Выбрать главу

― Իսկ ես գոհ եմ,— ասաց Շվեյկը։— Դեռևս մի քանի տարի առաջ, երբ իսկական զինվորական ծառայության մեջ էի, մեր ֆելդֆեբել Սոլպերան մեզ ասում էր. «Զինվորական ծառայության մեջ յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր պարտականությունները»։ Եվ պատահում էր, որ այդ ասելիս այնպես էր հասցնում ռեխիդ, որ երբեք չէիք մոռանա։ Կամ երբ հանգուցյալ օբեր-լեյտենանտ Կվայզերը գալիս էր հրացանները ստուգելու, ամեն անգամ մեր գլխին դասախոսություն էր կարդում, թե զինվորն իրավունք չունի իր զգացմունքներին ազատություն տալու, զինվորները, ասում էր նա, անասուններ են, պետությունը նրանց կերակրում, սուրճ է խմեցնում, ծխախոտ է տալիս, և դրա համար նրանք պետք է եզան պես օրն ի բուն տքնեն։

Սակրավոր Վոդիչկան փոքր-ինչ միտք արեց և ապա ասաց.

— Երբ գաս աուդիտորի մոտ, Շվեյկ, լավ կլինի չփչես, այլ կրկնես անցած հարցաքննության ժամանակ ասածդ, որպեսզի ես անհարմար դրության մեջ չընկնեմ։ Գլխավորն այն է, որ դու ինքդ տեսել ես, թե մաջարներն ինչպես հարձակվեցին ինձ վրա։ Չէ՞ որ, ինչ էլ որ լինի, մենք այդ ամենը միասին ենք արել։

― Մի՛ վախենա, Վոդիչկա,— հանգստացնում էր նրան Շվեյկը։― Գլխավորը հանգիստ մնալն ու չհուզվելն է։ Ինչ-որ դիվիզիական դատարանի առաջ կանգնելն ի՞նչ մի մեծ բան է։ Դու պիտի տեսնեիր, թե ռազմական դատարանն առաջներում ինչպես էր գործում։ Մեզ հետ իսկական ծառայություն էր կատարում մի ուսուցիչ, ազգանունը Հերալ։ Եվ ահա մի անգամ, երբ մեր ամբողջ դասակին, որպես պատիժ, զրկել էին քաղաք դուրս գալու իրավունքից, այդ Հերալը մահճակի վրա պառկած պատմում էր, թե Պրագայի թանգարանում Մարիա Թերեզայի ժամանակվա ռազմական դատարանի գրանցումների մի գիրք կա։ Ամեն մի գունդ ունեցել է իր դահիճը, որն իր գնդի զինվորներին կախել է հատահաշվով, մարդագլուխ մի թերեզյան թալլեր վճարով։ Եվ այդ գրանցումներից պարզվում է, որ որոշ օրեր դահիճը մինչև հինգ թալլեր փող է վաստակել։ Դե, հասկանալի է,— ավելարեց Շվեյկը լրջորեն,― այն ժամանակ գնդերը ավելի մեծ են եղել և շարունակ համալրվել են գյուղերի հաշվին։

― Երբ ես Սերբիայում էի,— ասաց Վոդիչկան,— մեր բրիգադում յուրաքանչյուրին, ով հանձն էր առնում պարտիզաններ կախել, վճարում էին սիգարետով։ Եթե տղամարդ կախեր, կստանար «Սպորտ» տեսակի տասը հատ սիգարետ, իսկ եթե կին կամ երեխա՝ հինգ հատ։ Հետո ինտենդանտությունը խնայողություն մտցրեց, և սկսեցին բոլորին միանգամից գնդակահարել։ Ինձ հետ մի գնչու էր ծառայում։ Մենք երկար ժամանակ չգիտեինք, որ նա այդ գործով է զբաղվում։ Միայն զարմանում էինք, որ միշտ գիշերը նրան կանչում են գրասենյակ։ Այն ժամանակ մենք կանգնած էինք Դրինայի ափին։ Եվ ահա մի գիշեր, երբ նա բացակա էր, զինվորներից մեկի խելքին փչեց նրա իրերը տնտղել, և, պատկերացրու, այդ անապատկառի տոպրակում երեք տուփ «Սպորտ» կար, յուրաքանչյուրի մեջ հարյուր սիգարետ։ Առավոտյան դեմ նա վերադարձավ մեր սարայը, և մենք նրա հաշիվը կարճ կտրեցինք, գետին գցեցինք, իսկ Բալուոնը գոտիով խեղդեց։ Սրիկան կատվի պես կենսունակ էր։— Ծերունի սակրավոր Վոդիչկան թքեց։— Ոչ մի կերպ չէինք կարողանում խեղդել։ Արդեն հալից ընկել էր, աչքերը դուրս էին պրծել, բայց դեռ կենդանի էր կիսամորթ աքլորի պես։ Այն ժամանակ մենք սկսեցինք նրան պատառոտել, ինչպես կատվին են անում։ Երկու հոգի բռնեցին գլխից, երկու հոգի՝ ոտքերից, և վիզը ոլորեցինք։ Հետո նրան հագցրինք հենց իր իրերի պարկը՝ սիգարետներն էլ մեջը, և, գցեցինք Դրինայի ամենախոր տեղը։ Ո՞վ կծխեր այդ սիգարետները։ Իսկ առավոտյան սկսեցինք նրան որոնել…

— Դուք պետք է զեկուցեիք, թե նա գասալքել է,— հեղինակավոր կերպով ավելացրեց Շվեյկը,— թե իբր վաղուց էր, պատրատվում այդ բանն անել, ամեն օր ասում էր, թե պիտի ճղի։

— Չէ՜ մի, շատ հավես ունեինք այդ մասին մտածելու,— պատասխանեց Վոդիչկան։— Մենք մեր գործն արել էինք, իսկ մնացածը մեզ չէր հետաքրքրում։ Այնտեղ դա սովորական բան էր. ամեն օր մեկնումեկն անհետանում էր, իսկ նրան Դրինայից այլևս չէին հանում։ Ուռած պարտիզանն ու մեր այլանդակված պահեստայինը սիրով լողում էին կողք-կողքի։ Առաջին անգամ տեսնողի ջանը դող էր ընկնում, ինչպես դողերոցքի ժամանակ։

— Հարկավոր էր նրանց խինին տալ,— ասաց Շվեյկը։

Այդ խոսքի վրա նրանք մտան այն բարաքը, որտեղ տեղավորված էր դիվիզիական դատարանը, և ուղեկցորդները նրանց տարան №8 գրասենյակը, որտեղ թղթերով ծածկված մի երկար սեղանի հետևում նստած էր աուդիտոր Ռուլլերը։

Նրա առաջ ընկած էր օրենքների ժողովածուի հատորը, որի վրա հանգչում էր թեյի, կիսատ բաժակը։ Սեղանի վրա վեր էր խոյանում կեղծ փղոսկրից շինած խաչելությունը իր փոշոտված Քրիստոսով, որը հուսահատ նայում էր իր խաչի պատվանդանին, որ ծածկված էր մոխրով ու ծխուկներով։ Այդ պահին աուդիտոր Ռուլլերը մի ձեռքով թափ էր տալիս սիգարետի մոխիրը և սիգարետով թխթխկացնում խաչելության պատվանդանը՝ ի նոր վիշտ խաչյալ աստծո, իսկ մյուսով պոկում Օրենքների ժողովածուին կպած բաժակը։ Բաժակը պոկելով, նա շարունակեց թերթել սպայական ժողովարանից վերցրած գիրքը։ Դա Ֆր. Ս․ Կրաուզեի գիրքն էր, հետևյալ բազմախոստում վերնագրով․