Պորուչիկ Լուկաշին, սակայն, այդ հետաքրքրական խոզությունը չէր գրավում, քանի որ թատրոնում նրա վարձու հեռադիտակը ախրոմատիկ չէր, և նա ազդրերի փոխարեն միայն ինչ-որ մանիշակագույն վետվետացող բծեր էր տեսնում։
Առաջին գործողությունից հետո, ընդմիջման ժամանակ, նրա ուշադրությունը գրավեց մի տիկին, որ քայլում էր միջին տարիքի մի պարոնի հետ և նրան քարշ տալիս դեպի հանդերձարան, եռանդագին պնդելով, թե հարկավոր է անմիջապես տուն գնալ, քանի որ այլևս այդպիսի բաներ տեսնելու ցանկություն չունի։ Նա, բավական բարձրաձայն, խոսում էր գերմաներեն, իսկ նրա ուղեկիցը պատասխանում էր հունգարերեն։
— Այո, հրեշտակս, գնանք, դու իրավացի ես։ Դա իրոք որ անախորժ տեսարան է։
— Es ist ekelhaft![69],— վրդովվում էր տիկինը, մինչ կավալերը բռնած պահում էր նրա մանտոն։
Տիկնոջ խոշոր, սև աչքերի մեջ, որոնք այնպես ներդաշնակում էին նրա հոլանի մարմնին, վրդովմունք էր հուրհրատում հիշյալ անամոթության նկատմամբ։ Այդ միջոցին նա նայեց պորուչիկ Լուկաշին և մի անգամ էլ վճռականորեն ասաց.
— Ekelhaft, wirklich ekelhaft![70]
Այդ պահը սկիզբ դրեց մի կարճատև ռոմանի։ Պորուչիկ Լուկաշը հանդերձապահուհուց իմացավ, որ նրանք մարդ ու կին են և որ նրա ամուսին Կակոնը Շապրոնյան փողոցի №16 տան տակ երկաթեղենի խանութ ունի։
― Իսկ նա պանի Էտելկայի հետ ապրում է երկրորդ հարկում,— հայտնեց հանդերձապահուհին հին կավատուհու լավատեղյակությամբ։— Տիկինը Շոպրոն քաղաքից եկած գերմանուհի է, իսկ ամուսինը՝ մաջար։ Այստեղ բոլորն իրար են խառնվել։
Պորուչիկ Լուկաշը հանդերձարանից վերցրեց շինելը և գնաց քաղաք։ Այնտեղ նա «Էրցհերցոգ Ալբրեխտ» ռեստորանում հանդիպեց Իննսունմեկերորդ գնդի սպաներին։ Նա խոսում էր քիչ, բայց շատ խմում և լուռ խորհում, թե արդյոք ի՞նչ գրի այդ խստաբարո, բարոյապես բարձր ու գեղեցիկ տիկնոջը, որը նրան շատ ավելի էր հրապուրում, քան բոլոր բեմական կապիկները, ինչպես օպերետային դերասանուհիներին անվանում էին սպաները։
Հույժ բարձր տրամադրությամբ պորուչիկը գնաց «Սուրբ Ստեֆանի խաչի մոտ» փոքրիկ սրճարանը, զբաղեցրեց մի առանձին կաբինետ, այնտեղից դուրս քշելով ոմն ռումինուհու,― որն ասում էր, թե ոտից-գլուխ կմերկանա և նրան թույլ կտա անել ինչ սիրտը կամենա,— պատվիրեց բերել թանաք, գրիչ, նամակի թուղթ ու մի շիշ կոնյակ և, գրելիքը հանգամանորեն խորհելուց հետո, գրեց հետևյալ նամակը, որը նրա կարծիքով, ամենահաջողն էր այն բոլոր նամակներից, որ նա երբևէ գրել էր.
«Ողորմա՛ծ տիրուհի։ Երեկ քաղաքային թատրոնում ես ներկա էի այն ներկայացմանը, որը Ձեզ այնպիսի վրդովմունք էր պատճառել։ Ամբողջ առաջին գործողության ընթացքում ես հետևում էի Ձեզ և Ձեր ամուսնուն։ Ինչպես ես նկատեցի…»։
«Ի՞նչ իրավունքով այդ սուբյեկտն այդքան հրապուրիչ կին ունի,— ինքն իրեն ասաց պորուչիկ Լուկաշը։— Չէ՞ որ նա նման է թրաշված շնակապիկի…»։
Եվ նա գրեց.
«Ձեր ամուսինը ոչ առանց բավականության և կատարյալ բարեհաճությամբ դիտում էր այն բոլոր գարշելիությունները, որոնցով, ողորմա՛ծ տիրուհի, լի էր պիեսը, որը Ձեզ վրդովմունք ու զայրույթ պատճառեց, քանի որ դա ոչ թե արվեստ էր, այլ մի նողկալի ոտնձգություն մարդկային ամենանվիրական զգացմունքների նկատմամբ․․․»։
«Սքանչելի կուրծք ունի,— մտածեց պորուչիկ Լուկաշը։— Է՛հ, ինչ ուզում է թող լինի»։
«Ներեցեք ինձ, ողորմա՛ծ տիրուհի, որ, Ձեզ հետ ծանոթ չլինելով, սիրտս բացում եմ Ձեր առաջ։ Ես կյանքումս շատ կանայք եմ տեսել, սակայն նրանցից ոչ մեկն այնպիսի տպավորություն չի գործել ինձ վրա, ինչպես Դուք, քանզի Ձեր և իմ աշխարհայացքն ու դատողությունները միանգամայն համընկնում են։ Ես խորապես համոզված եմ, որ Ձեր ամուսինը մի կատարյալ եսասեր է, որն իր հետ Ձեզ քարշ է տալիս․․․»։
— «Այդպես լավ չէ,— ինքն իրեն ասաց պորուչիկ Լուկաշը, ջնջեց «Իր հետ քարշ է տալիս»-ը և փոխարենը գրեց.
«…որն իր անձնական շահերից ելնելով՝ Ձեզ տանում է այնպիսի թատերական ներկայացումների, որոնք տուրք են տալիս միայն իր ճաշակին։ Ես սիրում եմ շիտակություն և անկեղծություն, բնավ չեմ խառնվում Ձեր անձնական կյանքին և կցանկանայի Ձեզ հետ մտերմաբար խոսել մաքուր արվեստի մասին․․․»։
«Այստեղի հյուրանոցներում դա անհարմար է։ Ստիպված պիտի լինեմ նրան տանել Վիեննա,— մտածեց պորուչիկը։— Գործուղում կվերցնեմ»։
«Ուստի և համարձակվում եմ, տիրուհի՛, Ձեզ խնդրել, որ նշեք, թե ո՛րտեղ և ե՛րբ կկարողանայինք հանդիպել, որպեսզի հնարավորություն ունենայինք ավելի մոտիկից ծանոթանալու։ Դուք դա չեք մերժի մի մարդու, որին ամենամոտիկ ապագայում սպասում են ռազմական դժվարին արշավանքներ և որը Ձեր մեծահոգի համաձայնության դեպքում մարտի թունդ պահին կպահպանի սքանչելի հուշն այն հոգու, որը նրան հասկանում էր նույնքան խորապես, որքան և նա նրան։ Ձեր վճիռն ինձ համար հրաման կլինի, Ձեր պատասխանը՝ վճռորոշ պահ իմ կյանքում»։
Նա ստորագրեց, խմեց-վերջացրեց կոնյակը, պատվիրեց մի նոր շիշ, դանդաղ կարդաց նամակը, պարպելով գավաթ-գավաթի հետևից, և նույնիսկ անկեղծորեն արտասվեց, երբ հասավ վերջին տողերին։