Արդեն առավոտվա ժամը ինն էր, երբ Շվեյկը պորուչիկ Լուկաշին արթնացրեց։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— դուք քնով անցաք և ուշացաք գործից, իսկ իմ էլ գնալու ժամանակն է, որ ձեր նամակը տանեմ Կիրալուհիդա։ Ես ձեզ արդեն արթնացրել եմ ժամը յոթին, հետո յոթ և կեսին, ապա ութին, երբ Բոլորը գնացին գործի, իսկ դուք շարունակ մյուս կողքի վրա էիք շուռ գալիս։ Պարոն օբեր-լեյտենանտ, է՛յ, պարոն օբեր-լեյտենանտ․․․
Ինչ-որ բան փնթփնթալով, պորուչիկ Լուկաշն ուզում էր նորից շրջվել մյուս կողքի վրա, բայց դա նրան չհաջողվեց, Շվեյկն անգթաբար ցնցեց նրան և գոռաց ուղիղ ականջի մեջ․
— Պարոն օբեր-լեյտենանտ, ուրեմն գնում եմ այս նամակը տանեմ Կիրալուհիդա։
Պորուչիկը հորանջեց։
— Նամա՞կը։ Ախ, հա՛։ Բայց դա գաղտնիք է։ Գաղտնիք երկուսիս մեջ։ Գնացեք…
Պորուչիկը փաթաթվեց վերմակի մեջ, որ նրա վրայից քաշել էր Շվեյկը, և նորից քնեց։ Իսկ Շվեյկը դիմեց դեպի Կիրալուհիդա։
Շապրոնյան փողոցը և №16 տունը գտնելն այնքան դժվար չէր լինի, եթե ճանապարհին Շվեյկին չհանդիպեր ծերունի սակրավոր Վոդիչկան, որ գործուղված էր գետափի զորանոցներում տեղավորված գնդացրորդների մոտ։ Մի քանի տարի առաջ Վոդիչկան ապրում էր Պրագայում, Բորշչա թաղում, և այդ հանդիպման առիթով մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ միասին մտնել Բրուկի «Սև գառան մոտ» պանդոկը, որտեղ Ռուժենկա անունով մի ձանոթ չեխ մատուցողուհի կար, որին պարտք էին ճամբարում երբևէ ապրած բոլոր չեխ հոժարականները։
Սակրավոր Վոդիչկան, այդ հին խաբեբան, վերջերս նրան կավալերություն էր անում և պահում այն բոլոր երթային վաշտերի պարտահաշիվները, որոնք պետք է ճամբարից գնային։ Նա ժամանակին այցելում էր բոլոր չեխ հոժարականներին և նրանց հիշեցնում, որ առանց իրենց պարտքերը վճարելու չանհետանան մերձռազմաճակատային թոհուբոհի մեջ։
— Իսկն ասած, դու ո՞ւր ես գնում,— հարցրեց Վոդիչկան ընտիր գինու առաջին բաժակը պարպելուց հետո։
— Դա գաղտնիք է,― պատասխանեց Շվեյկը,— բայց քեզ, որպես հին բարեկամի, կարող եմ ասել…
Շվեյկը ամենայն մանրամասնությամբ նրան ամեն ինչ բացատրեց, և Վոդիչկան ասաց, թե ինքը, որպես հին սակրավոր, չի կարող Շվեյկին մենակ թողնել և ինքն էլ նրա հետ կգնա նամակը հանձնելու։
Նրանք խորասուզվեցին անցյալին վերաբերվող հոգեպարար զրույցի մեջ և, երբ արդեն ցերեկվա ժամը մեկին դուրս եկան «Սև գառան մոտ»-ից, ամեն ինչ նրանց շատ հեշտ ու հասարակ էր թվում։ Շապրոնյան փողոցի №16 տան ճանապարհին Վոդիչկան շարունակ խորին ատելությամբ խոսում էր հունգարացիների մասին և անդադրում պատմում, թե որտեղ և երբ է կռվել նրանց հետ կամ երբ և որտեղ ինչն է նրան խանգարել նրանց հետ կռվելուն։
― Մի անգամ բռնել էինք մի այդպիսի այլանդակ մաջարի կոկորդից։ Պաուսդորֆում էր, ուր մենք, սակրավորներս, գնացել էինք խմելու։ Ուզում էի գոտիով հասցնել գանգին։ Մութ էր, քանի որ գործը սկսելիս լամպի վրա մի շիշ շպրտեցինք։ Իսկ նա հանկարծ գոռում է. «Տոնդա, ախր էդ ես եմ, Պուրկրաբեկը, Տասնվեցերորդ պահեստի գնդից»։ Քիչ էր մնում սխալմունք պատահեր։ Բայց դրա վախարեն մենք այդ մաջար խեղկատակների հախից եկանք Նեզիդերյան լճի մոտ, ուր գնացել էինք սրանից մի երեք շաբաթ առաջ։ Լճի մոտ գտնվող գյուղակում բնակավորված է չգիտեմ ո՛ր հունվեդական գնդի գնդացրային զորախումբը, իսկ մենք պատահմունքի բերումով մտանք այն պանդոկը, որտեղ նրանք դիվոտածի պես պարում էին իրենց չարդաշը և կոկորդները պատռելով ոռնում իրենց «Uram, uram, Tiró uram»-ը կամ «Lanŏk, lanŏk, lanŏk a faluba»[71]-ը։ Նստեցինք նրանց դեմ-դիմաց։ Մեր զինվորական գոտիները դրինք սեղանի վրա, մեր առաջ, և մեր մեջ ասում ենք. «Սպասեցեք, շա՛ն որդիներ, մենք ձեզ «լանոկ» ցույց կտանք»։ Իսկ մերոնցից մեկը, Մեյստրշիկը, որն այնպիսի բռունցք ունի, որ Սպիտակ սարը քեզ օրինակ, հենց այդ ժամանակ ասաց, թե դուրս կգա պարելու և այդ շրջմոլիկներից որևէ մեկի քթի տակից կխլի նրա աղջկան։ Իսկ աղջիկները ուզածիդ պես մեծաքամակ, մեծասրունք, մեծազդր ու մեծաչյա։ Այդ սրիկա մաջարների ամուր գրկելուց ու հուպ տալուց երևում էր, որ նրանց ծծերը գնդակների պես պինդ են ու լիքը։ Մեր Մեյստրշիկն, ուրեմն, թռավ-մտավ պարաշրջանի մեջ և, ա՛ռ քեզ, մի հոնվեդից խլեց ամենասիրուն աղջկան։ Հոնվեդն սկսեց ինչ-որ բան փնթփնթալ, իսկ Մեյսերշիկն այնպես հասցրեց նրա ռեխին, որ նա գետին գլորվեց։ Մենք առանց երկար մտածելու վերցրինք մեր գոտիները, փաթաթեցինք ձեռքներիս, որպեսզի սվինները չկորցնենք, նետվեցինք ամենախիտ տեղը, իսկ ես տղերքին ձայն տվի. «Մեղավոր թե անմեղ, բոլորին անխտիր տվեք ինչքան ուժ ունեք»։ Եվ գործն, ախպե՛րս, առաջ գնաց ուզածիդ պես։ Մաջարներն սկսեցին լուսամուտներից դուրս նետվել։ Մենք բռնում էինք նրանց ոտներից ու նորից ներս քաշում դահլիճ։ Բոլորն էլ մի լավ կերան։ Տանուտերն ու ժանդարմն ուզում էին խառնվել այդ գործին, բայց նրանց ճաշն էլ լավ եփեցինք։ Պանդոկապետին էլ թունդ դնքստեցինք, որովհետև սկսել էր գերմաներեն հայհոյել, թե իբր ամբողջ երեկույթը փչացրինք։ Դրանից հետո գնացինք, որ գյուղում բռնենք մեր ձեռքից փախածներին ու թաքնվածներին էլ։ Նրանց ենթասպաներից մեկին գտանք գյուղի ծայրին գտնվող կալվածքի ձեղնահարկերից մեկում, խոտի դեզի մեջ թաքնված։ Նրա տեղը մեզ ասել էր իր աղջիկը, որովհետև նա պանդոկում ուրիշ աղջկա հետ էր պարել։ Այդ աղջիկը մինչև ականջները սիրահարվել էր մեր Մեյստրշիկի վրա և նրա հետ գնաց Կիրալուհիդայի կողմը, որտեղ ճանապարհին խոտանոցներ կան։ Այնտեղ աղջիկը Մեյստրշիկին քարշ էր տվել մի խոտանոց, իսկ հետո հինգ կրոն պահանջել, իսկ Մեյստրշիկն էլ հասցրել էր նրա ռեխին։ Մեյստրշիկը մեզ հասավ ճամբարի մոտ և ասաց, որ առաջ կարծում էր, թե մաջարուհիները կրքոտ են, իսկ այդ խոզը պառկել էր գերանի պես և միայն անդադար ինչ-որ բան էր բլբլացնում։