Выбрать главу

― Բավական է հոգիս հանես քո լկտի օյիններով,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։— Ասացեք, ավագ գրագիր, երբևէ տեսե՞լ եք ավելի լկտի զինվոր, քան այս դմբոն, ճաշը լափել է, և դեռ ուզում է, որ իրեն կրկնակի բաժին տան։ Այդ ճաշը դու չես մոռանա։ Ավագ գրագիր,― դիմեց նա Վանեկին,— տար սրան կապրալ Վեյդենհոֆերի մոտ, թող գուլյաշ բաժանելու ժամանակ այս սրիկային երկու ժամով ամուր կապի բակում, խոհանոցի մոտ։ Թող բարձր կապի, այնպես որ նա կանգնած լինի ոտքերի մատների վրա և վերևից տեսնի, թե կաթսայի մեջ գուլյաշն ինչպես է եփ գալիս։ Եվ այնպես արեք, որ այս անզգամը գուլյաշը բաժանելիս կապված լինի, որպեսզի բերանի թուքը գնա, ինչպես երշիկի խանութի մոտ պտիտ-պտիտ անող սոված շան բերանի թուքը։ Խոհարարին ասացեք, որ սրա բաժինը ուրիշի տա։

— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Գնա՛նք, Բալոուն։

Երբ նրանք արդեն դուրս էին գալիս, պորուչիկը նրանց կանգնեցրեց դռան առաջ և, ուղիղ նայելով Բալոունի սարսափահար դեմքին, հաղթականորեն ասաց.

— Հ՛ը, նպատակիդ հասա՞ր։ Բարի ախորժակ։ Իսկ եթե մեկ էլ այդպիսի օյին խաղաս գլխիս, ես առանց մի այլևայլության քեզ ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեցնեմ։

Երբ Վանեկը վերադարձավ ու հայտարարեց, թե Բալոունն արդեն կապված է, պորուչիկ Լուկաշն ասաց.

— Դուք ինձ ճանաչում եք, Վանեկ, ես չեմ սիրում այդպիսի բաներ անել, բայց այլ կերպ վարվել չեմ կարող։ Նախ, դուք գիտեք, որ երբ շան ոսկորը խլում են՝ գռմռում է։ Ես չեմ ուզում, որ մոտս սրիկա ապրի։ Երկրորդ, այն հանգամանքը, որ Բալոունը կապված է, բարոյական և հոգեբանական մեծ նշանակություն ունի ամբողջ զորամասի համար։ Վերջերս տղերքը հենց որ երթային գումարտակ են ընկնում և իմանում, որ վաղը կամ մյուս օրը նրանց ուղարկելու են խրամատները, ինչ խելքներին փչում՝ անում են։— Պորուչիկը տանջված մարդու տեսքով ցածրաձայն շարունակեց.— նախանցյալ օրը գիշերային զորաշարժերի ժամանակ մենք պետք է գործեինք շաքարի գործարանի հետևում գտնվող հոժարականների զորամասի դեմ։ Առաջին դասակը, ավանգարդը, խճուղու վրա քիչ թե շատ լռություն էր պահպանում, որովհետև ես ինքս էի նրան վարում, իսկ երկրորդը, որ դեպի ձախ պիտի գնար և շաքարի գործարանի մոտ դետքեր նշանակեր, իրեն այնպես էր պահում, որ կարծես արտաքաղաքային զբոսանքից էր վերադառնում։ Երգում էին իրենց համար և ոտքերով այնպես դոփում, որ երևի ձայնը ճամբար էր հասնում։ Բացի դրանից, աջ թևում, անտառի մոտ տեղանքը շրջադիտելու էր գնում երրորդ դասակը։ Մեզնից հեռու էին ընդամենը տասը րոպեի ճանապարհի չափ, բայց այնուամենայնիվ, պարզ երևում էր, թե ինչպես այդ սրիկաները ծխում են,— ամենուրեք կրակի կետեր։ Իսկ չորրորդ դասակը, որ պետք է արերգարդ լիներ, սատանան գիտե, թե ինչպես հանկարծ հայտնվեց մեր ավանգարդի վերջում, այնպես որ նրան թշնամու տեղ դրին, և ես ստիպված եղա նահանջել իմ վրա հարձակվող սեփական արերգարդի առաջ։ Ահա թե ինչ վիճակի մեջ եմ ժառանգել տասնմեկերորդ երթային վաշտը։ Ես ի՞նչ կարող եմ դուրս բերել այդ անձնակազմից։ Նրանք իրենց ինչպե՞ս կպահեն իսկական մարտի ժամանակ։

Այդ ասելիս Լուկաշը աղոթողի պես ձեռքերը ծալեց և նահատակի դեմք ընդունեց, իսկ նրա քիթը երկարեց։

— Դրա վրա, պարոն պորուչիկ, ուշադրություն մի դարձնեք,— ջանում էր նրան հանգստացնել ավագ գրագիր Վանեկը,— ուշադրություն մի՛ դարձնեք։ Ես եղել եմ արդեն երեք երթային վաշտերում, ու դրանցից յուրաքանչյուրին ամբողջ գումարտակի հետ ջարդել են, իսկ մեզ ուղարկել են վերակազմավորվելու։ Այդ բոլոր երթային վաշտերն իրար նման էին, և նրանցից ոչ մեկը, պարոն օբեր-լեյտենանտ, ձեր վաշտից մազաչափ լավ չէր։ Ամենից վատը իններորդն էր, որն իր հետ դեպի գերություն տարավ բոլոր ենթասպաներին և վաշտի հրամանատարին։ Ինձ միայն այն փրկեց, որ գնացել էի գնդի գումակից ռոմ ու գինի բերելու և նրանք այդ բանն արել էին իմ բացակայությամբ։ Իսկ արդյոք գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ, որ վերջին գիշերային զորաշարժերի ժամանակ, որոնց մասին բարեհաճեցիք պատմել, հոժարականների վարժական անձնակազմը, որը պետք է շրջանցեր մեր վաշտը, ճանապարհը կորցրել և հասել է Նեյզիգլերյան լճին։ Իրենց համար երթաքայլում են մինչև առավոտ, իսկ հետախույզներն ուղղակի խրվում են ճահիճը։ Իսկ այդ վաշտն առաջնորդում էր ինքը պարոն կապիտան Սագները։ Նրանք թերևս մինչև Շոպրոն էլ կհասնեին, եթե չլուսանար,— խիստ կոնֆիդենցիալ տոնով շարունակեց ավագ գրագիրը, որը մի առանձին բավականությամբ էր խոսում այդպիսի դեպքերի մասին, որոնցից, ոչ մեկը նրա ուշադրությունից չէր վրիպում։— Արդյոք գիտե՞ք, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց նա, մտերմավարի աչքով անելով Լուկաշին,— որ պարոն կապիտան Սագները պետք է նշանակվի մեր երթային գումարտակի հրամանատար։ Շտաբի ֆելդֆեբել Հեգների ասելով, սկզբում կարծում էին, թե հրամանատար կնշանակվեք դուք, որպես մեր սպաներից, ամենաավագը, իսկ հետո իբր դիվիզիայից բրիգադին հրաման է եկել կապիտան Սագների նշանակման մասին…