Выбрать главу

Պորուչիկ Լուկաշը մի պահ ակամա աչքերը կկոցեց քաջարի զինվոր Շվեյկի փաղաքշական հայացքի ներքո։ Հավանաբար այդպիսի հայացքով է նայել կորած ու վերստին գտնված անառակ որդին իր հորը, երբ վերջինս ի պատիվ նրա շամփուրի վրա ոչխար է խորովելիս եղել։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նորից այստեղ եմ,— ասաց Շվեյկն այնպիսի անկեղծ անբռնազբոսությամբ, որ պորուչիկ Լուկաշը ձեռաց ուշքի եկավ։

Այն պահից ի վեր, երբ գնդապետ Շրեդերը հայտնել էր, թե Շվեյկին նորից կապելու է նրա վզին, պորուչիկ Լակաշն ամեն օր մտովին հետաձգում էր հանդիպման պահը։

Ամեն առավոտ պորուչիկը մտածում էր. «Այսօր չի երևա։ Երևի նորից մի օյին է խաղացել, և նրան դեռ էլի կպահեն այնտեղ»։

Բայց Շվեյկն այդ բոլոր հաշիվներն ի դերև դարձրեց իր պարզ ու անուշիկ հայտնությամբ։

Սկզբում նա մի հայացք նետեց ավագ գրագիր Վանեկի վրա, և, դուրեկան ժպիտով դիմելով նրան, հանձնեց շինելի գրպանից հանած թղթերը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ավագ գրագիր, գնդի գրասենյակում ինձ տված այս թղթերը ես պետք է ձեզ հանձնեմ։ Դա իմ ռոճիկի և ինձ օրապահիկ տալու մասին է։

Շվեյկը տասնմեկերորդ վաշտի գրասենյակում իրեն այնպես ազատ ու համարձակ էր պահում, որ կարծես Վանեկի հետ շատ մտերմական հարաբերությունների մեջ էր։ Ի պատասխան դրա, ավագ գրագիրը միայն ասաց. «Դրեք սեղանի վրա»։

— Բարի եղեք, ավագ գրագիր, ինձ Շվեյկի հետ մենակ թողնել,— ասաց պորուչիկ Լուկաշը հառաչելով։

Վանեկը հեռացավ և դռան հետևում կանգնած սկսեց ակաջ դնել, թե նրանք ինչ են խոսելու։

Սկզբում նա ոչինչ չլսեց։ Շվեյկն ու պորուչիկ Լուկաշը լուռ էին և երկար իրար էին նայում։ Լուկաշը Շվեյկին այնպես էր նայում, որ կարծես ուզում էր նրան հիպնոսացնել, ինչպես այն աքաղաղը, որ կանգնած է հավի առաջ և պատրաստվում է թռչել նրա վրա։

Շվեյկն, ինչպես միշտ, իր ջերմ, քնքշալի հայացքով նայում էր պորուչիկին, կարծես ցանկանալով նրան ասել. «Նորից մենք միասին ենք, հոգյա՛կս։ հիմա այլևս ոչ մի բան չի կարող մեզ իրարից բաժանել, աղավնյա՛կս»։ Եվ քանի որ պորուչիկը երկար ժամանակ չէր խզում լռությունը, Շվեյկի աչքերը թախծալից քնքշանքով նրան ասում էին․ «Դե՛, մի բան ասա, հոգիս, գոնե մի բառ ասա»։

Պորուչիկ Լուկաշն այդ տանջալից լռությունը խզեց հետևյալ խոսքերով, ջանալով դրանց մեջ դնել հեգնանքի մի զգալի բաժին.

— Բարի գալուստ, Շվեյկ։ Շնորհակալ եմ ձեր այցելության համար։ Վերջապես դուք այստեղ եք, փափագելի՛ հյուր։

Բայց նա չկարողացավ իրեն զսպել, և վերջին օրերին կուտակված ամբողջ բարկությունը դուրս թափվեց բռունցքի մի սոսկալի հարվածով, որ իջավ սեղանին։ Թանաքամանը տեղից վեր ցատկեց ու թանաքոտեց ռոճկացուցակը։ Միաժամանակ թանաքամանի հետ միասին տեղից վեր ցատկեց պորուչիկ Լուկաշը և, ընդհուպ մոտենալով Շվեյկին, ծղրտաց.

— Անասո՛ւն։

Նա սկսեց նեղլիկ գրասենյակում դես ու դեն նետվել և ամեն անգամ Շվեյկին մոտենալիս թքել։

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, մինչ պորուչիկ Լուկաշը շարունակում էր վազվզել գրասենյակում և գազազած դեպի անկյունն էր նետում այն ճմրթված թղթերը, որոնք վերցնելու համար ամեն անգամ մոտենում էր գրասեղանին,— ես նամակը հանձնեցի ամենայն ճշտակատարությամբ։ Բարեբախտաբար, ես տանը չգտա իրեն՝ պանի Կակոնին, և կարող եմ ասել, որ նա հույժ գեղեցիկ կին է, թեև նրան տեսա միայն լաց լինելիս…

Պորուչիկ Լուկաշը նստեց զինվորական գրագրի մահճակի վրա և խռպոտ ձայնով գոռաց.

— Երբ պիտի դրան վերջ լինի։

Ձևացնելով, թե նրա ասածը լավ չի լսել, Շվեյկը պատասխանեց.

— Հետո այնտեղ ինձ մի փոքրիկ անախորժություն պատահեց,― բայց ես ամեն ինչ իմ վրա առա։ Ճիշտ է, ինձ չէին հավատում, թե ես այդ պանիի հետ նամակագրություն ունեմ, բայց, այնուամենայնվ, հետքը կորցնելու համար, հարցաքննության ժամանակ նամակը կուլ տվի։ Հետո կատարյալ պատահականության բերումով,— դա այլ կերպ չի կարելի բացատրել, խառնվեցի մի փոքրիկ տուրուդմփոցի, բայց բարեհաջող դուրս պրծա։ Իմ անմեղությունն ընդունեցին, հետաքննությունը դադարեցրին։ Գնդի գրասենյակում ես միայն մի քանի րոպե սպասեցի, մինչև որ եկավ գնդապետը, որը ինձ մի թեթև հայհոյեց ու ասաց, պարոն օբեր-լեյտենանտ, թե անհապաղ պետք է ներկայանամ ձեզ և զեկուցեմ, որ ստանձնում եմ հանձնակատարի պարտականությունը։ Բացի դրանից, պարոն գնդապետն ինձ հրամայեց ձեզ հայտնել, որ դուք անհապաղ իր մոտ գնաք երթային վաշտի գործերով։ Այդ պահից ավելի քան կես ժամ անցել է։ Բայց չէ՞ որ պարոն գնդապետը չգիտեր, որ ինձ քարշ կտան նաև գնդի գրասենյակ և որ ես այնտեղ կնստեմ տասնհինգ րոպե, գուցե և ավելի։ Իսկ ես այնտեղ նստել էի այն պատճառով, որ ինձ չէին վճարել այդ ամբողջ ժամանակվա ռոճիկս, որը պետք է տային ոչ թե վաշտում, այլ գնդում, քաճի որ համարվում էի գնդային կալանավոր։ Այնտեղ ամեն ինչ այնպես էին իրար խառնել ու խառնշտորել, որ պարզապես մարդ կարող է խելագարվել։

Լսելով, որ դեռևս կես ժամ առաջ պարտավոր էր գնդապետի մոտ լինել, պորուչիկն սկսեց արագ հանգնվել։