Выбрать главу

Այն լքված տաղավարից, որտեղ խաղաղ ժամանակ մի լուսանկարիչ լուսանկարում էր այդտեղ՝ զինվորական հրաձգարանում իրենց ջահելությունն անցկացնող զինվորներին, երևում էր Լիտավայի հովիտը, և մի էլեկտրական կարմիր լապտեր առկայծում էր «Եգիպտացորենի կողրի մոտ» պոռնկատան մուտքի առաջ։ 1918 թվին, Շոպրոնիի մեծ զորախաղերի ժամանակ, էրցհերցոգ Ստեփանն իր այցելությամբ պատվել էր այդ պոռնկատունը, որտեղ ամեն օր հավաքվում էր սպայությունը։

Դա ամենապերճաշուք հասարակաց տունն էր, ուր շարքայիններն ու հոժարականները մուտք չունեին. նրանք այցելում էին «Վարդագույն տուն»-ը, որի կանաչ լապտերներն ևս տեսանելի էին լուսանկարչի լքված տաղավարից։

Ըստ աստիճանների կատարված այդ սահմանազատումը պահպանվեց և ռազմաճակատում, երբ միապետությունն իր զորքերին այլևս չէր կարող օգնել ոչ այլ ինչով, քան միայն շտաբներին կից գործող դաշտային պոռնկատներով, որոնք կոչվում էին պուֆեր։ Այդպիսով, գոյություն ունեին կայսրա-թագավորական սպայական պուֆեր, կայսրա-թագավորական ենթասպայական պուֆեր և շարքայինների կայսրա-թագավորական պուֆեր։

Լիտավայի Մոստ քաղաքը շողում էր իր լույսերով։ Լիտավայի մյուս ափին իրենց լույսերով շողում էին Կիրալուհիդան, Ցիսլայտանիան և Տրանսլայտանիան։ Այդ երկու քաղաքներում էլ, հունգարական և ավստրիական, նվագում էին գնչուական կապելաներ, մարդիկ երգում էին, պարում ու խմում։ Սրճարաններն ու ռեստորանները պայծառորեն լուսավորված էին։ Տեղական բուրժուաներն ու չինովնիկները իրենց հետ սրճարաններ ու ռեստորաններ էին տանում իրենց կանանց ու հասած աղջիկներին, և ամբողջ Լիտավայի Մոստը, Bruck an der Leite[68], ինչպես և Կիրալուհիդան իրենցից ներկայացնում էին ոչ այլ ինչ, եթե ոչ մի վիթխարի համատարած պոռնկանոց։

Սպայական բարաքներից մեկում Շվեյկը սպասում էր իր պորուչիկ Լուկաշին, որն երեկոյան գնացել էր քաղաքային թատրոն և դեռ չէր վերադարձել։ Շվեյկը նստած էր պորուչիկի արդեն բացած անկողնու վրա, իսկ նրա դիմաց, սեղանի վրա, նստել էր մայոր Վենցելի սպասյակը։

Մայոր Վենցելը ռազմաճակատից վերադարձել էր գունդ, երբ Սերբիայում, Դրինայի ափին, փայլուն կերպով ապացուցել էր իր ապաշնորհությունը։ Լուրեր էին պտտվում, թե նա հրամայել է պոնտոնային կամուրջը քանդել ու ոչնչացնել այն պահին, երբ իր գումարտակի կեսը դեռ չէր անցել մյուս ափը։ Ներկայումս նա նշանակված էր Կիրալուհիդայի զինվորական հրաձգարանի պետ և, բացի դրանից, ինչ-որ պարտականություններ էր կատարում զինվորական ճամբարի տնտեսական մասում։ Սպաների շրջանում խոսում էին, թե հիմա մայոր Վենցելն իր գործերը կարգի կբերի։ Լուկաշի և Վենցելի սենյակները գտնվում էին միևնույն միջանցքում։

Մայոր Վենցելի սպասյակ Միկուլաշեկը, անբարետես, ծաղկատար երեսով մի տղա, ճոճում էր ոտքերն ու հայհոյում.

— Այս ի՞նչ բան է, քավթառ սատանան չի գալիս ու չի գալիս․․․ Հետաքրքիր է իմանալ, թե այդ քավթառն ամբողջ գիշերը ո՞րտեղ է քարշ գալիս։ Համենայն դեպս հո կարող էր սենյակի բանալին մոտս թողնել։ Կպառկեի անկողնու վրա ու այնպիսի քեֆ կսարքե՜ի։ Մենք այնտեղ ինչքան ասես գինի ունենք։

― Ասում են, նա գողանում է,— ասաց Շվեյկը, համարձակորեն ծխելով իր պորուչիկի սիգարետները, քանի որ վերջինս նրան արգելել էր ծխամորճ ծխել։— Դու, իհարկե, կիմանաս, թե ձեր գինին որտեղից է գալիս։

— Ուր հրամայում է գնալ՝ գնում եմ,— բարալիկ ձայնով ասաց Միկուլաշեկը։— Լազարեթի համար գինու պահանջագիր է գրում, իսկ ես ստանում ու բերում եմ տուն։

― Իսկ եթե քեզ հրամայեր թալանել գնդի դրամարկղը, այդ է՞լ կանեիր,— հարցրեց Շվեյկը։— Այստեղ բերանդ շաղ ես տալիս, իսկ նրա առաջ տերևի պես դողում ես։

Միկուլաշեկը սկսեց թարթել իր մանրիկ աչքերը․

— Այդ մասին դեռ կմտածեինք։

— Այստեղ մտածելու, բան չկա, լակոտի մեկը,— գոռաց նրա վրա Շվեյկը, բայց իսկույն էլ ձայնը կտրեց։

Դուռը բացվեց, և ներս մտավ պորուչիկ Լուկաշը։ Պորուչիկը հիանալի տրամադրության մեջ էր, որը դժվար չէր նկատել այն բանից, որ նա գլխարկը դրել էր հետևի մասը դեպի առաջ արած։

Միկուլաշեկն այնպես վախեցավ, որ մոռացավ սեղանից ցած թռչել, և պատիվ տվեց նստած վիճակում, միաժամանակ մոռանալով, որ գլխին գլխարկ չկա։

— Պատիվ ունեմ զեկուցելու, ամեն ինչ միանգամայն կարգին է,— զեկուցեց Շվեյկը, ձիգ ու զգաստ կանգնելով ըստ բոլոր կանոնների, թեև սիգարետը բերանին։

Պորուչիկ Լուկաշը Շվեյկի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց և դիմեց ուղիղ դեպի Միկուլաշեկը, որն աչքերը չռած հետևում էր նրա ամեն մի շարժումին և առաջվա պես պատիվ էր տալիս սեղանին նստած։

— Պորուչիկ Լուկաշ,— ներկայացավ պորուչիկը, ոչ այնքան հաստատուն քայլերով մոտենալով Միկուլաշեկին։— Իսկ ձեր ազգանո՞ւնը։

Միկուլաշեկը լուռ էր։ Լուկաշը մի աթոռ քաշեց-մոտեցրեց իրեն, նստեց Միկուլաշեկի դեմ-դիմաց և, վարից վեր նայելով նրան, ասաց.

— Շվեյկ, հապա ճամպրուկից հանեցեք և տվեք ատրճանակս։

Մինչ Շվեյկը կպրպտեր ճամպրուկը, Միկուլաշեկը լուռ էր և միայն սարսափած նայում էր պորուչիկին։ Եթե նա ի վիճակի լիներ գիտակցելու, որ նստած է սեղանի վրա, ապա էլ ավելի կսարսափեր, քանի որ նրա ոտները դիպչում էին դիմացը նստած պորուչիկի ծնկներին։