Выбрать главу

Պորուչիկ Լուկաշը շրթունքը կծեց և վառեց սիգարետը։

Այդ ամենը նա արդեն գիտեր և համոզված էր, որ իր հետ անարդար են վարվում։ Աստիճան ստանալու գործում կապիտան Սագներն արդեն երկու անգամ նրանից առաջ էր ընկել։ Սակայն Լուկաշը ասաց միայն.

— Բանը կապիտան Սագները չէ…

— Դա այնքան էլ իմ սրտովը չէ,— մտերմաբար ասաց ավագ գրագիրը։— Ֆելդֆեբել Հեգներն ինձ պատմում էր, որ պատերազմի սկզբում պարոն կապիտան Սագների խելքին փչել է Չերնոգորիայի ինչ-որ տեղում աչքի ընկնել, և նա իր գումարտակի վաշտերն իրար հետևից, գնդացիրների կրակի տակ, քշել է դեպի սերբերի դիրքերը, թեև դա բոլորովին անհուսալի գործ էր և այնտեղ հետևակը առհասարակ ոչինչ չէր կարող անել, քանի որ սերբերին այն ժայռերի միջից կարող էր դուրս մղել միայն հրետանին։ Ամբողջ գումարտակից միայն ութսուն մարդ է մնացել, կապիտան Սագներն ինքը վիրավորվել է թևից, իսկ հետո հիվանդանոցում էլ վարակվել է դիզենտերիայով և միայն դրանից հետո Բուդեյովիցիում հայտնվել մեր գնդում։ Իսկ երեկ իբր թե սպայական ժողովարանում ասել է, թե երազում է ռազմաճակատ ընկնել, թե պատրաստ է այնտեղ կորցնելու ամբողջ երթային գումարտակը, միայն թե կարողանա իրեն ցույց տալ և signum laudis[96] ստանալ։ Սերբիական ճակատի իր գործունեության համար նա ոչինչ չստացավ, իսկ հիմա կա՛մ ամբողջ երթային գումարտակի հետ գլուխը վայր կդնի, կա՛մ փոխգնդապետի աստիճան կստանա, թեև երթային գումարտակի բանը վատ կլինի։ Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ այդ ռիսկը մեզ էլ է վերաբերվում։ Նորերս ֆելդֆեբել Հեգներն ասում էր, թե դուք կապիտան Սագների հետ բոլորովին հաշտ չեք և թե նա առաջին հերթին կռվի կուղարկի մեր տասնմեկերորդ վաշտը, գցելով ամենավտանգավոր տեղերը։

Ավագ գրագիրը հառաչեց։

— Ինձ թվում է, որ այնպիսի մի պատերազմում, ինչպիսին սա է, երբ այդքան զորքեր կան և ռազմաճակատի գիծն այդքան ձգված է, ավելի շուտ հաջողության կարելի է հասնել լավ մանևրումով, քան հուսահատական գրոհներով։ Ես դա նկատել եմ Դուկլայի մոտ, երբ գտնվում էի տասերորդ երթային վաշտում։ Այն ժամանակ ամեն ինչ հաջող անցավ, հրաման տրվեց «nicht schiessen!»[97], և մենք չէինք կրակում, այլ սպասում էինք, որ ռուսները մոտենան մեզ։ Մենք կարող էինք առանց մի կրակոցի նրանց գերի վերցնել, միայն թե այն ժամանակ մեր ձախ թևում կանգնած էին ապուշ աշխարհազորայինները, որոնք ռուսներից այնպես վախեցան, որ սկսեցին ձյան վրայով սարն ի վար սողալ, ինչպես սահարանում։ Մի հրաման ստացանք, որի մեջ ասված էր, թե ռուսները ձախ թևը ճեղքել են և թե պետք է նահանջենք դեպի բրիգադի շտաբը։ Այդ պահին ես գտնվում էի բրիգադի շտաբում, ուր ստորագրելու էի տարել վաշտի պարենագիրքը, քանի որ մեր գնդի գումակը գտնել չէի կարողացել։ Այդ ժամանակ, վազելով, սկսեցին մեկ-մեկ բրիգադի շտաբ հասնել տասնմեկերորդ վաշտի տղաները։ Մինչև երեկո նրանց թիվը հարյուր քսանի հասավ, իսկ մնացածները, ինչպես ասում էին, նահանջի ժամանակ մոլորվել էին և ձյան վրայով, ինչպես սահաբլուրից, սահել ուղիղ դեպի ռուսները։ Համա՜ թե վախեցանք այնտեղ, պարոն օբեր-լեյտենանտ։ Ռուսները Կարպատներում դիրքեր ունեին և՛ ներքևում, և՛ վերևում։ Իսկ հետո, պարոն օբեր-լեյտենանտ, կապիտան Սագները…

— Հանգիստ թողեք ինձ ձեր կապիտան Սագներով,— ասաց պորուչիկ Լուկաշը։— Ես ինքս այդ բոլորը շատ լավ գիտեմ։ Եվ, խնդրեմ, չկարծեք, որ երբ կռիվը սկսվի՝ դուք նորից պատահմամբ որևէ տեղ գումակում կգտնվեք և ռոմ ու գինի կստանաք։ Ինձ նախազգուշացրել են, որ դուք օղի եք խմում։ Ձեր կարմիր քիթը տեսնողն իսկույն կիմանա, թե ում հետ գործ ունի։

— Դրա պատճառը Կարպատներն են, պարոն օրեր-լեյտենանտ։ Այնտեղ ակամա ստիպված էինք խմել։ Ճաշը սառած էին բերում, սառը խրամատներում ձյուն էր, կրակ վառել չէր կարելի, և մեզ միայն ռոմն էր պահում։ Եվ եթե ես չլինեի, մեզ էլ նույնը կպատահեր, ինչ մյուս երթային վաշտերին, որտեղ ռոմ չկար և մարդիկ սառչում էին։ Սակայն ռոմից մեր բոլորի քթերը կարմրում էին և դա ուներ իր անախորժ կողմը, քանի որ գումարտակից հրաման եկավ հետախուզության ուղարկել այն զինվորներին, որոնց քթերը կարմիր են։

— Հիմա ձմեռն արդեն անցել է,— բազմանշանակ ասաց պորուչիկը։

— Ռոմը, ինչպես և գինին, պարոն օբեր-լեյտենանտ, ռազմաճակատում անփոխարինելի են տարվա բոլոր եղանակներին։ Կես կաթսայիկ գինու և քառորդ լիտր ռոմի համար զինվորն ինքը կգնա կռվելու ում դեմ ուզենաք։ Այդ ո՞ր անասունն է նորից դուռը ծեծում, մի՞թե չի կարող կարդալ, որ վրան գրված է. «Nicht klopfen!»[98]

— Herein![99]

Պորուչիկ Լուկաշը բազկաթոռի վրա շրջվեց ու տեսավ, թե ինչպես դուռը դանդաղ և սուսուփուս բացվում է։ Եվ այդպես էլ սուսուփուս տասնմեկերրոդ վաշտի գրասենյակ մտավ քաջարի զինվոր Շվեյկը, պատիվ տալով դեռևս դռան շեմին։ Հավանաբար, նա ձեռքը հովարին էր տարել դեռևս այն ժամանակ, երբ դուռը ծեծել էր, դիտելով «Nicht klopfen!» մակագիրը։

Շվեյկը ձեռքը պահել էր հովարին կցած, և դա շատ էր սազում նրա միանգամայն գոհ ու անհոգ դեմքին։ Նա այնպիսի տեսք ուներ, որպիսին կունենար հունական գողության աստվածը ավստրիական հետևակայինի համեստ համազգեստի մեջ։