, Շփեյկ,— հարցրեց խեղճ պորուչիկը, երբ Շվեյկը գետին դրեց շինելի մեջ փաթաթած իրերի մի ամբողջ կույտ՝ սպայական խոհանոցից կռվով առած ռազմաավարը։
Շվեյկի լեզուն մի պահ կապ ընկավ, բայց նա արագ տիրապետեց իրեն և իր պարզ ու շիտակ դեմքով հանգիստ պատասխանեց․
— Համարձակվում եմ զեկուցել, ձեզ համար, պարոն օբեր-լեյտենանտ։ Միայն թե չեմ կարողանում իմանալ, թե որտեղ է ձեր կուպեն, և, բացի դրանից, չգիտեմ, թե գնացքի պարետը չի՞ առարկի, որ ես գնամ ձեզ հետ։ Շա՜տ խոզ մարդ է։
Պորուչիկ Լուկաշը հարցականորեն նայեց Շվեյկին, որը շարունակեց մտերմավարի ու բարեհոգաբար.
— Իսկական խոզ է, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ նա շրջագայում էր գնացքը, ես նրան անմիջապես զեկուցեցի, թե արդեն ժամը տասնմեկն է, իմ նստելու ժամանակն արդեն անցել է, և ես պետք է գտնվեմ հորթերի վագոնում և կամ ձեզ մոտ։ Իսկ նա չափազանց կոպիտ կերպով խոսքս կտրեց, թե, մեջ մի ընկիր և մնա տեղդ նստած։ Ասաց, թե այդպիսով գոնե ձեզ նորից չեմ խայտառակի։ Պարո՛ն օբեր-լեյտենանտ։— Շվեյկը տառապյալի կերպարանքով ծռմռեց բերանը։— Կարծես երբևէ ես ձեզ խայտառակել եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Պորուչիկ Լուկաշը հառաչեց։
— Երբևէ չի պատահել, որ ես ձեզ խայտառակեմ,— շարունակեց Շվեյկը։— Եթե մի բան էլ պատահել է, ապա պարզապես եղել է պատահականություն, «աստվածային նախախնամություն», ինչպես ասաց Պելգրժիմովում ապրող ծերունի Վանիչեկը, երբ նրան երեսունվեցերորդ անգամ բանտ նստեցրին։ Ես երբեք ոչ մի բան դիտմամբ չեմ արել։ Ես միշտ ջանացել եմ, որ ամեն բան ավելի հաջող ու ավելի լավ անեմ։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ դրանից մենք երկուսս օգուտի փոխարեն միայն ցավ ու տառապանք ենք տեսել։
― Միայն թե լաց մի լինեք, Շվեյկ,— մեղմորեն ասաց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք երկուսով մոտեցան շտաբի վագոնին։— Ես այնպես կանեմ, որ դուք նորից ինձ մոտ լինեք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես լաց չեմ լինում։ Միայն թե շատ ցավում եմ, որ մենք երկուսս այս պատերազմում և ամբողջ աշխարհում ամենադժբախտ մարդիկ ենք և երկուսս էլ դրանում մեղք չունենք։ Երբ միտք եմ անում, թե որքան դաժան է բախտը, որ ես, ի ծնե այդպես ջանասեր լինելով…
— Հանգստացեք, Շվեյկ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ եթե ենթակարգությունը չլիներ, ես կասեի, թե ոչ մի կերպ չեմ կարող հանգստանալ, բայց, համաձայն ձեր հրամանի, արդեն բոլորովին հանգստացա։
— Դե՛հ, մտեք, ուրեմն, վագոն։
— Ճիշտ այդպես, արդեն մտնում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Մոստի զինվորական ճամբարում գիշերային լռություն էր։ Զինվորները բարաքներում ցրտից սրթսրթում էին, մինչդեռ սպայական տաքացրած բարաքների լուսամուտներն անտանելի շոգից կրնկի վրա բաց էին։
Առանձին օբյեկտների մոտ լսվում էին քայլելով իրենց քունը վանող պահակների ոտնաձայները։
Ներքևում, գետափին, իր պայծառ լույսերով շողշողում էր նորին մեծության մսի պահածոների գործարանը։ Այնտեղ աշխատում էին զօր ու գիշեր։ Պահածոներ պատրաստելու համար վերամշակում էին ամեն տեսակ թափոններ։ Քամին մինչև ճամբար էր հասցնում փթող ջլերի, սմբակների ու ոսկորների գարշահոտությունը, որոնցից սուպի պահածոներ էին պատրաստում։