Выбрать главу

— Ես այդ սրիկաների դեմքերը լավ եմ հիշում,— ասաց Վոդիչկան։— Թե որ մի նեղ ճանապարհի վրա ձեռքս ընկնեն, ուզածիդ պես հախներից կգամ։ Երբ սակրավորը մտքում մի բան է դնում, գազանը քեզ օրինակ։ Մեզ, ախպե՛րս, այդ աշխարհազորային-մաշխարհազորային ասածների թայը չհամարես։ Ռազմաճակատում, Պերեմիշլի մոտ, մենք Էտցբահեր ազգանունով կապիտան ունեինք, այնպիսի մի սրիկա, որ աշխարհում նմանը չի գտնվի։ Եվ նա, ախպե՛րս, մեզ այնպիսի ծաղրուծանակի էր ենթարկում, որ մեր վաշտից մեկը, ազգանունը Բիտերլիխ,― թեև գերմանացի, բայց շատ լավ տղա,— նրա ձեռից ինքն իրեն խփեց։ Դե, մենք էլ որոշեցինք, որ հենց որ ռուսներն սկսեն կրակել՝ մեր կապիտան Էտցբահերին կապուտ անենք։ Եվ իսկապես, հենց որ ռուսներն սկսեցին կրակել, նրա վրա մի հինգ հատ գնդակ տժժացրինք։ Բայց ճիվաղը կատվի պես դիմացկուն էր, ստիպված եղանք երկու անգամ էլ կրակել ու գործը վերջացնել, որ հանկարծ մի բան դուրս չգա։ Այդ ժամանակ նա միայն ինչ-որ բան մրթմրթաց, և այն էլ այնպես մազալու, որ մարդ ծիծաղից կմեռներ։— Վոդիչկան ծիծաղեց։— Ռազմաճակատում ամեն օր այդպիսի բաներ լինում են։ Ընկերներիցս մեկը, որ հիմա նույնպես մեզ մոտ սակրավոր է, պատմում էր, թե երբ Բելգրադի մոտ ծառայում էր հետևակում, նրանց վաշտը գրոհի ժամանակ խփեց իրենց օբեր-լեյտենանտին, նույնպիսի շուն շանորդու, որն արշավանքի ժամանակ իր ձեռքով երկու զինվորի խփել էր միայն նրա համար, որ հալից ընկել ու չէին կարողանում առաջ շարժվել։ Տեսնելով, որ իր ճաշն եփված է, օբեր-լեյտենանտս սկսել է նահանջի ազդանշան սուլել։ Այդ ժամանակ ասում է, քիչ էր մնում ծիծաղից մեռնեինք։

Այդպիսի հետաքրքիր և ուսանելի զրույցով տարված, Շվեյկն ու Վոդիչկան, վերջապես, հասան Շոպրոնյան փողոցը և №16-ում գտան պան Կակոնի երկաթեղենի խանութը։

— Լավ կլինի դու այստեղ, սպասես,— ասաց Շվեյկը Վոդիչկային տան շքամուտքի մոտ,— ես վազեմ երկրորդ հարկը, նամակը հանձնեմ, պատասխանը ստանամ ու ձեռաց ցած իջնեմ։

— Թողնեմ մենա՞կ գնաս,— զարմացավ Վոդիչկան։— Քանի անգամ եմ ասել, ախպե՛րս, որ դու մաջարներին լավ չես ճանաչում։ Նրանցից պետք է զգույշ լինել։ Ես նրան այնպես դնքստեմ որ․․․

— Լսիր, Վոդիչկա,— լրջորեն ասաց Շվեյկը,― բանը մաջարը չէ, այլ նրա կինը։ Չէ՞ որ, երբ չեխ մատուցողուհու հետ սեղան էինք նստել ես քեզ բացատրեցի, որ իմ օբեր-լեյտենանտից նամակ եմ տանում և որ դա խիստ գաղտնի բան է։ Օբեր-լեյտենանտս ինձ երդվել է տվել, որ ոչ մի շունչ արարած այդ մասին չպիտի իմանա։ Չէ՞ որ քո մատուցողուհին էլ համաձայնեց, որ դա շատ գաղտնի գործ է, ոչ ոք չպետք է իմանա, որ օբեր-լեյտենանտը նամակագրություն ունի մի ամուսնացած կնոջ հետ։ Չէ՞ որ ինքդ էլ նրա ասածին հավանություն տվիր։ Ես ձեզ ամեն ինչ բացատրեցի, ասացի, որ ճշտությամբ պետք է կատարեմ օբեր-լեյտենանտիս հրամանը, իսկ հիմա հանկարծ որոշեցիր, որ անպայման ինձ հետ պիտի վերև բարձրանաս։

— Ինձ լավ չես ճանաչում, Շվեյկ,― նույնպես հույժ լրջորեն պատասխանեց ծերունի սակրավոր Վոդիչկան։— Քանի որ քեզ ասել եմ, որ հետդ պիտի գամ, ուրեմն մի մոռանա, որ խոսքս խոսք է։ Երկուսով միշտ էլ ավելի ապահով է։

— Բայց արի ու տես, որ ոչ․ հիմա դու կհամոզվես, որ այդպես չէ։ Վիշեգրադի նեկլապով փողոցը գիտե՞ս։ Փականագործ Վոբորնիկն այնտեղ արհեստանոց ուներ։ Աննմա՜ն մարդ էր։ Եվ մի գեղեցիկ օր, կոնծաբանությունից հետո տուն գալով, նա իր հետ մի քեֆչի մարդու բերում է իրենց մոտ գիշերելու։ Դրանից հետո նա երկար ժամանակ պառկած էր, իսկ կինն ամեն օր կապում էր նրա գլխի վերքն ու ասում. «Այ, տեսնո՞ւմ ես, Տոնիչեկ, եթե դու մենակ գայիր տուն, ես հետդ միայն մի քիչ կռիվ կանեի և տասնորդական կշեռքը գլխովդ չէի տա»։ Իսկ նա հետո, երբ արդեն կարողանում էր խոսել, նրան պատասխանեց. «Ճիշտ ես ասում, կնիկ, մյուս անգամ, երբ տեղ գնամ, էլ ոչ ոքի հետս տուն չեմ բերի»։

— Այդ էր պակաս, որ մաջարը փորձեր մեր գլխովը մի բան տալ,— զայրացավ Վոդիչկան։— Կոկորդից կբռնեմ, երկրորդ հարկից էնպես կգլորեմ, որ շրապնելի պես վժժա։ Մաջար սրիկայի հետ պետք է վճռաբար գործել։ Նրանց չպետք է երես տալ։

— Վոդիչկա, ախր դու շատ խմեցիր։ Ես քեզնից երկու քառորդ ավելի խմեցի։ Հասկացիր, որ մենք սկանդալ չպիտի սարքենք։ Ես դրա համար պատասխանատու եմ։ Չէ՞ որ գործը կնոջ է վերաբերվում։

— Նրա մռութին էլ կհասցնեմ, դա ինձ համար մեկ է։ Չէ, ախպե՛րս, դու ծերուկ Վոդիչկային չես ճանաչում։ Մի պնգամ Զաբեգլիցիում, «Վարդագույն կղզի» ռեստորանում, այդպիսի մի մռութ չուզեց հետս պարել, թե ինչ է ռեխս ուռած է։ Ռեխս, ճիշտ է, այդ ժամանակ ուռած էր, որովհետև հենց նոր էի եկել Հոստիվարի մի պարատեղից, բայց մարդ ոնց դիմանա, երբ այդպիսի մի բոզ այդպիսի վիրավորանք է հասցնում։ «Բարեհաճեցեք, մեծարգո օրիորդ,— ասում եմ,— դուք էլ վաստակել նույնը, որպեսզի չնեղանաք»։ Մի հատ որ հասցրի, օրիորդս շուռ տվեց սեղանը, որի մոտ նստած էր իր հայրիկի, մայրիկի ու երկու եղբայրների հետ։ Մի տեսնեիր բաժակներն ինչպես դես ու դեն թռան, բայց ինձ համար, ախպերս, այդ ամբողջ «Վարդագույն կղզին» հեչ բան էր։ Այնտեղ վրշովցի ծանոթ տղերք կային, նրանք էլ օգնեցին։ Դնքստեցինք մի հինգ ընտանիք իրենց երեխաներով հանդերձ։ Աղմուկն, երևի, նույնիսկ Միխլեում կլսեին։ հետո թերթերում գրեցին, թե՝ «այսինչ քաղաքի այսինչ բարեգործական ընկերության կողմից այսինչ քաղաքամերձ այգում կազմակերպված զբոսանքի ժամանակ…»։ Դրա համար էլ ուզում եմ, որ ինչպես ինձ օգնեցին, այնպես էլ ինքս միշտ պիտի օգնեմ ընկերոջս, թե որ բանը դրան հասնի։ Ինչ ուզում է լինի, քեզնից մի քայլ չեմ հեռանա։ Չէ, ախպերս, դու, մաջարներին չես ճանաչում․․․ Չէի սպասում, ախպերս, որ կուզենաս ինձ ցանել, երբ այսքան տարիներ հետո հազիվ ենք հանդիպել, այն էլ այսպիսի հանգամանքներում…