Выбрать главу

— Կարճ ասած, մաջարները խուժան մարդիկ են,— ավարտեց հին սակրավոր Վոդիչկան իր պատմությունը, որի առթիվ Շվեյկն ասաց․

— Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է։

— Ինչպե՞ս թե մեղավոր չէ,— տաքացավ Վոդիչկան։— Նրանցից ամեն մեկն էլ մեղավոր է դրա համար։ Բա՜ն ասաց։ Թող մի դու ընկնեիր այն փորձանքի մեջ, որի մեջ ես ընկա դասընթացներին գնալուս առաջին օրը։ Այդ օրը ճաշից հետո մեզ նախիրի պես քշեցին-մտցրին դպրոց և մի ինչ-որ դանդալոշ սկսեց գրատախտակի վրա գծել ու մեզ բացատրել, թե բլինդաժն ինչ է, ինչպես են շինում նրա հիմքը և ինչպես կատարում չափումները։ «Իսկ վաղն առավոտյան, ասում է, եթե մեկն ու մեկն այդ բոլորը գծագրած չլինի իմ բացատրածի պես, կհրամայեմ կապել ու նստեցնել»։— «Գրո՜ղը տանի, մտածում եմ, իսկապես ասած, ինչի՞ համար ես ռազմաճակատում մտա այդ դասընթացները. ռազմաճակատից ճղելո՞ւ թե նրա համար, որ երեկոները դպրոցականի պես տետրի մեջ մատիտով գծագրեմ։ Կատաղությունս այնպես եկավ, ախպե՛րս, որ ասել չի լինի։ Չէի կարողանում նայել այն ապուշին, որ մեզ բացատրում էր։ Որ թողնեին, կատաղությունից ամեն ինչ ջարդուխուրդ կանեի։ Նույնիսկ իրիկվա սուրճին չսպասեցի, շտապեցի գնալ Կիրալուհիդա և բարկությունից միայն այն էի մտածում, թե քաղաքում մի խաղաղ գինետուն գտնեմ, այնտեղ մի լավ հարբեմ, ծեծկռտվեմ, դեբոշ սարքեմ, մեկնումեկի քիթումռութին հասցնեմ և թեթևացած սրտով տուն գնամ։ Բայց մարդս որոշում է, աստված տնօրինում։ Գետափին, այգիների մեջ, մի այդպիսի, իսկապես հարմար գինետուն գտա։ Այնտեղ այնպես խաղաղ էր, որ եկեղեցին քեզ օրինակ, ասես ամեն ինչ ստեղծված էր սկանդալի համար։ Միայն երկու հոգի կային նստած, իրար հետ խոսում էին մաջարերեն։ Դա ինձ ավելի կատաղեցրեց, և ես հարբեցի ավելի շուտ և ավելի թունդ, քան ուզում էի, և հարբածությունից նույնիսկ չնկատեցի, որ դրա կողքին մի ուրիշ գինետուն էլ կա, որտեղ, մինչև որ ես կլիցքավորվեի, մի ութ հուսար էր հավաքվել։ Հենց դրանք էլ հարձակվեցին վրաս, երբ այն առաջին երկուսի ռեխներին հասցրի։ Սրիկա հուսարները, ախպե՛րս, ինձ այնպես ջարդեցին և այնպես քշեցին բոլոր այգիների միջով, որ մինչև առավոտ չկարողացա տուն ընկնել, իսկ երբ վերջապես տեղ հասա, ինձ անմիջապես լազարեթ ուղարկեցին։ Այնտեղ խաբեցի, թե աղյուսի հորի մեջ եմ ընկել, և մի ամբողջ շաբաթ ինձ փաթաթում էին թաց սավանի մեջ, մինչև որ մեջքս լավացավ։ Չէի ցանկանա, ախպե՛րս, որ այդպիսի սրիկաների ձեռքն ընկնես։ Բա դրանք մարդ ե՞ն, իսկական անասուններ են։

— Ինչ խրթես, այն կբրդես,— ասաց Շվեյկը։— Զարմանալի չէ, որ նրանք գազազել են, քանի որ ստիպված են եղել ամբողջ գինին թողնել սեղանի վրա և մութը մթին, այգիների մեջ հետևիցդ վազ տալ։ Նրանք քո հախից պիտի գային հենց տեղում, գինեստանը, իսկ հետո դուրս շպրտեին։ Իրենց համար էլ, քեզ համար էլ ավելի լավ կլիներ, եթե քո հաշիվը մաքրեին հենց սեղանի մոտ։ Լիբենում ես մի գինեպան ծանոթ ունեի, անունը Պարոուբեկ։ Մի անգամ նրա գինետանը մի թափառական սլովակ թիթեղագործ գիհօղի խմելուց հարբում ու սկսում է աղմկել, թե շատ թույլ օղի է, թե իբր գինեպանը ջուր է խառնել։ «Եթե ես,— ասում է,— հարյուր տարի մաֆթուլով հին աման-չաման նորոգեի և իմ ամբողջ վաստակով գիհօղի առնեի ու միանգամից խմեի, դրանից հետո էլ կարող էի լարի վրայով քայլել և քեզ էլ, Պարոուբեկ, ձեոքերիս վրա տանել»։ Եվ ավելացնում է, թե Պարոուբեկը չտեսնված սրիկա ու խարդախ է։ Այդ ժամանակ Պարոուբեկը այդ թիթեղագործի գլխովն է տալիս նրա բոլոր մկնաթակարդներն ու մաֆթուլները, հետո աղավնյակիս փողոց շպրտում, իսկ փողոցում մի լավ դնքստում երկաթափեղկերն իջեցնելու ձողով։ Դնքստելով վազեցնում է մինչև Ինվալիդների հրապարակը, և այնքան է տաքացած լինում, որ Կառլինի Ինվալիդների հրապարակից քշում է մինչև Ժիժկով, այնտեղից էլ հրեական Փեչից մինչև Մալեշիցի, որտեղ, վերջապես, ձողը կոտրում է գլխին և նոր միայն վերադառնում Լիբեն։ Լա՛վ։ Բայց, տաքացած լինելով, նա մոռացել էր, որ բոլոր այցելուները մնացել են գինետանը և որ, ամենայն հավանականությամբ, այդ սրիկաներն այնտեղ կսկսեն տեր ու տնօրինություն անել։ Եվ երբ վերադարձավ իր գինետունը, համոզվեց, որ, այդպես էլ եղել է։ Գինետան երկաթափեղկը կիսով չափ իջեցրած էր, և դրա մոտ կանգնած էին երկու ոստիկաններ, որոնք գինետանը կարգ վերականգնելիս նույնպես թունդ կոնծել էին։ Գինետանը եղած-չեղածի կեսը խմել էին, փողոցում ընկած էր ռոմի դատարկ տակառիկը, իսկ դախլի տակ Պարոուրեկը գտավ երկու անասելի հարբած անձնավորություններ, որոնց ոստիկանները չէին նկատել։ Երբ Պարոուբեկը նրանց դուրս քաշեց, նրանք ուզում էին նրան երկու կրեյցեր վճարել, թե իբր դրանից ավելի չեն խմել… Ահա, թե մարդ ինչպես է պատժվում, երբ տաքանում է։ Ճիշտ այնպես, ախպե՛րս, ինչպես պատերազմում․ սկզբում մենք հակառակորդին ջարդում ենք, հետո հետևից անվերջ վազ տալիս, իսկ հետո ինքներս չենք կարողանում գլուխներս ազատել․․․