Выбрать главу

— Նորից ինձ լավությո՜ւն արիք, Շվեյկ,— ասաց նա այնպիսի վհատալից ձայնով, որ Շվեյկը փորձեց բարեկամական խոսքով նրան հանգստացնել և հետևից ձայն տվեց.

— Ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ, գնդապետը կսպասի, մեկ է՝ նա անելու բան չունի։

Պորուչիկ Լուկաշը ռումբի պես առաջ էր սլանում։

Պորուչիկի գնալուց մի րոպե հետո գրասենյակ մտավ ավագ գրագիր Վանեկը։

Շվեյկը նստած էր աթոռի վրա և թիթեղե փոքրիկ փեչի մեջ քարածուխ էր լցնում։ Փեչը ծխում և գարշ հոտ էր արձակում, իսկ Շվեյկը շարունակում էր իր զբաղմունքը, ուշադրություն չդարձնելով Վանեկի վրա, որը կանգ առավ և մի քանի րոպե դիտեց նրան, բայց, ի վերջո, չկարողացավ իրեն զսպել, ոտքով չրխկացնելով փակեց փեչի դռնակը և Շվեյկին ասաց, որ այդտեղից դուրս կորչի․

— Պարոն ավագ գրագիր,— արժանապատվորեն ասաց Շվեյկը,— թույլ տվեք ձեզ հայտնել, որ, որքան էլ ցանկանամ, չեմ կարող կատարել այստեղից և առհասարակ ճամբարից դուրս կորչելու ձեր հրամանը, քանի որ ես ենթարկվում եմ բարձրագույն ինստանցիայի հրամանին։ Չէ՞ որ ես այստեղ հանձնակատար եմ,— հպարտորեն ավելացրեց Շվեյկը։— Պարոն գնդապետ Շրեդերը ինձ գործուղել է տասնմեկերորդ վաշտ, պարոն օբեր-լեյտենանտի տրամադրության տակ, որի մոտ ես առաջ սպասյակ էի, բայց իմ բնատուր ինտելիգենտության շնորհիվ արժանացա աստիճանի բարձրացման և հանձնակատար դարձա։ Ես ու պարոն օբեր-լեյտենանտը արդեն հին ծանոթներ ենք։ Իսկ դուք խաղաղ ժամանակ ի՞նչ գործ էիք անում, պարոն ավագ գրագիր։

Գնդի գրագիր Վանեկն այնպես թևաթափ եղավ քաջարի զինվոր Շվեյկի տնավարի, անպատշաճորեն մտերմական տոնից, որ, մոռանալով իր աստիճանը, որով սիրում էր իր վաշտի զինվորների առաջ փայլել, պատասխանեց այնպես, որ կարծես Շվեյկի ստորադրյալը լիներ։

— Ես Կրալուպիում դեղագործական խանութ ունեմ։ Ազգանունս է Վանեկ։

— Ես էլ էի դեղագործություն սովորում,— պատասխանեց Շվեյկը,— Պրագայի Պետրշինա թաղում ապրող պան Կոկոշկայի մոտ։ Նա չափազանց տարօրինակ մարդ էր, և երբ ես մի անգամ սխալմամբ վառեցի բենզինի տակառը և նրա տունը այրվեց, նա ինձ վռնդեց և այլևս ոչ մի տեղ ինձ աշխատանքի չէին ընդունում, այնպես որ այդ տխմար բենզինի տակառի պատճառով ինձ չհաջողվեց ուսումս ավարտել։ Իսկ դուք երբևէ կովերի բուժիչ խոտեր պատրաստե՞լ եք։

Վանեկը բացասաբար շարժեց գլուխը։

— Մենք կովերի բուժիչ խոտերը պատրաստում էինք օծված սրբապատկերներ պատրաստելու հետ միասին։ Մեր դեղատնատեր Կոկոշկան բացառիկ բարեպաշտ մարդ էր և մի տեղ կարդացել էր, թե սուրբ Ուխտագնացը անասուններին բուժել է փորափքությունից։ Եվ ահա, նրա պատվերով Սմիխովում տպեցին սուրբ Ուխտագնացի պատկերները, որոնք նա տարավ Էմաուսի վանքը, որտեղ երկու հարյուր ոսկով օծեցին, որից հետո մենք այդ պատկերները, կովերի համար պատրաստած մեր բուժիչ խոտերի հետ, դնում էինք ծրարների մեջ։ Այդ բուժիչ խոտերը տաք ջրի մեջ լավ բացում, լցնում էին տաշտի մեջ ու կովին խմել տալիս։ Ընդ որում անասունի գլխին կարդում էին սուրբ Ուխտագնացին ուղղված մի փոքրիկ աղոթք, որ հորինել էր մեր գործակատար Տաուհենը, իսկ դա այսպես էր եղել։ Երբ սուրբ Ուխտագնացի այդ պատկերները պատրաստ էին, անհրաժեշտ էր դրանց մյուս երեսին որևէ աղոթք տպագրել։ Եվ ահա երեկոյան մեր ծերուկ Կոկոշկան կանչեց Տաուհենին և նրան պատվիրեց մինչև առավոտ մեր սրբապատկերների ու բուժիչ խոտերի համար մի աղոթք հորինել, այն հաշվով, որ մյուս օրը ժամը տասին, երբ նա գա խանութ, աղոթքը պատրաստ լինի տպարան ուղարկելու, քանի որ կովերն արդեն վաղուց այդ աղոթքին են սպասում։ Երկուսից մեկը,— ասաց Կոկոշկան,— եթե լավ աղոթք հորինի, ապա ինքը նրան մի գուլդեն կպարգևի, իսկ եթե ոչ՝ երկու շաբաթից հետո նա վերջնահաշիվ կստանա։ Պան Տաուհենը ամբողջ գիշերը քրտինք թափեց, առավոտյան քունը գլխին եկավ խանութը բացելու, բայց դեռ ոչինչ չէր գրել։ Դեռ ավելին․ նույնիսկ մոռացել էր այդ բուժիչ խոտերի սրբի անունը։ Նրան փորձանքից ազատեց մեր խանութի ծառա, Ֆերդինանդը։ Սրա ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Երբ մենք ձեղնահարկում թեյի համար երիցուկ էինք չորացնում, նա, մեկ էլ տեսար, բոբկանում էր ու մտնում այդ երիցուկի մեջ։ Նա մեզ ասում էր, թե դրանից հետո ոտքերն այլևս չեն քրտնում։ Նա կարողանում էր ձեղնահարկում աղավնիներ որսալ, կարողանում էր բացել փողի գզրոցը և մեզ փող վաստակելու ուրիշ միջոցներ էլ էր սովորեցնում։ Եվ ես, լակոտ տեղովս, տանն այնպիսի դեղատուն ունեի,— դա խանութից թռցրել ու տարել էի տուն,— ինչպիսին չուներ նույնիսկ «Գթասիրտ մարդկանց մոտ» հիվանդանոցը։ Եվ ահա Տաուհենին փրկեց հենց այդ Ֆերդինանդը։ «Թողեք, ասում է, մի տեսնեմ»։ Պան Տաուհենը անմիջապես ինձ ուղարկեց նրա համար գարեջուր բերելու։ Դեռ գարեջուր չէի բերել, որ Ֆերդինանդը գործի կեսն արդեն արել էր, և մեզ համար կարդաց.

Ահա երկնքից մի ձայն է հնչում,

Եվ մարդիկ հանգիստ սրտով են շնչում։

Կոկոշկայի մոտ ձմեռ ու ամառ

Բի հրաշք խոտ կա տավարի համար։

Ապաքինում է նա բոլորովին

(Պտղունցը արժե մի գուլդեն միայն)

Ե՛վ հիվանդ հորթին, և՛ հիվանդ կովին՝

Առանց բժշկի միջամտության։

Իսկ հետո, երբ Ֆերդինանդը ուզածին պես գլուխը քաշեց ստամոքսի կաթիլներին խառնած սպիրտը, գործն արագ ընթացավ, և նա մի ակնթարթում հիանալի ավարտեց.