Выбрать главу

Գնդապետը թքեց։

— Դուք հիմա ինքներդ համոզվեցիք, պարոն պորուչիկ, թե նրանք ինչպես վարպետորեն օգտագործեցին ձեր Կիրալուհիդայի արկածները։

Պորոլչիկը շփոթված հազաց։

— Պարոն պորուչիկ,— մտերմավարի դիմեց նրան գնդապետը,― ասացեք ձեռքը խղճի վրա դրած, քանի՞ անգամ եք պառկել տիկին Կակոնի հետ։

Գնդապետ Շրեդերն այսօր շատ լավ տրամադրության մեջ էր։

— Իզուր մի համոզեք, թե նրա հետ միայն գրագրություն եք ունեցել։ Ես ձեր տարիքում, երեք շաբաթ գտնվելով Էգերի տեղագրական դասընթացներում, այդ երեք շաբաթվա ընթացքում հունգարուհիների հետ պառկելուց բացի ուրիշ բան չէի անում։ Ամեն օր մի ուրիշի հետ․ դեռատիների, չամուսնացածների, պատկառելի տարիքի տիկինների հետ, նայած թե ով կպատահեր։ Այնպես բարեխղճորեն էի աշխատում, որ երբ գունդ վերադարձա՝ ոտքերս հազիվ էի քարշ տալիս։ Ամենից շատ ինձ հալից գցեց մի փաստաբանի կին։ Նա ինձ ցույց էր տալիս, թե ինչի են ընդունակ հունգարուհիները, ըստ որում կծում էր քիթս և ամբողջ գիշերը թույլ չէր տալիս, որ մի րոպե աչքս փակեմ… «Գրագրությո՜ւն էի սկսել»— մտերմավարի պորուչիկի ուսին խփեց գնդապետը։― Այդ բաները մենք լավ ենք հասկանում։ Ինձ ոչինչ մի ասեք, ես իմ կարծիքն ունեմ այդ պատմության մասին։ Խելքահան եք արել նրան, ամուսինն իմացել է, իսկ այդ ժամանակ ձեր տխմար Շվեյկը… Գիտեք ի՞նչ, պարոն պորուչիկ, այդ Շվեյկն, այնուամենայնիվ, հավատարիմ տղա է։ Լա՜վ խաղ է խաղացել ձեր նամակի գլխին։ Այդպիսի մարդը, ճիշտն ասած, ափսոս է։ Ա՛յ, դա դաստիարակվածություն է։ Տղայի այդ հատկությունը ինձ դուր է գալիս։ Այդ պատճառով էլ հետաքննությունն անպայման պետք է դադարեցվի։ Ձեզ, պարոն պորուչիկ, մամուլն անվանարկել է։ Բոլորովին միտք չունի, որ դուք մնաք այստեղ։ Այս շաբաթ մի երթային վաշտ պիտի ուղարկվի ռուսական ռազմաճակատ։ Գուք տասնմեկերորդ վաշտի ամենաավագ սպան եք։ Այդ վաշտը կմեկնի ձեր հրամանատարությամբ։ Բրիգադում արդեն ամեն ինչ կարգադրված է։ Ավագ գրագրին ասացեք, որ Շվեյկի փոխարեն ձեզ համար մի ուրիշ սպասյակ գտնի։

Պորուչիկ Լուկաշը երախտագիտաբար նայեց գնդապետին, որը շարունակեց.

— Շվեյկին ես ուղարկում եմ ձեր տրամադրության տակ որպես վաշտի հանձնակատար։

Գնդապետը ոտքի կանգնեց, և ձեռքը մեկնելով սփրթնած պորուչիկին, ասաց.

— Այդպիսով, ամբողջ գործը լիկվիդացվում է։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն։ Ցանկանում եմ, որ Արևելյան ռազմաճակատում աչքի ընկնեք։ Եթե երբևէ նորից հանդիպելու լինենք, անցեք մեզ մոտ, մի խուսափեք մեզնից, ինչպես Բուդեյովիցիում․․․

Տուն վերադառնալիս պորուչիկ Լուկաշը շարունակ կրկնում էր ինքն իրեն. «Վաշտի հրամանատա՜ր, վաշտի հանձնակատա՜ր»։

Եվ նրա առաջ պատկերանում էր Շվեյկի կերպարանքը։

Երբ պորուչիկ Լուկաշն ավագ գրագիր Վանեկին հրամայեց Շվեյկի փոխարեն իր համար նոր սպասյակ գտնել, նա ասաց․

— Ես կարծում էի, պարոն օբեր-լեյտենանտ, որ դուք նրանից գոհ եք,— և լսելով, որ գնդապետը Շվեյկին տասնմեկերորդ վաշտի հանձնակատար է նշանակել, բացականչեց.— Տե՛ր ողորմեա։

Դիվիզիական դատարանին կից կալանավորական բարաքի լուսամուտները պատած էին երկաթե ձողացանցերով։ Այնտեղ, համաձայն կարգադրագրի, վեր էին կենում առավոտվա ժամը յոթին և սկսում կարգի բերել ներքնակները, որոնք թափված էին ուղղակի կեղտոտ հատակի վրա, քանի որ նարեր չկային։ Երկար միջանցքի անջրպետված մի անկյունում, համաձայն կարգադրագրի, դարսում էին ծղոտե ներքնակները և վերմակները փռում նրանց վրա։ Ովքեր վերջացրած էին լինում հարդարումը, նստում էին պատի երկայնքով դրված նստարանների վրա և զբաղվում կամ ոջիլ քթվելով (ռազմաճակատից եկածները), կամ ժամանակը կարճում իրենց կյանքից զանազան արկածներ պատմելով։ Շվեյկը ծերունի սակրավոր Վոդիչկայի և տարբեր գնդերի ու զենքի տարբեր տեսակների պատկանող մի քանի զինվորների հետ նստած էր դռան մոտի նստարանի վրա։

— Տղե՛րք,— ասաց Վոդիչկան,— հապա մի նայեցեք լուսամուտի մոտ նստած այն հունգարացի ղոչուն, տեսեք, թե շանորդին ինչպես է աղոթում, որ իր գործը աջողի։ Ձեռքներդ քոր չի՞ գալիս, որ ռեխին հասցնեք։

— Ինչի՞ համար, նա լավ տղա է,— ասաց Շվեյկը։— նա այստեղ ընկել է այն պատճառով, որ չի ցանկացել զորակոչին ներկայանալ։ Նա պատերազմին դեմ է։ Աղանդավոր է, և մարդուն նստեցրել են նրա համար, որ չի ուզում ոչ ոքի սպանել և հետևում է աստծու պատվիրանին։ Իհարկե նրան աստծու պատվիրան ցույց կտան։ Պատերազմից առաջ Մորավիայում Նեմրավա ազգանունով մի մարդ կար։ Եվ ահա, երբ նրան զինվոր տարան, հրաժարվեց նույնիսկ հրացանը ուսին դնել, թե, գիտեք, հրացան կրելն իր համոզմունքներին դեմ է։ Նրան մեռցնելու աստիճան տանջեցին բանտում, իսկ հետո նորից տարան երդում տալու։ Իսկ նա՝ չէ ու չէ, ասում է, չեմ երդվի, դա իմ համոզմունքներին դեմ է։ Եվ իր ասածի վրա էլ մնաց։

— Ա՛յ քեզ հիմար,― ասաց ծերունի սակրավոր Վոդիչկան,— պետք է երդվեր, իսկ հետո թքեր այդ ամենի, ինչպես և երդումի վրա։

— Ես արդեն երեք անգամ երդվել եմ,— մեջ մտավ մի հետևակային,— և արդեն երրորդ անգամ նստած եմ դասալքելու համար։ Եթե բժշկական թուղթ չունենայի, որ տասնհինգ տարի առաջ խելագարության նոպայի ժամանակ հորաքրոջս սպանել եմ, երևի ինձ ռազմաճակատում արդեն երեք անգամ գնդակահարած կլինեին։ Իսկ հիմա հանգուցյալ հորաքույրս ինձ միշտ փորձանքից ազատում է, և վերջ ի վերջո երևի այս պատերազմից դուրս գամ ողջ և առողջ։