Выбрать главу

— Այստեղ բավական զորք կտեղավորվեր,— ասաց Շվեյկը,— բայց նամակի մեջ խոսքը դրա մասին չէ, ինչպես, հավանաբար, դուք կարողացել եք համոզվել։

Պարոնը ձեռքերով բռնեց գլուխը և կշտամբանքների մի ողջ տարափ տեղաց։ Նա ասաց, թե ինքն էլ պահեստի սպա է եղել և հիմա էլ սիրով կծառայեր, եթե երիկամները հիվանդ չլինեին։ Իր ժամանակ սպայությունն այն աստիճան սանձարձակ չէր, որ խախտեր մի ուրիշի ընտանեկան հանգիստը։ Նա այդ նամակը կուղարկի գնդի շտաբին, զինվորական մինիստրություն, կհրապարակի թերթերում…

— Պարոն,— արժանապատվորեն ասաց Շվեյկը,— այդ նամակը ես եմ գրել։ Ich geschrieben, kein Oberleutnant![81]. Ստորագրությունը կեղծված է։ Unterschrift, Name falsch[82]։ Ձեր տիկինը ինձ շատ է դուր գալիս։ Ich liebe Ihre Frau[83]։ Ես մինչև ականջներս սիրահարված եմ ձեր կնոջ վրա, որը, ինչպես կասեր Վերխլիցկին, Kapitales Frau[84].

Գազազած պարոնն ուզում էր հարձակվել Շվեյկի վրա, որ կանգնած էր հանգիստ ու գոհ տեսքով, բայց ծերունի սակրավոր Վոդիչկան, որ հետևում էր Կակոնի ամեն մի շարժումին, ոտք գցեց նրան, ձեռքից խլեց ու գրպանը խոթեց նամակը, որ նա շարունակում էր թափահարել, նրան մոտեցրեց դռանը, մի ճեռքով բացեց այն, և… ինչ-որ բան դղրդալով գլորվեց սանդուղքն ի վար։

Այդ ամենը կատարվեց այնպես արագ, ինչպես հեքիաթի մեջ գրողը գալիս է մարդու հոգին առնելու։ Գազազած պարոնից միայն անձեռոցիկը մնաց։ Շվեյկը վերցրեց այդ անձեռոցիկը և քաղաքավարաբար ծեծեց այն սենյակի դուռը, որտեղից հինգ րոպե առաջ դուրս էր եկել պարոն Կակոնը և որտեղից հիմա կանացի լացի ձայն էր լսվում։

— Անձեռոցիկը բերի,— նրբավարի ասաց Շվեյկը բազմոցի վրա հեծկլտացող տիկնոջը։— Չլինի թե կոխկռտեն… հարգանացս հավաստիքը։

Կրունկները չրխկալեն իրար խփելով և ձեռքը հովարին դնելով, նա դուրս եկավ։ Սանդուղքների վրա կռվռտոցի որևէ նկատելի հետք չէր երևում։ Ըստ երևույթին, ինչպես ենթադրել էր Վոդիչկան, ամեն ինչ հարթ ու սահուն էր կատարվել։ Միայն նախամուտքի մոտ Շվեյկը մի պատռտված օսլայած օձիք գտավ։ Հավանաբար, այն ժամանակ, երբ պարոն Կակոնը հուսահատաբար կառչել էր դարպասից, որպեսզի իրեն դուրս չքաշեն փողոց, այստեղ տեղի էր ունեցել այդ ողբերգության վերջին գործողությունը։

Սակայն, դրա փոխարեն, փողոցում իրարանցում էր։ Պարոն Կակոնին քարշ էին տվել դիմացի դարպասը և վրան ջուր էին շաղ տալիս, իսկ փողոցի մեջտեղում ծերունի սակրավոր Վոդիչկան առյուծի պես կռվում էր մի քանի հոնվեդների և հոնվեդական հուսարների հետ, որոնք հանդես էին եկել իրենց հայրենակցին պաշտպանելու։ Նա վարպետորեն երկաթե շղթայի պես ֆռռացնում էր փոկին անցրած իր սակրը։ Վոդիչկան մենակ չէր։ Նրա հետ ուս-ուսի կովում էին զանազան գնդերի պատկանող մի քանի չեխ զինվորներ, որ այդ ժամանակ անցնելիս էին եղել նրանց մոտով։

Շվեյկը, ինչպես հետագայում նա պնդում էր, ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց կռվի ամենախիտ տեղում և թե ինչպես ձեռքն ընկավ մի ինչ-որ շվարած ավարայի ձեռնափայտը (Շվեյկը սակր չուներ)։

Կռիվը բավական երկար տևեց, սակայն ամեն մի լավ բան վերջ է ունենում։ Վրա հասավ ոստիկանների պարեկը և բոլորին ձերբակալեց։

Շվեյկը քայլում էր Վոդիչկայի հետ կողք-կողքի, տանելով ձեռնափայտը, որը պարեկի պետն համարել էր corpus dilecti[85]։

Շվեյկը քայլում էր գոհ մարդու տեսքով, ձեռնափայտը հրացանի պես ուսին դրած։

Ծերունի սակրավոր Վոդիչկան ամբողջ ճանապարհին համառորեն լռում էր և միայն հաուպտվախտ մտնելիս մտախոհ ասաց Շվեյկին.

— Ասում էի, չէ՞, որ դու մաջարներին լավ չես ճանաչում։

Նոր տառապանքներ

Գնդապետ Շրեդերը ոչ առանց բավականության դիտում էր պորուչիկ Լուկաշի սփրթնած դեմքն ու աչքատակերի խոշոր կապույտները։ Պորուչիկ Լուկաշը շփոթմունքից գնդապետին չէր նայում և աչքի տակով, ասես ինչ-որ բան ուսումնասիրելով, դիտում էր ճամբարի զորամասերի տեղաբաշխման պլանը, որը գնդապետի գրասենյակի միակ զարդն էր։

Գնդապետի առաջ գտնվող սեղանի վրա ընկած էին մի քանի թերթեր՝ կապույտ մատիտով ընդգծված հոդվածներով։ Գնդապետը նորից աչքի անցրեց այդ հոդվածները և ապա, սևեռուն հայացքով նայելով պորուչիկ Լուկաշին, ասաց.

― Եվ այսպես, ձեզ արդեն հայտնի՞ է, որ ձեր սպասյակ Շվեյկը ձերբակալված է և նրա գործը, հավանաբար, կհանձնվի դիվիզիական դատարանին։

— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։

— Բայց դրանով, իհարկե, հարցը չի սպառվում,— բազմանշանակալից ասաց գնդապետը, բավականությամբ նայելով պորուչիկ Լուկաշի էլ ավելի սփրթնող դեմքին։— Տեղիս հասարակայնութսունը վրդովված է ձեր սպասյակի միջադեպով, և այդ ամբողջ պատմությունը կապվում է ձեր անվան հետ, պարոն պորուչիկ։ Այդ գործի առթիվ մենք դիվիզիայի շտաբից նյութ ենք ստացել։ Ահա այն թերթերը, որ գրում են այդ միջադեպի մասին։ Բարձրաձայն կարդացեք ինձ համար։

Գնդապետը Լուկաշին հանձնեց ընդգծված հոդվածներ պարունակող թերթերը, և պորուչիկն սկսեց կարդալ այնպես, որ կարծես մանկական ընթերցագրքից կարդում էր հետևյալ նախադասությունը. «Մեղրը շատ ավելի սննդարար է և ավելի հեշտ է մարսվում, քան շաքարը»։

— «Որտե՞ղ է մեր ապագայի երաշխիքը»։

― Դա «Պեստեր կոյդ»-ի մե՞ջ է,― հարցրեց գնդապետը։