Ճաշից հետո, Շվեյկի և Վոդիչկայի գնալուց առաջ, գրասենյակում նրանց մոտեցավ ոջիլների մասին ոտանավոր հորինած տարաբախտ ուսուցիչը, և, նրանց մի կողմ քաշելով, խորհրդավոր կերպով ասաց.
— Չմոռանաք, որ երբ ռուսական կողմում լինեք՝ անմիջապես․․․ ռուսներին ասեք. «Բարև ձեզ, ռուս եղբայրներ, մենք չեխ եղբայրներ, մենք ոչ ավստրիացի»։
Բարաքից դուրս գալիս ցանկանալով դեմոնստրատիվ կերպով արտահայտել իր ատելությունը մաջարների նկատմամբ և ցույց տալ, որ բանտարկությունը չի կարողացել սասանել իր համոզմունքները։ Վոդիչկան կոխեց այն մաջարի ոտքը, որ սկզբունքով մերժում էր զինվորական ծառայությունը, և գոռաց նրա վրա.
— Կոշիկներդ հագիր, սրիկա՛։
— Ափսոս, որ նա ոչինչ չպատասխանեց,— գժգոհությամբ ասաց սակրավոր Վոդիչկան Շվեյկին։— Իզուր չպատասխանեց։ Թե չէ ես նրա մաջարական ռեխը կպատռեի մի ականջից մինչև մյուսը։ Իսկ նա, այդ դդումը, լռում է և թույլ տալիս, որ ոտը, կոխեն։ Գրո՛ղը տանի, Շվեյկ, հերսս գալիս է, որ ինձ չդատապարտեցին։ Այնպես է դուրս գալիս, որ մեզ վրա մի տեսակ ծիծաղում են, թե մաջարների հետ մեր կռվելը գրոշի արժեք չունի։ Այնինչ առյուծի պես էինք կռվում։ Մեղավորը դու ես, որ մեզ չդատապարտեցին, այնպիսի վկայական տվին, թե մենք կարգին կռիվ անել էլ չգիտենք։ Նրանք մեզ ո՞ւմ տեղն են դրել։ Ինչ կուզես ասա, դա միանգամայն կարգին ընդհարում էր։
— Սիրելի՛ս,— ասաց Շվեյկը բարեհոգաբար,— ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե դու ինչու ուրախ չես, որ դիվիզիական դատարանը պաշտոնապես մեզ միանգամայն կարգին մարդիկ համարեց, որոնց դեմ նա ոչինչ չունի։ «Ճիշտ է, ես հարցաքննության ժամանակ ամեն կերպ դուրս էի պրծնում, բայց չէ՞ որ հենց այդպես էլ պետք է»,— շարունակ ասում էր փաստաբան Բասսը իր կլիենտներին։ Երբ աուդիտորն ինձ հարցրեց, թե մենք ինչո՞ւ էինք խուժել պարոն Կակոնի բնակարանը, ես նրան պատասխանեցի. «Ես կարծում էի, թե մենք պարոն Կակոնի հետ ավելի մոտիկից կծանոթանանք, եթե նրան հյուր գնանք»։ Դրանից հետո աուդիտորն ինձ այլևս ոչ մի բան չհարցրեց, դա նրան միանգամայն բավական էր։ Մեկընդմիշտ հիշիր,— շարունակեց Շվեյկն իր դատողությունները,— ռազմական դատարանի առաջ չի կարելի խոստովանել։ Կայազորի բանտում նստածս ժամանակ մի զինվոր խոստովանեց, իսկ այդ բանն իմանալուց հետո մյուս կալանավորները նրան մի լավ ջարդեցին ու ստիպեցին, որ իր խոստովանությունից հրաժարվի։
— Եթե ես մի անպատիվ բան արած լինեի, ոչ մի դեպքում չէի խոստովանի,— ասաց սակրավոր Վոդիչկան։— Իսկ եթե այդ տիպ աուդիտորն ինձ ուղղակի հարցնում է. «Կռվե՞լ եք»,— ապա ես նրան պատասխանում եմ. «Ճիշտ այդպես, պարոն աուդիտոր»։ «Այդ ժամանակ որևէ մեկին վիրավորե՞լ եք»։— «Իհարկե, պարոն աուդիտոր»։ Թող իմանա ո՜ւմ հետ է խոսում։ Ի՜նչ խայտառակություն, որ մեզ ազատեցին։ Ուրեմն, դուրս է գալիս, նա չհավատաց, որ ես գոտիս բզիկ-բզիկ արի այդ մաջար գյադաների վրա, որ նրանց լապշա դարձրի, նրանց վրա ուռուցքներ ու կապտուկներ թողի։ Դու այդ ժամանակ հո այնտեղ էիր և հիշում ես, որ երեք մաջար գյադաներ միանգամից ընկան վրաս, իսկ մի րոպե չանցած նրանք գետին էին ընկած և ես նրանց ոտքերովս կոխկռտում էի։ Եվ այդ բոլորից հետո մի ինչ-որ փսլնքոտ աուդիտոր հետաքննությունը կարճում է։ Դա նույնն է, որ նա ինձ ասեր. «Ամեն մի փսլնքոտ փորձում է կռիվ անել»։ Հենց որ պատերազմը վերջանա և քաղաքացի դառնամ, ես այդ փալասին կգտնեմ ու ցույց կտամ, թե ինչպես եմ կռիվ անում։ Հետո կգամ այստեղ, Կիրալուհիդա, և այնպիսի տուրուդմփոց կսարքեմ, որ աշխարհը չի տեսել. մարդիկ կթաքնվեն նկուղներում, հենց որ լսեն, որ եկել եմ Կիրալուհիդայի ավարաների, այդ բոսյակների, այդ սրիկաների հետ հաշիվ տեսնելու։
Գրասենյակում գործը ձեռաց վերջացրին։ Ֆելդֆեբելը, դեռևս ճաշից յուղոտված շրթունքներով, թղթերը հանձնելով Շվեյկին ու Վոդիչկային և այդ միջոցին չտեսնված լուրջ տեսք ընդունելով, չհապաղեց նրանց առաջ մի ճառ ասել, որով դիմում էր նրանց ռազմական ոգուն։ Նա, որ սիլեզիացի լեհ էր, իր ճառը համեմեց իրենց բարբառի գոհարներով, ինչպես, օրինակ. «Marekvium», «glupi rolmopsie», «krajcová sedmina», «sviňa porýpaňa», և «dum vám băne na mjesjnückovy vasi gzichty»[94]։
Յուրաքանչյուրին ուղարկեցին իր զորամասը։ Հրաժեշտ տալով Վոդիչկային, Շվեյկն ասաց․
— Հենց որ պատերազմը վերջանա, ինձ տեսության եկ։ Իրիկվա ժամը վեցից հետո ինձ միշտ կգտնես Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկում։
— Իհարկե, կգամ,— պատասխանեց Վոդիչկան։— Այնտեղ սկանդալ-մսկանդալ կլինի՞։
— Այնտեղ ամեն օր մի որևէ բան լինում է,— խոստացավ Շվեյկը։— Իսկ եթե շատ խաղաղ լինի, ինքներս մի բան կսարքենք։
Բարեկամները բաժանվեցին, և, երբ արդեն իրարից բավական հեռացել էին, ձերունի սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետևից գոռաց.
— Ուրեմն հոգ տար, որ գալուս ժամանակ որևէ զվարճալի բան լինի։