«Forschungen zur Entwicklungsgeschichte der geschlechtlichen moral»[91]։
Աուդիտորը հափշտակված դիտում էր կնոջ և տղամարդու սեռական օրգանների նաիվ նկարների ռեպրոդուկցիաներն ու համապատասխան ոտանավորները, որոնք գիտնական Ֆր. Ս. Կրաուզեն հայտնագործել էր Բեռլինի Արևմտյան կայարանի արտաքնոցներում,— և չնկատեց ներս մտնողներին։
Նա ռեպրոդուկցիաներից կտրվեց միայն այն բանից հետո, երբ Վոդիչկան հազաց։
— Was geht los?[92]— հարցրեց նա, շարունակելով թերթել գիրքը, նոր պրիմիտիվ նկարներ և ուրվանկարներ որոնելով։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— պատասխանեց Շվեյկը,— կոլլեգա Վոդիչկան մրսել է և հազում է։
Աուդիտորը միայն հիմա նայեց Շվեյկին ու Վոդիչկային։ Նա ջանաց դեմքին լուրջ արտահայտություն հաղորդել։
— Վերջապես տե՜ղ հասաք,— ասաց աուդիտորը, պրպտելով սեղանին հանգչող գործերի կույտը։— Ես հրամայել էի ձեզ ժամը տասին կանչել, իսկ հիմա արդեն համարյա տասնմեկն է։ Այդ ի՞նչպես ես կանգնած, է՛շ,— դիմեց նա Վոդիչկային, որը հանդգնել էր կանգնել «ազատ»։— Երբ կասեմ «ազատ», այն ժամանակ կարող ես զռփի ոտքերովդ ինչ ուզենաս անես։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— մեջ մտավ Շվեյկը, նա ռևմատիզմ ունի։
— Լեզուդ քեզ քաշիր,— ասաց աուդիտոր Ռուլլերը։— Պատասխանիր այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն։ Դու արդեն երեք անգամ ինձ մոտ հարցաքննության ես եղել և միշտ էլ դուրս ես տալիս ավելի, քան պետք է։ Վերջապես այդ գործը պիտի գտնե՞մ թե ոչ։ Ա՛յ թե տանջվեցի սրիկաներիդ երեսից։ Ձեզ վրա էժան չի նստի, որ իզուր տեղը դատարանի համար գործ եք ստեղծում։
— Դե, ուրեմն, լսեցեք, արնախում տզրուկներ,— ավելացրեց նա, թդթերի կույտի տակից դուրս քաշելով մի մեծ գործ, որ վերնագրված էր. Schwejk und Woditschka[93]։ Չկարծեք, թե մի ինչ-որ տխմար տուրուդմբոցի համար նորից վեր կընկնեք դիվիզիայի բանտում և միառժամանակ ռազմաճակատից կպրծնեք։ Դմբոներիդ պատճառով ես ստիպված եղա զանգահարել, բանակի շտաբին կից դատարանին։
Աուդիտորը հառաչեց։
— Ի՞նչ ես ռեխդ այդպես լրջացնում, Շվեյկ,— շարունակեց նա։— Ռազմաճակատում հոնվեդների հետ կռվելու հավես չես ունենա։ Ձեր գործը կարճվում է, և ամեն մեկդ կվերադառնա իր երթային զորամասը, որտեղ կպատժվի կարգապահական կարգով, իսկ հետո իր երթային վաշտի հետ կգնա ռազմաճակատ։ Թե նորից ձեռքս ընկնե՜ք, սրիկաներ։ Այնպիսի դաս կտամ, որ մզզաք։ Ահա ձեր ազատման օրդերը, և ձեզ կարգին պահեք։ Տարեք դրանց №2 սենյակը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն աուդիտոր,— ասաց Շվեյկը,― մենք ձեր խոսքերը կդրոշմենք մեր սրտում, անչափ շնորհակալ ենք ձեր բարության համար։ Եթե դա զինվորական ծառայության մեջ չլիներ, ես ինձ թույլ կտայի ասել, որ դուք ոսկի մարդ եք։ Միաժամանակ մենք երկուսով պետք է նորից ու նորից ներողություն խնդրենք այն բանի համար, որ դուք մեր պատճառով ստիպված եք եղել այդքան նեղություն քաշել։ Ճիշտն ասած, մենք դրան արժանի չենք։
— Վերջապես պիտի դուրս կորչե՞ք թե ոչ,— գոռաց աուդիտորը Շվեյկի վրա։— Թե որ գնդապետ Շրեդերը ձեզ համար չմիջնորդեր, չգիտեմ այս գործն ինչով կվերջանար։
Վոդիչկան միայն միջանցքում զգաց, որ ինքն առաջվա Վոդիչկան է, երբ նրանք ուղեկցորդի հետ դիմեցին դեպի №2 գրասենյակը։
Նրանց ուղեկցող զինվորը վախենում էր, որ ճաշից կուշանա։
— Դեհ, տղերք, մի քիչ արագ քայլեցեք, այնպես եք շարժվում, որ կարծես ոջիլ լինեք,— ասաց նա։
Ի պատասխան այդ խոսքի Վոդիչկան ուղեկցորդին ասաց, թե թող նա բերանը շատ էլ շաղ չտա. դեռ թող շնորհակալ լինի, որ չեխ է, թե չէ եթե մաջար լիներ՝ Վոդիչկան նրան կտոր-կտոր կաներ։
Քանի որ զինվորական գրագիրները գրասենյակից գնացել էին ճաշի, ուղեկցորդն ստիպված եղավ Շվեյկին ու Վոդիչկային առայժմ հետ տանել դիվիզիական դատարանին կից կալանաշենքը, նզովելով զինվորական գրագիրների ատելի ցեղը։
― Ընկերներս նորից սուպիս ամբողջ ճարպը կքաշեն,— ողբում էր նա ողբերգականորեն,— իսկ մսից միայն ջլերը կթողնեն։ Հենց երեկ երկուսին ուղեկցում էի ճամբար, իսկ ինչ-որ մեկը լափել էր օրապահիկիս կեսը, որ ստացել էին ինձ համար։
— Դուք այստեղ, դիվիզիական դատարանում, լափելուց բացի ոչնչի մասին չեք մտածում,— ասաց արդեն բոլորովին սրտապնդված Վոդիչկան։
Երբ Շվեյկն ու Վոդիչկան հոժարականին պատմեցին, թե իրենց գործն ինչով է վերջացել, նա բացականչեց.
— Ուրեմն, ասել կուզե, երթային վաշտ պիտի գնաք, բարեկամնե՛ր։ «Հաջողակ քամի»,— ինչպես գրում են չեխ տուրիստների ժուռնալում։ Էքսկուրսիայի նախապատրաստությունն արդեն ավարտվում է։ Մեր հեռատես փառապանծ գլխապետությունն ամեն ինչի մասին հոգացել է։ Իսկ դուք, որ ցուցակագրվել եք որպես դեպի Գալիցիա կատարվելիք էքսկուրսիայի մասնակիցներ, ճանապարհ ընկեք ուրախ տրամադրությամբ և թեթև սրտով։ Ձեր սրտում խորին սեր տածեցեք այն երկրի նկատմամբ, որտեղ ձեզ կծանոթացնեն խրամատների հետ։ Գեղեցի՜կ և չափազանց հետաքրքիր վայրեր։ Հեռավոր օտար աշխարհում դուք ձեզ կզգաք ինչպես ձեր տանը, ձեր հայրենի երկրում, գրեթե ինչպես հայրական օջախի մոտ։ Վսեմ զգացմունքներով մեկնեցեք այն վայրերը, որոնց մասին դեռևս ծեր Հումբոլտն ասել է․ «Ամբողջ աշխարհում ես չեմ տեսել ավելի փառահեղ բան, քան այդ տխմար Գալիցիան»։ Այն հարուստ և արժեքավոր փորձը, որ առաջին արշավանքի օրերին Գալիցիայից նահանջելիս ձեռք է բերել մեր հաղթական բանակը, անկասկած ուղեցույց աստղի դեր կկատարի երկրորդ արշավանքի ծրագիրը կազմելիս։ Միայն հառա՛ջ, ուղիղ դեպի Ռուսաստա՛ն, և ուրախությունից բոլոր փամփուշտները կրակեցեք օդի մեջ։