Выбрать главу

― Իսկ դու ինչի՞ համար, ընկեր, հորաքրոջդ սպանեցիր։

— Ինչի՞ համար են մարդ սպանում,— պատասխանեց զինվորը,— պարզ բան է, ամեն մարդ էլ գիտե, փողի համար։ Այդ պառավն երեք խնայողական գրքույկ ուներ, և տոկոսները նրան ուղարկել էին հենց այն ժամանակ, երբ ես, քրջոտ ու գջլտված, իրեն հյուր էի եկել։ Աշխարհումս նրանից բացի էլ մարդ չունեի։ Եվ ահա եկա իր մոտ խնդրելու, որ ինձ տուն ընդունի, իսկ այդ գարշելի արարածը, թե. «Գնա, աշխատիր, դու, ասում է, ջահել, ուժով ու առողջ տղա ես»։ Դե՛հ, նա իրենն է ասում, ես իմը, կրակախառնիչով մի քանի անգամ թրխկացրի գլխին և երեսն այնպես չնջխեցի, որ ինքս էլ չէի կարողանում որոշել՝ հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի։ Հատակին նստել եմ նրա կողքին ու մի գլուխ կրկնում եմ․ «Հորաքո՞ւյրս է թե հորաքույրս չի»։ Մյուս օրը ինձ հարևանները հենց այդ դրության մեջ էլ գտան։ Հետո ընկա Սլուպիի գժանոցը, իսկ երբ պատերազմից առաջ Բոհնիցիում մեզ կանչեցին հանձնաժողովի, ինձ ապաքինված համարեցին, և ստիպված եղա զինվորական ծառայություն կատարել բաց թողած տարիների համար։

Նրանց մոտով անցավ նիհար ու լողլող, տանջված դեմքով մի զինվոր, ավելը ձեռքին։

― Սա վարժապետ է, մեր երթային վաշտից,― ներկայացրեց նրան Շվեյկի կողքին նստած եգերը։— Գնում է ավլելու։ Չտեսնված կարգին մարդ է։ Այստեղ է ընկել իր հորինած մի ոտանավորի համար։

— Է՛յ, վարժապետ, հապա եկ այստեղ,— ձայն տվեց նա ավելավոր զինվորին։

Վերջինս լուրջ տեսքով մոտեցավ նստարանին։

— Հապա պատմիր մեզ ոջիլների մասին։

Ավելավոր զինվորը հազաց ու սկսեց.

Ամբողջ ճակատը ոջլով է պատած.

Քորվում է զորքը քնած թե արթուն,

Գեներալն անգամ, մունդիրը հանած,

Առյուծի նման ոջիլ է ջարդում։

Ոջիլներն ունեն ձրի օթևան,

Անհոգ ապրում են, կծում ամենքին,

Եվ մահճի վրա որձն ավստրիական

Բռնաբարում է պրուսական էգին։

Տանջված վարժապետ զինվորը նստեց նստարանին ու հառաչեց․

— Ահա և բոլորը։ Դրա համար արդեն չորս անգամ պարոն աուդիտորին հարցաքննության եմ ներկայացել։

— Ճիշտն ասած, ձեր գործը մի հոտած ձու էլ չարժե,— ծանրակշիռ կերպով ասաց Շվեյկը։— Բանը կախված է նրանից, թե նրանք դատարանում ում կհամարեն ավստրիական որձ ոջիլ։ Լավ է, որ դուք մահճակի մասին խոսել եք։ Դրանով նրանց այնպես էք մոլորեցրել, որ բոլորովին գլուխ չեն հանի։ Միայն թե նրանց անպայման բացատրեցեք, որ վշիվակը որձ ոջիլն է և որ ոջլուհու վրա կարող է պառկել միայն որձ ոջիլը։ Այլապես դուրս չեք պրծնի։ Դուք այդ ոտանավորն, իհարկե, նրա համար չեք գրել, որ որևէ մեկին վիրավորեք,— դա պարզ է։ Պարոն աուդիտորին ասացեք, թե ձեր հաճույքի համար եք գրել, և ինչպես որ որձ խոզը չեխերեն կոչվում է կանեց, այնպես էլ որձ ոջիլը՝ վշիվակ։

Ուսուցիչը խորապես հառաչեց.

— Բայց ես ի՞նչ կարող եմ անել, եթե աուդիտորը չեխերեն լավ չգիտե։ Ես գրեթե այդպես էլ բացատրեցի նրան, իսկ նա հարձակվեց վրաս .«Ոչիլի որց չեխերեն կոչվի ֆոժակ, այլ ոչ թե ֆժիվակ»,— ասաց պարոն աուդիտորը.

— Femmininum, Sie gebildeter Kerl, ist «Ֆոժ», Also masculinum ist «Ֆոժակ» Wir kennen unsere Pappenheimer[88].

— Կարճ ասած,— ասաց Շվեյկը,— ձեր բանը բուրդ է, բայց չպիտի հուսահատվել, վերջը լավ կլինի, ինչպես Պլզենում ասել է գնչու Յանեչեկը, երբ 1879 թվին, թալանելու նպատակով երկու մարդ սպանած լինելու համար, նրան դատապարտել էին կախաղանի։ Եվ նա ճիշտ էր գուշակել։ Վերջին րոպեին Յանեչեկին հանել էին կախաղանի տակից․ նրան չէր կարելի կախել, որովհետև թագավոր կայսեր ծննդյան օրը համընկել էր հենց նրա կախելու օրվան։ Այդ պատճառով էլ նրան կախել էին ծննդյան օրվա հաջորդ օրը։ Բայց տղայի բախտը դեռ ավելի էր բանել. կախելուց երեք օր հետո նրան ներում էին շնորհել, և ստիպված էին եղել դատավարությունը նորից սկսել, քանի որ բոլոր տվյալներից երևում էր, որ սպանողն ուրիշ մարդ է եղել։ Ստիպված էին եղել նրան հանել կալանավորական գերեզմանոցից և թաղել Պլզենի կաթոլիկական գերեզմանատանը։ Իսկ հետո պարզվել էր, որ մարդը ավետարանական դավանության է պատկանում, և նրան տեղափոխել էին ավետարանականների գերեզմանոցը, իսկ հետո…

— Հետո կհասցնեմ ռեխիդ,— մեջ մտավ ծերունի սակրավոր Վոդիչկան։— Ինչեր ասես չի հնարի այս գյադան։ Խեղճ մարդուն դիվիզիական դատարան է սպասում, իսկ այս սրիկան երեկ մեզ հարցաքննության տանելիս զահլաս տարավ ինչ-որ երիքոնյան վարդի մասին դուրս տալով։

— Դա ես չեմ հնարել։ Դա ասել է նկարիչ Պանուշկայի ծառա Մատեյը, երբ մի պառավ կնիկ նրան հարցրել է, թե երիքոնյան վարդն ինչ տեսակ բան է։ Նա պառավին ասել է․ «Վերցրեք կովի չոր թրիքը, դրեք ափսեի մեջ, վրան ջուր լցրեք, և նա կսկսի կանաչին տալ։ Երիքոնյան վարդը հենց դա է որ կա»։ Այդ անմտությունը ես չեմ հնարել,— պաշտպանվում էր Շվեյկը,— բայց չէ՞ որ որևէ բանի մասին պիտի խոսեինք, քանի որ միասին գնում էինք հարցաքննության։ Ես, Վոդիչկա, միայն ուզում էի քեզ զբաղեցնել…

— Կզբաղեցնես, ո՞նց չէ,— արհամարհանքով թքեց Վոդիչկան։— Մարդ չգիտե ինչպես դուրս պրծնի այս պատմությունից, որ այդ մաջար սրիկաների հախից գա, իսկ սա քեզ ինչ-որ կովի թրիքով է մխիթարում։ Իսկ ես այդ մաջար փսլնքոտների հախից ինչպե՞ս գամ, երբ կալանավորված նստած եմ այստեղ։ Եվ դեռ ստիպված եմ երկերեսանիություն անել ու ասել, թե իբր մաջարներին բոլորովին չեմ ատում։ Մի խոսքով, իսկը շան կյանք։ Թե ձեռս մի մաջար կընկնի՜։ Կսատկացնեմ շան լակոտի պես։ Ես նրան «istem ald meg a magyart»[89] ցույց կտամ, այնպես հաշիվը մաքրեմ, որ ինձ երբեք մտահան չանի։